ԱՆԻՖ-ի Մոսկուայի մասնաճիւղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զաւթում»

ԱՆԻՖ-ի Մոսկուայի մասնաճիւղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զաւթում»

«Հայաստանի պետական հետաքրքրութիւնների ֆոնդ» ՓԲԸ-ի (առաւել յայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովեան ներկայացուցչութիւնը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի յատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկայ ղեկավարութիւնը չունի որեւէ տուեալ մասնաճիւղի կողմից իրականացուած ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղեակ են միայն մի ծրագրից, որն անաւարտ է մնացել:

Ներկայ փոխարժէքով 2,7 մլրդ դրամը հաւասար է 6,9 մլն դոլարի: Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերութիւնը նման հսկայածաւալ միջոցներ ուղղել իր մոսկովեան մասնաճիւղին, որը, ինչպէս կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրուայ ղեկավարութեան տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառոյց է եղել:

Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրէն, ինչպէս նաեւ Մոսկուայի ներկայացուցչութեան ղեկավար Սերգեյ Գրիգորեանը պնդում է, որ պետական ընկերութեան ներկայ ղեկավարութեան տեղեկատուութիւնը չի համապատասխանում իրականութեանը, քանի որ մասնաճիւղը տարբեր ծրագրերում էր ներգրաւուած ու արդիւնք է ցոյց տուել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զաւթման» արդիւնքում քանդել են «ոչ պրոֆէսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:

Նիկոլ Փաշինեանի կառավարութեան ստեղծած ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրէնների խորհրդի նախագահը Տիգրան Աւինեանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխուարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը:

Աւինեանի օրօք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրէնը եղել է Դաւիթ Փափազեանը, որը պաշտօնից ազատուել է 2024-ի յունուարին տնօրէնների նոր խորհրդի կողմից:

Ընկերութեան ստեղծումից ընդամէնը 5 տարի անց՝ 2024 թ. գարնանը, Փաշինեանի կառավարութիւնը որոշեց ԱՆԻՖ-ի գործունէութեան դադարեցման գործընթաց սկսել: Այսօր ԱՆԻՖ-ը դեռ կայ, գործում է, բայց դրա անփառունակ վախճանը սարերի հետեւում չէ:

2024-ի օգոստոսին գործադիրը որոշել է, որ մի քանի բաժնետիրական ընկերութիւններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասէրը որպէս նուիրատուութիւն ընդունելուց յետոյ այն պէտք է լուծարել:

Ընկերութիւնում այս պահին ընդամէնը 3 հոգի է աշխատում՝ տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատարը, աւագ հաշուապահն ու իրաւախորհրդատուն, որին 2024-ի դեկտեմբերին աշխատանքի են ընդունել կոնկրէտ նպատակով՝ նախկին տնօրէն Փափազեանի հետ դատական վէճի շրջանակներում վերաքննիչ բողոք ներկայացնելու եւ ԱՆԻՖ-ի շահերը պաշտպանելու համար:

Դաւիթ Փափազեան

Յիշեցնենք, որ Դ. Փափազեանը դատարանում վիճարկել էր 2024 թ. յունուարին ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի կողմից իրեն պաշտօնից ազատելու մասին որոշումը, եւ առաջին ատեանի դատարանում նոյն տարուայ աշնանը յաղթել էր, սակայն ընկերութիւնը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Չմոռանանք նաեւ, որ ԱՆԻՖ-ը յայտնուել է կոռուպցիոն սկանդալի մէջ: Քննչական կոմիտեում նախաձեռնուած քրէական վարոյթի առանցքում ծառայողական լիազօրութիւնները չարաշահելու եւ վստահուած գոյքը յափշտակելու յօդուածներն են. նշուածները համարւում են կոռուպցիոն յանցագործութիւններ:

Քրեական վարոյթի շրջանակներում մեղադրեալներ մինչ օրս չկան, սակայն վարչապետը յունուարի 31-ի իր ասուլիսում ԱՆԻՖ-ին տուեց այսպիսի գնահատական. «Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակութիւն, գնահատում եմ շատ վատ: Ու՞մ ա պէտք դատել, պէտք ա դատե՞լ, թե՞ պէտք չի դատել. ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դէ իւրէ այս դէպքում իրաւական ուժ չի կարող ունենալ: Ես դա համարում եմ նաեւ վստահութեան անթոյլատրելի չարաշահում: Անթոյլատրելի, խայտառակութիւն… ինչ բառ ուզեք ասեք, ես համաձայն կը լինեմ էդ բառերի հետ»:

Իսկ հարցին, թէ արդյօք պէտք է այս ամենն ունենայ քաղաքական հետեւանքներ (ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի նախկին նախագահ Աւինեանն այսօր Երեւանի քաղաքապետն է ու Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ) վարչապետն արձագանքել է. «Նախ պիտի պարզենք, թէ ինչ ա եղել, դրա հաշուապահութիւնն էլ պիտի պարզուի… Ցանկացած բիզնես գործունէութիւն ռիսկի էլեմենտ ունի: Բայց միւս կողմից՝ կան բաժնեմասէր, որոնք պետական սեփականութիւն են: Ուրիշ խնդիր ա, թէ էդ ընկերութիւնների վիճակը ոնց ա, ինչքանով են ճիշտ կառավարուել, ինչքանով են արդիւնաւետ կառավարուել: Սա աւելի շատ խորը վերլուծութեան անհրաժեշտութիւն ունի, եւ իրաւապահները պէտք ա դրանով զբաղուեն: Բայց եթէ քաղաքական գնահատականի մասին ա, ես ասում եմ էդ գնահատականը՝ դա ձախողում ա եւ խայտառակութիւն… Էստեղ մի նյուանս էլ կայ, որովհետեւ էս թեմայով քննարկումներ լինում են, եւ էնպէս չի, որ կոնսենսուս կայ: Կան ձայներ, որ ասում են, որ իրադրութեան գնահատականը ճիշտ չի: Չեմ ուզում մեղք անել… Կան բաժնեմասէր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պէտք ա տալ, կան յաջողուած բիզնես օրինակներ, որոնք էսօր էլ գործում են եւ այլն»:

Եթէ հիմնուենք ԱՆԻՖ-ի ներկայ ղեկավարութեան փոխանցած տուեալների վրայ, ապա մոսկովեան ներկայացուցչութեան ստացած միլիարդաւոր դրամներն ու դրա դիմաց գրանցած 0 արդիւնքը թոյլ են տալիս այն տեղաւորել ոչ թէ յաջողուած օրինակների, այլ Փաշինեանի ասած խայտառակութեան ու ձախողման շրջանակներում: Սակայն ներկայացուցչութեան ղեկավար Սերգեյ Գրիգորեանը պնդում է, որ իր ղեկավարած մասնաճիւղի աշխատակիցները ներգրաւուած են եղել մի շարք ծրագրերում, որոնք յաջող ընթացք են ունեցել: Դրանց կանդրադառնանք ստորեւ:

ԱՆԻՖ-ի 3 մասնաճիւղերը փաստացի փակ են

«Հայաստանի պետական հետաքրքրութիւնների ֆոնդ» ՓԲԸ-ն ունեցել է օտարերկրեայ 3 ներկայացուցչութիւն՝ Աբու Դաբիում, Մոսկուայում եւ Փարիզում: Ինչպէս տեղեկացել ենք ընկերութեան տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատար Դաւիթ Մկրտումեանից, որն այդ պաշտօնում է 2024-ի յուլիսից, նշուածներից ոչ մէկն այսօր փաստացի չի գործում:

Փարիզի ներկայացուցչութիւնը փակուած է (ըստ ֆրանսիական պաշտօնական տեղեկագրի՝ դրա գործունէութիւնը դադարեցուել է 2023-ի օգոստոսի 31-ին), իսկ Մոսկուայի ներկայացուցչութեան ու Աբու Դաբիում գրանցուած ANIV SPV ընկերութեան փակման/լուծարման ուղղութեամբ քայլեր են ձեռնարկւում:

Մոսկուայի մասնաճիւղի ղեկավար էր նշանակուել ԱՆԻՖ-ի փոխտնօրէնը. վերջինս խնդիր չի տեսնում, ՊՎԾ-ն տեսնում է

Մոսկուայի ներկայացուցչութիւնը ՌԴ պետական գրանցում է ստացել 2019-ի դեկտեմբերի 17-ին: Դրա ղեկավարը եղել է Սերգեյ Արմենակի Գրիգորեանը, որը միաժամանակ (2019-ի յուլիսից) ԱՆԻՖ-ի փոխտնօրէնն էր՝ Դաւիթ Փափազեանի տեղակալը:

Մասնագիտութեամբ տնտեսագէտ Գրիգորեանը մինչեւ ԱՆԻՖ-ում տեղաւորուելը՝ 2009-2019 թթ., եղել է «Արդշինբանկի» խորհրդի նախագահ, բանկի շայառու սեփականատէր Կարէն Սաֆարեանի խորհրդականը: Նկատենք, որ Սաֆարեանի գործընկերներից է եղել ՀՀ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանը, որը 2011-2018 թթ. «Արդշինբանկի» վարչութեան նախագահն էր: Ս. Գրիգորեանը նաեւ տարբեր պաշտօններ է զբաղեցրել ռուսական կազմակերպութիւններում ու ընկերութիւններում, մասնաւորապէս՝ 2007-2018 թթ. եղել է Ռուսաստանեան բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) գործադիր փոխնախագահը, իսկ ՌԲԱ-ի նախագահը Գարեգին Տոսունեանն է, որը նաեւ «Արդշինբանկի» խորհրդի անդամ է: 2014-ին Սերգեյ Գրիգորեանը դարձել է ռուսական «Յունիստրիմ» բանկի տնօրէնների խորհրդի անդամ (բանկի շայառու տէրերն են Գեորգի Պիսկովն ու Գագիկ Զաքարեանը):

Պետական վերահսկողական ծառայութիւնը (ՊՎԾ), որի իրականացրած ուսումնասիրութեան հիման վրայ քրէական վարոյթ է սկսուել ՔԿ-ում, 2023-ին մի շարք բացայայտումներ էր արել ԱՆԻՖ-ում: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսեանը «Ազատութիւն» ռադիօկայանին յայտնել էր, որ պետական ընկերութիւնում եղել են մասնագէտներ, այդ թւում՝ բարձրագոյն կառավարման մարմնում, որոնք իրենց լիազօրութիւններն իրականացրել են միաժամանակ թէ՛ կենտրոնական ապարատում, թէ՛ ներկայացուցչութիւններից մէկում կամ երկուսում։ Պետրոսեանի այս յայտարարութեան հասցէատէրերից մէկը, թերեւս, հէնց Սերգեյ Գրիգորեանն է:

Վերջինս «Հետքի» գրաւոր հարցերից յետոյ ուղարկել է 20 էջից բաղկացած պատասխան: Ըստ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենի՝ գլխամասում աշխատելու եւ միաժամանակ ներկայացուցչութեան ղեկավար լինելու մասով օրէնսդրական որեւէ արգելք չկայ, աւելին՝ նման համատեղումներն ընդունուած են միջազգային բիզնես պրակտիկայում: «Ցաւօք, օրէնսդրական առումով հնարաւոր չէ դատարան բողաքարկել ՊՎԾ ակտը, եթէ լինէր նման հնարաւորութիւն, ապա, կարծում եմ, ՊՎԾ ակտը դատարանում չէր կարող դիմանալ մեր ծանրակշիռ հակափաստարկներին»,- մէզ փոխանցել է Ս. Գրիգորեանը:

Առաջին շարքում ձախից առաջինը՝ Ս. Գրիգորեան, աջից երկրորդն ու երրորդը՝ Դ. Փափազեան, Տ. Աւինեան, 2022 թ.

«Հետքի» հարցին, թէ արդյօք նրա կողմից երկու պաշտօնների (ԱՆԻՖ-ի փոխտնօրէն եւ Մոսկուայի ներկայացուցչութեան ղեկավար) համատեղումը ընկերութեան ներկայ ղեկավարութիւնը գնահատում է օրինական, իսկ եթէ աեօ, ապա արդյօք այդ գործելաոճը եղել է արդարացուած/հիմնաւորուած կամ արդիւնաւետ, ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտօնակատար Դ. Մկրտումեանը պատասխանել է, որ ըստ ՀՀ աշխատանքային օրէնսգրքի՝ 2 եւ աւելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրեայ աշխատաժամանակը (ներառեալ՝ հանգստի ու սնուելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Փոխտնօրենի պաշտօնում Գրիգորեանի աշխատաժամանակի ռեժիմը պայմանագրով սահմանուել է շաբաթական 40 ժամ, 5-օրեայ աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամ: 2019-ի դեկտեմբերի վերջին Գրիգորեանի օրական 8 ժամ աշխատաժամանակը դարձել է 6 ժամ, այսինքն՝ շաբաթական 30 ժամ:

Դրանից օրեր անց ԱՆԻՖ-ն ու Գրիգորեանը կնքել են նոր պայմանագիր, որով էլ վերջինս դարձել է Մոսկուայի ներկայացուցչութեան ղեկավար: Աշխատաժամանակի ռեժիմը սահմանուել է 5-օրեայ աշխատանքային շաբաթ, շաբաթական 20 ժամ, այսինքն՝ օրական 4 ժամ:

Երկու պայմանագրերի համադրումը ցոյց է տալիս, որ Սերգեյ Գրիգորեանի օրական աշխատաժամանակը եղել է 10 ժամ (6+4), իսկ շաբաթականը՝ 50 ժամ (30+20): Ինչպէս ասուեց, ըստ ՀՀ աշխատանքային օրէնսգրքի, օրական առաւելագոյն աշխատաժամանակը 12 ժամն է, իսկ շաբաթական առաւելագոյնը՝ 48 ժամը, այնինչ Գրիգորեանի դէպքում եղել է 50 ժամ:

Դաւիթ Մկրտումեան

Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտօնակատար Դաւիթ Մկրտումեանը ձեռնպահ է մնացել պետական ՓԲԸ-ի նախկին ղեկավարութեան քայլերին գնահատական տալուց. «Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայութիւնն իրականացրել է ուսումնասիրութիւններ ընկերութիւնում, ինչպէս նաեւ հաշուի առնելով յարուցուած քրէական գործ(եր)ի առկայութիւնը՝ ընկերութունը ներկայումս չի կարող յայտնել դիրքորոշում Ձեր կողմից նշուած գործելաոճի՝ օրէնսդրութեան համապատասխանութեան եւ հիմնաւորուածութեան/արդիւնաւետութեան վերաբերեալ»:

Բայց ահա Ս. Գրիգորեանը «Հետքին» փոխանցել է, որ խախտում թոյլ չի տուել: «Իմ կամ գործատուի կողմից աշխատանքային օրէնսդրութեան խախտում չի եղել։ Հայաստանում աշխատանքի եմ ընդունուել՝ ՀՀ աշխատանքային օրէնսդրութեան համաձայն, իսկ Ռուսաստանում՝ ՌԴ աշխատանքային օրէնսգրքով։ Ըստ այդմ՝ Հայաստանի օրէնսդրութեան խախտման մասին խօսք լինել չի կարող։ Աւելին՝ ինչպէս գիտեք, բացի ֆոնդի ներկայացուցչութիւնից ու գլխամասից, ես ներգրաւուած եմ եղել նաեւ այլ նախագծերում ինչպէս Ռուսաստանում, այնպէս էլ Հայաստանում: Նոյնիսկ այս լրացուցիչ գործունէութիւնը հաշուի առնելով՝ աշխատանքային օրէնսդրութիւնը չի խախտուել ո՛չ իմ կողմից, ո՛չ էլ որեւէ գործատուի կողմից։ Տեղեկատուութեան համար նշեմ, որ անձամբ ինձ համար բաւականին յարմարաւետ է օրական 12 եւ 13 ժամ աշխատանքային գործունէութիւն իրականացնելը»,- յայտնել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրէնն ու մասնաճիւղի ղեկավարը։

