ՀՅ Դաշնակցութեան համար հայոց անկախ պետականութիւնը եղել եւ մնում է անսակարկելի արժէք
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 33-րդ տարեդարձը կարեւոր առիթ է արժեւորելու անկախ պետականութեան կայացումը, ինչպէս եւ անդրադառնալու մեր պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
Անկախ պետականութիւնը իւրաքանչիւր ազգի ինքնակազմակերպման բարձրագոյն ձեւն է եւ բաղձալի երազանքը: Այս նուաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետեւողական եւ յամառ պայքար:
Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրութեան առջեւ կանգնեց 1991 թ. եւ արցախեան գոյամարտի բւում կեանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարաւոր իղձը: Անցած երեք տասնամեակների ընթացքում, չնայած առկայ խնդիրներին եւ բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրուեց հայոց նոր պետականութիւնների կայացման ասպարէզում, ձեւաւորուեց ուժեղ եւ յուսալի բանակ, զարգանում էր երկրի տնտեսութիւնը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպէս յարգանքի արժանի պետութիւն: 30 տարուց աւելի Արցախի անկախ Հանրապետութիւնը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մշտապէս եւ իր ողջ կարողականութեամբ եղաւ հայոց երկու Հանրապետութիւնների զարգացման գործընթացի մասնակիցը:
Հայաստանի Հանրապետութեան այսօրուայ իշխանութեան ազգաւնաս գործունէութիւնը յանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդէն անմիջական սպառնալիքի ներքոյ են յայտնուել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը:
Աշխարհաքաղաքական ներկայ պայմաններում հայ ժողովրդից պահանջւում է բացառիկ համախմբում եւ ոգու արիութիւն պաշտպանելու եւ պահպանելու համար Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատուութիւնն ու ազգային արժէքների դերը:
Այս մարտահրաւէրների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանութեան ձեւաւորում, որի առաջնահերթ անելիքները պէտք է լինէն Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգային յուսալի համակարգերի ձեւաւորումը, պատմական բնօրրան՝ արցախահայութեան վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանութիւն, որը հայ ժողովրդի համար կապահովի իրական խաղաղութիւն եւ բարգաւաճում:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար հայոց անկախ պետականութեան գոյութիւնը եղել եւ մնում է անսակարկելի արժէք:
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհաւորելով անկախութեան տօնի առիթով մենք խոնարհւում ենք Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան համար նահատակուածների անմար յիշատակի առջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ինչպէս երէկ, նոյնպէս եւ այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ
Սըպտեմբեր 21, 2024