Յուլիսի 13-ին ՀՀ գործող իշխանութիւններն արգելեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական Կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան՝ նրան յայտարարելով «անցանկալի անձ»:
Ողջախոհութեան բոլոր սահմաններն անցած, ՀՀ ղեկին յայտնւած ազգադաւ վարչախմբի հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական այս քայլը կրկին անգամ գալիս է փաստելու, որ հակաախզգային այս իշխանութիւնների կողմից «անցանկալի անձ» կարող է ճանաչւել նա, ով համարւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամին, եւ իր ողջ գիտակցական կեանքը նւիրել է Հայ Դատի հանրահռչակած նպատակների իրագործմանը։ Նա, ով միջազգային ամենաբարձր ատեաններում բարձրաձայնել եւ բարձրաձայնում է Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրացման անհրաժեշտութեան մասին, ինչը յստակօրէն հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին։
Միեւնոյն ժամանակ, պէտք է արձանագրենք, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում Հայաստանում սանձազերծւած հակադաշնակցական պայքարի այս նոր փուլը բնաւ էլ պատահական չէ։ Այն համընկնում է ճիշտ այն պահին, երբ հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս կոչւած կարգաւորման խիստ մտահոգիչ գործընթացը թեւակոխում է վճռորոշ փուլ, իսկ հայոց պետականութեան մերօրեայ սպառնալիք հանդիսացող փաշինեանական իշխանութիւնները թշնամու թելադրանքով, ջանք չեն խնայում չէզոքացնելու այն կառոյցներին եւ անհատ գործիչներին, որոնք կարող են վիժեցնել ազգակործան այդ գործընթացը։
ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից հակադաշնակցական մոլուցքի սրեցման այս նոր փուլը՝ պահանջելով անյապաղ վերացնել Մուրադ Փափազեանի նկատմամբ կիրառւած արգելքը։
Վստահեցնում ենք, որ որեւէ ճնշում կամ բռնութիւն չի կարող կասեցնել յանուն Հայ Դատի, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի շահերի եւ իրաւունքների պաշտպանութեան մեր երթը, որի սկիզբը տրւել է դեռեւս 132 տարի առաջ։
ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէ
Թեհրան, 16 յուլիսի 2022թ