ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը յուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հաւատարմագրերի պատճէնը յանձնելու կապակցութեամբ։
Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրութիւնից, Արարատ Միրզոյեանը շնորհաւորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելութիւնը ստանձնելու կապակցութեամբ՝ յոյս յայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեութեամբ կարեւոր ներդրում կ’ունենայ երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ յարաբերութիւնների առաւել զարգացման հարցում:
Նորանշանակ դեսպանը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ պատրաստակամութիւն յայտնել գործադրել առաւելագոյն ջանքերը երկու երկրների՝ պատմական եւ քաղաքակրթական հիմքերի վրայ անխափան կերպով ընթացող յարաբերութիւնների առաւել խթանման, փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղութեամբ:
Հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-իրանական օրակարգին առնչուող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակութեամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխօսութիւնը՝ կարեւորելով բարձրաստիճան փոխայցելութիւնների իրականացումը: Անդրադարձ է կատարուել երկկողմ առեւտրատնտեսական, էներգէտիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցութեան խորացման եւ իրականացման փուլում գտնուող ու նախանշուած ծրագրերի կեանքի կոչման աշխատանքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերի վերաբերեալ:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւների կարգաւորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյեանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղուած են Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատմանը, որը շահեկան կը լինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Երկուստեք շեշտուել է առկայ խնդիրները խաղաղ ճանապարհով եւ բանակցութիւնների միջոցով կարգաւորելու մօտեցումը:
Նախարար Միրզոյեանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծուած հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անյապաղ վերացման անհրաժեշտութիւնը: