Հայ դատի համակարգում գործող «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պէտքարտուղարութիւն եւ ֆինանսների նախարարութիւն՝ ընդդէմ աւելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտօնեաների։ Թուով 7 դիմումները ներկայացուել են Երեւանում գործող «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդիւնքում, ինչպէս նաեւ մի շարք միջազգային կազմապերպութիւնների, այդ թւում, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրաւմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախեան պատերազմի ժամանակ ռազմական յանցագործութիւններին եւ մարդու իրաւունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակէտն Արցախի էթնիկ զտումն էր եւ բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:
Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրաւական կենտրոնի նախագահ Քէն Խաչիկեանը նկատել է․ «Հայկական իրաւական կենտրոնը յանձնառու է պատերազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների ոտնայարման համար արդարադատութեան իրականացմանը։ «Մագնիցկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտօնեաների դէմ պատժամիջոցների յարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկել իրենց գործողութիւնների համար եւ ապահովել արդարադատութեան իրականացումը»։
Հայկական իրաւական կենտրոնը ԱՄՆ կառավարութեանը կոչ է անում վճռական գործողութիւններ ձեռնարկել մարդու իրաւունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դէմ՝ ներառեալ ռազմական յանցագործութիւնները եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնները: Կենտրոնն ընդգծել է՝ արցախահայութեան, Հայաստանի եւ ողջ հայութեան դէմ իրականացուած վայրագութիւնները պահանջում են արագ եւ հաստատակամ արձագանք՝ արդարադատութեան ապահովման եւ ապագայ վայրագութիւնների կանխման համար:
Հաշուի առնելով ամերիկեան օրէնսդրութեամբ նախատեսուած՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնոյթը եւ իրաւաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկուել են ԱՄՆ պետդէպարտամենտի վրայ կոնգրէսական ճնշման ապահովմանն ուղղուած գործողութիւններ, որոնք զուգորդուել են այս աշխատանքներում նաեւ ամերիկահայ համայնքի ներգրաւմամբ եւ կոնգրէսականների հետ համայնքային աշխատանքով։
Այդ աշխատանքի առաջին արդիւնքը յայտնի դարձաւ արդէն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրէնսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինայ Տիտուսի եւ Գուս Բիլիրակիսի առաջնորդութեամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառութեան մէջ դրեց ադրբեջանցի նոյն պաշտօնեաների դէմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի նախագիծ։
Առաջարկուող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտաւորեցնում է Ադրբեջանի հետ յարաբերութիւնների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մէջ մտնելուց յետոյ 180 օրուայ ընթացքում՝ պարզել, թէ արդյօք օրինագծում թուարկուած ադրբեջանցի պաշտօնեաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրէնսդրութեամբ սահմանուած պատժամիջոցների չափանիշներին, այդ թւում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին եւ հարակից այլ իրաւակագրաւորումներին:
Օրինագծում նշուած աւելի քան 40 ադրբեջանցի պաշտօնեաների ցուցակը կազմել է Հայկական իրաւական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշուած անձանց մեղսակցութիւնը՝ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։
«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունուել է Միացեալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարութեանը լիազօրում է վիզային արգելքներ եւ ակտիւների սառեցում սահմանել օտարերկրեայ պետական պաշտօնեաների եւ անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրաւունքների ոտնայարման համար:
Վաշինգտօնում տեղակայուած Հայկական իրաւական կենտրոնը շահոյթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպութիւն է, որի առաքելութիւնն է արդարադատութիւն իրականացնել Հաեօց ցեղասպանութիւնից ու դրա հետեւանքներից բխող մարդու իրաւունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականութեան անվտանգութիւնը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
03/05/2024թ․