«Ապրիլին մեր դիւանագէտների համահայկական խորհրդի առաջին համաժողովի ժամանակ ես ելոյթ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Ադրբեջանի քաղաքականութեան էութիւնը, որի ամենակարեւոր տարրը եւ բոլոր պատերազմների ժամանակ ամբողջ իմաստն այն է, որ պատերազմները վարում են ոչ թէ ռազմադաշտում յաղթանակ գրանցելու համար, այլ հակառակորդին քո կամքը թելադրելու համար»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Արա Այուազեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, թէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ՀՀ առաջնահերթութիւններից չէ:
«Իմ գնահատմամբ հիմա մեր թշնամիները ցանկանում են իրենց կամքը պարտադրել մեզ, ինչը ես անուանում եմ գաղափարական, մշակութային ծաւալապաշտութիւն: Որոշ չափով այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը յայտարարում է եւ դրսեւորում է այն, ինչ ադրբեջանցիներն ուզում են»,- ասել է նա:
Հարցին՝ իր ժամանակ նման հարկադրանք եղե՞լ է, նա ասել է, որ 2021 թուականի ապրիլի 24-ը, որը Ցեղասպանութեան առաջին տարելիցն էր պատերազմից յետոյ, ԱԳՆ-ն նախաձեռնեց յատուկ միջոցառումներ եւ յատուկ միջազգային հնչեղութիւն ապահովեց Ցեղասպանութեան հիմնախնդրին եւ ներկայացրեց արցախեան պատերազմը որպէս այդ ցեղասպանական քաղաքականութեան դրսեւորումներից մէկը:
«2021 թուականի ապրիլի 24-ին մեր նախարարութեան աշխատանքի շնորհիւ 34 բարձր մակարդակի միջազգային պատուիրակութիւն էր եկել»,- ասել է Այուազեանը: