Ազգային իշխանութեան օրօք կարելի կը լինի լուծել պետութեան ինքնիշխանութեան պահպանման եւ անվտանգութեան ապահովման խնդիրները

Ազգային իշխանութեան օրօք կարելի կը լինի լուծել պետութեան ինքնիշխանութեան պահպանման եւ անվտանգութեան ապահովման խնդիրները

Արցախեան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամաւոր, Ասկերանի նախկին քաղաքապետ, ՀՅԴ մեծ ընտանիքի անդամ Ալեօշա Գաբրիելեանն «Ապառաժ»-ի հետ իր մտքերն է կիսում Արցախեան շարժումից մինչեւ ԱՀ անկախութեան հռչակում, մինչեւ մեր օրեր։

-Պարոն Գաբրիելեան, որպէս Արցախեան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած անձ՝ ինչպե՞ս կբնութագրեք շարժման դրդապատճառներն ու փուլ առ փուլ զարգացումը։

-Միասնական, ամուր եւ ուժեղ հայկական պետականութիւն ստեղծելու եւ ունենալու գաղափարը, շատ հաւանական է, Տիգրան Մեծից է դարեր շարունակ փոխանցուել բոլոր ժամանակների սերունդներին։ Արցախ նահանգի հայութեան շրջանում այն աւելի է եղել արտայայտուած, ու այդ ամէնի ապացոյցը մեր պատմական հողում դարեր շարունակ բնակուելու, արարելու ապացոյցներն են, մեր պատմական շէներն են, մեր պատմամշակութային արժէքներն են եւ, վերջապէս, մեր արցախեան համով֊հօտով, քաղցրածոր բարբառն է։ Մարդկային քաղաքակրթական միտքն ու զարգացուածութիւնը պատմական տարբեր ժամանակաշրջաններում իր տեղն է զիջել ուժին, զօրբայութեանը, որին եւ զոհ են դարձել փոքր ազգերն ու ժողովուրդները։ 19֊րդ դարի երկրորդ կէսից սկսած՝ փոքր ու ճնշուած ազգերն ու ազգութիւնները սկսեցին ազգային զարթօնք ապրել, սկիզբ առան ազգային֊ազատագրական պայքարի միջոցով անկախութիւն ձեռք բերելու շարժումները։ Հայերիս համար Առաջին Հանրապետութեան ծնունդն այդ ամէնի վառ ապացոյցն էր։ Արցախն այդ տարիներին եւս ունեցաւ ազգային զարթօնք եւ, փաստօրէն, մինչեւ խորհրդայնացումը` թուրքերի դէմ անհաշտ պայքարի շնորհիւ պահպանում էր իր կիսանկախ կարգավիճակը։ Միասնական Հայաստանի Հանրապետութիւն ստեղծելու տենչն ու ցանկութիւնը, մի շարք օբյեկտիւ պատճառներով պայմանաւորուած, անհնար էր իրականացնել։ Խորհրդային տոտալիտար համակարգում վերամիաւորման մասին գրեթէ անհնար էր նոյնիսկ երազել, չնայած հայ մտաւորականութեան սէրուցքի կողմից միշտ էլ փորձեր էին ձեռնարկւում։ Գորբաչովեան վերակառուցումը ԽՍՀՄ տարածքում բնակուող ազգերին ու ազգութիւններին հնարաւորութիւն ընձեռեց՝ յենուել ազգերի ինքնորոշման միջազգայնօրէն ընդունուած սկզբունքի վրայ եւ յայտարարել ազգային֊ազատագրական պայքարի սկիզբ։

