Հարեւանների տարածքային ամբողջականութեանը ուղղուած ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար, յայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութիւնը ոչ թէ սոսկ նախապատուութիւն են, այլ մեր ազգային անվտանգութեան հիմնասիւնը:
Հիւսիսից, հարաւից, արեւելքից կամ արեւմուտքից մեր հարեւանների տարածքային ամբողջականութեանն ուղղուած ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապէս անընդունելի է եւ կարմիր գիծ է Իրանի համար», – գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը X-ում։
Թեհրանը բազմիցս յայտարարել է, որ յարգում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ դէմ է միջազգայնօրէն ճանաչուած սահմանների ցանկացած փոփոխութեանը, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեանը։ Իրանը նաեւ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքն» է վնասաբեր համարում Հայաստանի համար»։
Աւելի վաղ Արաղչին յայտարարել էր, որ Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակութիւն ունի Իրանի համար:
Ադրբեջանաի ԶԼՄ-ները օրերս հաղորդել են , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Իրանի հետ վիճելի միջանցքի, այն է Զանգեզուրի ստեղծումը։
Այս լուրը հրապարակուել է այն դէպքում, երբ Իրանը բազմիցս իր լուրջ անհամաձայնութիւնն է յայտնել այդ միջանցքի ստեղծման կամ ցանկացած որոշման կապակցութեամբ,որը կեանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզների փոփոխութեան։
Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդը Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ յստակօրէն իր անհամաձայնութիւնը յայտնեց այս միջանցքի ստեղծման կապակցութեամբ եւ Փաշինեանը եւս ասաց, որ Հայաստանը թոյլ չի տա, որ նման միջանցք անցնի իր տարածքով։