Մայիսի 19-ին տեղի ունեցած Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահի, արտգործնախարարի եւ այլ պաշտօնատար անձանց ողբերգական մահուան առիթով Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ պարոն Սեյյեդ Ալի Խամենէին ցաւակցական հեռագիր է յղել ՀՅԴ Բիւրոն:
Ցաւակցութեան խօսքում ափսոսանք է յայտնուել այս մեծ կորստի առիթով: Մասնաւորապէս նշուել է, որ նախագահ.«Պարոն Ռեիսին կարեւոր դեր է ունեցել Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների զարգացման գործում»։
ՀՅԴ Բիւրոն իր ցաւակցութիւնն է յայտնել. «Իրանի ղեկավարութեանը, ժողովրդին եւ կառավարութեանը, յատկապէս հանգուցեալների ընտանիքներին, այս ցաւալի կորստի համար» եւ մաղթել է նրանց աստծուածային համբերութիւն:
ՀՅԴ Բիւրօ
Մայիս 20, 2024թ
Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցաւը
ՀՅԴ ԳՄ-ն ցաւակցագիր է յղել
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւնն է յայտնում ուղղաթիռի կործանման հետեւանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռեյիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահեանի, Թաւրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլայ սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսաւիի եւ ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհուելու կապակցութեամբ։
Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցաւը՝ մեր անկեղծ վշտակցութիւնը փոխանցելով ԻԻՀ գերագոյն հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին, Իրանի բարեկամ ժողովրդին։ Համոզուած ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ նրա իմաստուն ժողովուրդը կը յաղթահարի անասելի ցաւը։
Յիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երէկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արեւելեան Ադրբեջան նահանգում, ինչի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղեւորները, այդ թւում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհուել են։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին