Կանադայ
Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանն էապէս նպաստելը մշտապէս եղել է ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորուել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։ Այս ուղղութեամբ ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթէ ամենօրեայ ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապէս ընդգծելով, որ Կանադան Մեծ եօթնեակի միակ պետութիւնն է, որ դիւանագիտական ներկայացուցչութիւն չունի Հայաստանում։
Յատկանշական է, որ կանադական կառավարութեան այս որոշմանն ամիսներ առաջ նախորդել էր Եւրոպական Միութիւնում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` յատուկ առաքելութեամբ այցը Հայաստան։ Կանադայում ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը, իսկ ՀՅԴ Բիւրոյի եւ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ, բազմիցս կարեւորել էին Կանադայի դիւանագիտական ներկայացուցչութեան հաստատումը Հայաստանում։ Յունիսի սկզբին դեսպան Դիոնը կանադական կառավարութեանն էր ներկայացրել Հայաստան իր այցի վերաբերեալ զեկոյցը՝ շեշտադրմամբ, թէ Կանադան ինչպիսի օգնութիւն կարող է ցուցաբերել Հայաստանին։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը, առանձին հաղորդագրութեամբ, յունիսի 4-ին ողջունել էր Դիոնի զեկոյցը։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը յունիսի սկզբին հրապարակեց իր հիմնական քաղաքական առաջնահերթութիւնների մի մասը, որոնք ներառում էին Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան կասեցումը, Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի վերականգնումը։ Արդէն յունիսի վերջին տասնօրեակում յայտնի դարձաւ, որ չնայած Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջոյ Բայդէնը կրկին հրաժարուել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառումից եւ ճանապարհ բացել Ալիեւի հակահայկական ու կոռումպացուած ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար։
Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնութեան ցուցաբերմանը «կանաչ լոյս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիեւին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկութիւնը, Արցախի դէմ մահաբեր յարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեան հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնութիւնը զրոյացնելու եւ 907-րդ բանաձեւի կատարումից հրաժարուելու նախագահական իրաւասութիւնը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդենի որոշման դէմ քննադատութեամբ հանդէս եկան ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ կոնգրէսական Ադամ Շիֆը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն չպէտք է օժանդակութիւն յատկացնի Ալիեւի կոռումպացուած ռեժիմին, եւ որ այդ օժանդակութիւնը հնարաւոր է, որ խախտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբըւ նաեւ աշխատանքներ է շարունակում ԱՄՆ 2023թ․ ֆիսկալ տարուայ համար Հայաստանին 100 մլն դոլար, իսկ Արցախին՝ 40 մլն դոլար ամերիկեան օժանդակութեան ապահովման ուղղութեամբ եւ դրա համար իրականացնում է Ամերիկայի հայ համայնքի մոբիլիզացիայ։
Եւրոպայ
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը յունիսին երկու անգամ հանդէս է եկել պաշտօնական հաղորդագրութիւններով: Նախ յունիսի 8-ին գրասենեակը ողջունել է Եւրոպական Խորհրդարանի կողմից Թուրքիայի մասով ամենամեայ առաջընթացի վերաբեեալ բանաձեւի ընդունումը, յատկապէս Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը վերաբերող հատուածը։ Այնուամենանիւ, ըստ գրասենեակի, խորհրդարանը պէտք է յստակօրէն քննադատէր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղեան հակամարտութիւնում, ինչպէս դա արել է իր անցեալ տարուայ զեկոյցում։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող երկխօսութեան գործընթացը գնահատելիս` Եւրոպական խորհրդարանը եւ առհասարակ ԵՄ-ն պէտք է յորդօրէն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնաւորապէս, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետ կապելուց եւ դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցաւօք, ցայժմ երկխօսութեան ժամանակ թուրքական մտադրութիւնները եղել են կամ իմիտացիայ, կամ նպատակադրուել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցեալին անկեղծօրէն առերեսուելու հետ։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախաձեռնութեամբ յունիսի 16-ին եւրոպական 91 կազմակերպութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում Եւրոպական Միութեան անդամ երկրներում, նամակ են յղել Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ յայտնելով իրենց խոր դժգոհութիւնը նրա վերջին յայտարարութեան առնչութեամբ, որը հրապարակուել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2022 թուականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից յետոյ։
Նամակը ստորագրած կազմակերպութիւնները ցաւում են, որ մայիսի 23-ի յայտարարութիւնն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ ԵՄ-ի փաստաթղթաւորուած մօտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաեւ այն փաստին, որ օգտագործւում է «Ղարաբաղ» անորոշ ձեւակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարէն, որը կոնկրէտ տարածք ունեցող քաղաքական միաւոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարւում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձեւակերպման օգտագործումը միտուած է պետական մակարդակով իրականացուող էթնիկ զտման քաղաքականութեան սպասարկմանը:
Յունիսի 27-ին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը եւ գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էվինեանը հանդիպել են բելգիական «Բարեփոխման շարժում» կուսակցութեան նախագահ Ժորժ Լուի Բուշեսի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել իրավիճակը Հարաւային Կովկասում, մասնաւորապէս Արցախի շուրջ զարգացումներն ու Շառլ Միշելի միջնորդական դերակատարութիւնը։ Հանդիպման ընթացքում մանրամասնօրէն ներկայացուել են Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման շարունակական քաղաքականութիւնը։
Շեշտուել է Եւրամիութեան դերը արդար եւ կենսունակ խաղաղութեան համար բանակցելու գործում, ինչը նշանակում է, որ անթոյլատրելի է այն հաստատել զուտ հայկական պետական շահի հաշուին եւ հայկական կողմին, որն ըստ էութեան զոհ է ադրբեջանաթուրքական աւտօրիտար ռեժիմների ագրեսիայի, պարտադրել զիջումներ։ Ընդգծուել են բանակցային գործընթացում Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքները պատշաճ կերպով հաշուի առնելու անհրաժեշտութիւնը, այն է՝ արցախահայութեան՝ իր ապագան սեփական հայրենիքում որոշելու իրաւունքը, ինչպէս նաեւ խաղաղ եւ ապահով ապրելու իրաւունքը։
Մեծ Բրիտանիայ
Հայ դատի Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի յանձնախմբերի պատասխանատուները, ինչպէս նաեւ Բրիտանական համագործակցութեան երկրներում գործող կազմակերպութիւններ, համատեղ շնորհաւորական նամակ են յղել Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ պաշտօնավարման 70-ամեակի կապակցութեամբ։ Թագուհուն ուղղուած նամակում տեղ են գտել նաեւ ծանուցումներ Ադրբեջանի միջազգային կոռուպցիոն գործողութիւնների, «խաւիարային դիւանագիտութեան» եւ մեր ժողովրդի հընթացս մարտահրաւէրների մասին։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը յունիսի 5-ին հիւրընկալել է Մեծ Բրիտանիայում Կիպրոսի ազգային դաշնութեան եւ քրդական համագումարի ներկայացուցիրներին։ Քննարկուել են համագործակցութեան ներկայ եւ ապագայ ուղենիշները ինչպէս կարճաժամկէտ, այնպէս էլ երկարաժամկէտ հեռանկարի համար։
Ֆրանսիայ
Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին՝ յունիսի 8-ին, յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի յանձնախումը՝ շնորհակալութիւն յայտնելով ֆրանսիացի խորհրդարանականներին համատեղ աշխատանքի համար եւ նախանշել թեկնածուների այն շրջանակը, որի շուրջ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը քաղաքական համակրանք է տածում։
Աւստրալիայ
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի որոշմամբ, յունիսի 23-ից Հայ դատի Աւստրալիայի գործադիր տնօրէն Հայկ Կայսէրեանին փոխարինել է Միքայել Կոլոկոսեանը:
Իրան
Հայ դատի Թեհրանի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ վերջինիս 40-ամեակի ծրագրերի շրջանակում, յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպուել էր երեկոյթ՝ նուիրուած պատմութեան մէջ առաջին կին դեսպան, ծագումով իրանահայ Դիանայ Աբգարին, ով 1918թ. ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում: Միջոցառումը կրում էր «Դիանայ Աբգար․ կին, ով իր ժամանակից շատ աւելի առաջ էր» խորագիրը: Միջոցառմանը մասնակցել եւ ելոյթ են ունեցել իրանական եւ իրանահայ քաղաքական, մշակութային, հոգեւոր-կրօնական եւ ազգային կեանքի ներկայացուցիչներ։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
04.07.2022 թ.