ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը խստօրէն դատապարտում է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը, մասնաւորապէս` ներկայումս Տաւուշի մարզի նկատմամբ։ Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թւում՝ Հայաստանի Տաւուշի մարզի եւ, այսպէս կոչուած, «անկլաւների» նկատմամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերեալ, բացարձակապէս անընդունելի են։
Ադրբեջանը, հրաժարուելով դուրս բերել իր զինուած ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի աւելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետութեան վրայ՝ իր վերահսկողութեան տակ առնելու ՀՀ Տաւուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման եւ սահմանագծման» քօղի տակ իրականացնում է հողազաւթում, ինչն էլ աւելի կխորացնի Հայաստանի խոցելիութիւնը։
Եթէ Ադրբեջանը վերահսկողութեան տակ վերցնի Հայաստանի Տաւուշի մարզի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքները, դա մեծապէս կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող գազատարը եւ կշրջափակի մի շարք հայկական գիւղեր, ինչն անխուսափելիօրէն կեանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաեւ կվտանգի Լոռու մարզի անվտանգութիւնը։
Չնայած գործընթացում ներգրաւվմանը` Հայաստանի վարչապետը յայտարարել է, որ սա անվտանգութեան ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարաւոր ապագայ ագրեսիայի դէմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանութեան ներկայիս գործողութիւնները, որոնք իրականացւում են առանց տեւական եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու երաշխիքի, յետագայ կապիտուլեացիայ են եւ հակասում են Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը։ Աւելին՝ դա թոյլ կը տայ Ադրբեջանին աւելի լաւ դիրքերից նոր ագրեսիայ իրականացնել։
Մենք խորապէս համոզուած ենք՝ Ադրբեջանի ագրեսիւ կեցուածքը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատուութեան չի ենթարկուել Արցախում իր ցեղասպան քաղաքականութեան, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը կոչ է անում ներգրաւուած բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառեալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանի նաւթային բռնապետութեանը՝ Հայաստանի եւ հայութեան նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականութեան համար: Որպէս եւրոպական քաղաքացիակայ հասարակաութեան կազմակերպութիւն՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանութեան կողմից Ադրբեջանի բռնապետութեան նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար:
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը համոզուած է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չէն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։ Վերջինս շարունակում է քարոզել այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետութեան գրեթէ ողջ տարածքի իւրացում։
Ադրբեջանի համար շօշափելի ուժի եւ հետեւանքների վրայ հիմնուած միասնական եւ ամուր դիմադրութիւնը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետութիւնը եւ նրա ծաւալապաշտական օրակարգը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
03/05/2024թ․