— Շարժման ո՞ր փուլն  եք կարեւորում եւ ինչու՞։

-Առանց խորանալու Արցախեան ազգային֊ազատագրական պայքարի կազմակերպական հարցերի ու ընթացքի վրայ, ցանկանում եմ կանգ առնել միայն 88֊ի փետրուարեան մի քանի առանցքային, ես կասէի` վճռական փուլերի վրայ։ Յունուար ամսի վերջերին ԽՄԿԿ նիստը քննարկեց «ԼՂԻՄ-ում եւ նրա շուրջ ստեղծուած իրավիճակի մասին» հարցը, որտեղ գնահատուեց, որ Շարժումը սոցիալ֊տնտեսական բնոյթի է, եւ այն կարելի է լուծել Ինքնաւար մարզի սոցիալ֊տնտեսական ենթակառուցուածքները զարգացնելու ճանապարհով։ Ադրբեջանի միջամտութեան եւ ճնշման արդիւնքում շարժումը որակուեց՝ որպէս մի խումբ ծայրայեղականների հրահրած գործ, որը լրջօրէն խոչընդոտում է ԽՍՀՄ ժողովուրդների ինտերնացիոնալ դաստիարակութեանն ու բարեկամութեանը։ Շարժումը փրկել էր պէտք, քանզի կենտրոնի կայացրած նման որոշումը եւ տուած գնահատականը միանգամայն հակասում էր Արցախեան շարժման բուն էութեանն ու բովանդակութեանը։ Այն միաժամանակ ենթադրում էր շարժման ակտիւիստների նկատմամբ ճնշումների բանեցում, ուժի կիրառում եւ շարժման հետզհետէ մարում։ Կոնկրէտ Ասկերանի նախաձեռնող խմբի օրինակով կարող եմ վստահաբար յայտարարել, որ շարժումը փրկեց ժողովուրդը, երբ կայացուեց միակ եւ ճիշտ որոշումը` ակտիւին հանել փողոց ու հրապարակ։ Ադրբեջանից ժամանած մի խումբ էմիսարների պահանջով նախ շրջկենտրոններում, այնուհետեւ նաեւ մարզկենտրոնում տեղի ունեցան կոմունիստական կուսակցութեան շրջանային եւ մարզային բիւրոների նիստէր, որտեղ հաւանութեան արժանացան կուսակցութեան կենտրոնական կոմիտէի նիստի կայացրած որոշումը։ Նիստէրին զուգահեռ՝ փետրուարի 12֊ին շրջկենտրոններում, փետրուարի 13֊ին Ստեփանակերտում տեղի ունեցան ոչ այնքան մարդաշատ հանրահաւաքներ։ Չնայած գործադրած ճնշումներին՝ Արցախի իրաւապահ մարմինները հրաժարուեցին ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդէպ։ Դա մեծագոյն յաղթանակ էր, որը հիմք դրեց ստեփանակերտեան հուժկու հանրահաւաքների եւ ցոյցերի անցկացմանը։

֊Ձեր նկարագրածից պարզ երեւում էոր Շարժման յաջողութեան հիմնական «մեղաւորը» 88֊ի փետրուարեան համաժողովրդական հզօր կամարտայայտութիւնն էր․․․

֊Աեօ՛, դա այդպէս էր։ Եթէ ժողովուրդը հոծ զանգուածներով դուրս չգար Վերածննդի հրապարակ, կմարեր այն իր խորանում, աւելի ճիշտ՝ կճնշուեր՝ ԽՍՀՄ  ներքին զօրքերի եւ ադրբեջանական յատուկ ջոկատայինների միջնորդաւորուած գործողութիւններով պայմանաւորուած։ Այդ ամէնը դրսեւորուեց նաեւ յետագայ ամիսներին ու տարիներին, մինչեւ այն ժամանակահատուածը, երբ ցոյցերին յաջորդեց զինուած հակամարտութիւնը։ Պետք է արժանին մատուցել մեր ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք կազմաւորւում էին թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում` կամաւորութեան սկզբունքով, հայ երիտասարդների հոծ մասնակցութեամբ։

֊Պարոն Գաբրիելեանեկեք միասին վերադառնանք մեր օրեր, երբ աւելի քան երեսուն տարուայ պետականութիւն հիմնադրելուց յետոյ խարխլուեց ամէն ինչ, եւ իր պատմական հողում տասնեակ դարեր շարունակ բնակուող հայը ստիպուած եղաւ թողնել Հայրենիքը։ Ինչպե՞ս կգնահատեք պայքարն այս բարձունքից եւ ինչպիսի՞ հետեւութիւնների կարելի է յանգել։

֊ Ցաւով եմ անդրադառնում ընդհանրապէս արցախեան բոլոր իրադարձութիւններին` անկախ ժամանակից եւ տեղից։ 88֊ի Արցախեան ազգային֊ազատագրական շարժումն ու պետական անկախութեան համար յետագայ պայքարը, հերոսամարտն ու յաղթանակը Մայր հայրենիքում եւ Արցախում` հաեօց պատմագրութեան մէջ գրուելու է ոսկէ տառերով։ Այն պատմական մեծագոյն արժէք ներկայացնող իրադարձութիւն էր, որը դասուելու է Հայկի ու Բելի, Աւարայրի, Սարդարապատի պատմական յաղթանակների շարքին։ Այն իր արժեհամակարգով նոր իրողութիւն էր հայութեան կեանքում, քանզի հիմք դրեց ազգային երկու պետական կազմաւորումների գոյութեանը։ Մեր օրերում, երբ արցախահայութիւնն ստիպուած է եղել բռնագաղթել իր պատմական հողից, երբ Արցախի ու արցախահայերի նկատմամբ ՀՀ գործող իշխանական համակարգը տարել ու տանում է միանգամայն խտրական քաղաքականութիւն, երբ ցանկանում են մոռացութեան տալ պատմական մեր հայրենիքի գոյութիւնը, անցած ուղին, այն ամէնը, ինչ կապ ունի ազգային արժեհամակարգի, հոգեւոր֊մշակութային արժէքների հետ, 88֊ի շարժումը, թշնամու դէմ տարած պատմական յաղթանակը մեր օրերում նոր իմաստ ու բովանդակութիւն է ձեռք բերում։

— Պարոն Գաբրիելեան, ՀՀ -ում փախստականի կարգավիճակով բնակուող արցախահայերի մի մասը կորցրել է հարազատ տունը վերադառնալու յոյսն ու հաւատը։ Ինչպիսի՞ խորհուրդներ ունեք նրանց տալու։

-Հայի կեանքում յոյսն ու հաւատը վերջում են մահանում։ Կեանքը մեր օրերում լայն քայլերով է ընթանում։ Աշխարհաքաղաքական զարգացումների արդիւնքում նոր աշխարհակարգ է ձեւաւորուելու։ Ցաւօք սրտի, Հայաստանի Հանրապետութիւնը,  այս իշխանութիւնների վարած ազգակործան քաղաքականութեան հետեւանքով, յայտնուել է անորոշութեան, մշուշի մէջ։ Ժողովրդից շատ բան է կախուած։ Պետք է ազգային գաղափարախօսութեան շուրջ ձեւաւորուի համաժողովրդական համախմբում, այնպէս, ինչպէս դա եղաւ 1988 թուականին։ Այն իր հերթին պէտք է ենթադրի իշխանափոխութիւն։ Ազգային հէնքով ձեւաւորուած նոր իշխանութեան օրօք կարելի կը լինի լուծել պետութեան ինքնիշխանութեան ու անկախութեան բարելաւման, անվտանգութեան ապահովման խնդիրները։ Նոր կառավարութեան գործունէութեան ծրագրային հիմնադրոյթներից կարեւորագոյնը, անշուշտ, պէտք է լինի արցախահայութեան առջեւ ծառացած խնդիրների լուծումը։ Յոյսով եւ հաւատով լծուէնք այդ սուրբ գործին եւ հասկանանք վերջապէս, որ միայն պայքարով կայ յաջողութիւն եւ ազատութիւն։

«Ապառաժ»

Share