5 տարում մոսկովեան մասնաճիւղը ստացել է 6,9 մլն դոլար

2020-2024 թթ. ԱՆԻՖ-ի բանկային հաշիւներից Մոսկուայի ներկայացուցչութեանը փոխանցուել է ընդհանուր 2,7 մլրդ դրամ, ինչը ներկայ փոխարժէքով հաւասար է 6,9 մլն դոլարի: Այս գումարից 1,6 մլրդ դրամը կամ 6 մլն դոլարը ծախսուել է աշխատավարձերի եւ դրանց հաւասարեցուած վճարումների համար:

Ըստ տարիների՝ մոսկովեան մասնաճիւղն ունեցել է այսքան աշխատող.

2020 – 15 հոգի
2021 – 12
2022 – 4
2023 – 7
2024 – 7

Պետական ընկերութեան ներկայ ղեկավար Դաւիթ Մկրտումեանը «Հետքին» յայտնել է, որ Մոսկուայի ներկայացուցչութեան տարեկան բիւջեների վերաբերեալ տուեալներ հաւաքագրելու ուղղութեամբ լրացուցիչ ուսումնասիրութիւն է կատարւում:

Անդրադառնալով աշխատավարձերին եւ այլ վճարումներին՝ ներկայացուցչութեան նախկին ղեկավար Սերգեյ Գրիգորեանը նշել է, որ իր մօտ տուեալներ չէն պահպանուել ըստ տարիների մասնաճիւղի բիւջեների վերաբերեալ, հետեւաբար չի կարող հաստատել, որ 6,9 մլն դոլարից 6 մլն-ը ծախսուել է աշխատավարձերի վրայ: Այդուհանդերձ, նկատել է. «ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարութիւնից Ձեզ հասած որոշ տեղեկութիւններ, մեղմ ասած, հաւաստի չէն։ Սակայն, եթէ նոյնիսկ ենթադրենք, որ այդ ցուցանիշը ճիշտ է, դրանում սարսափելի ոչինչ չկայ։ Իր գործունէութեան գագաթնակէտին ներկայացուցչութիւնում աշխատում էր 13-15 մարդ։ Եթէ ​​Ձեր նշած բիւջեն վերածեք ամսական մէկ աշխատակցի միջին աշխատավարձի, ապա նման մակարդակի մասնագէտների համար բարձր աշխատավարձ չէ ո՛չ Մոսկուայում, ո՛չ Երեւանում եւ, ամենան հաւանականութեամբ, աշխարհի որեւէ այլ քաղաքում»։

Գրիգորեանը բարձր գնահատական է տուել թէ՛ իր ղեկավարած մասնաճիւղի, թէ՛ կենտրոնական ապարատի նախկին աշխատողներին: «Թէ՛ Մոսկուայի գրասենեակի, թէ՛ գլխամասի կարեւորագոյն նուաճումն եմ համարում արտակարգ թիմի ներգրաւումը եւ կազմաւորումը, ինչը հանդիսացել է ԱՆԻՖ-ի ռազմավարական նպատակներից մէկը՝ ստեղծել գերորակեալ մասնագէտների թիմ՝ ՀՀ տնտեսութեան համար երկարաժամկէտ արդիւնքներ ապահովելու համար: Ոչ դժուար լրագրողական հետազօտութիւնը հեշտութեամբ կբացայայտի, թէ ինչ կարգի եւ որակի մասնագէտներ են աշխատել Մոսկուայի ներկայացուցչութիւնում եւ գլխամասում, ինչպէս նաեւ, թէ ինչ արդիւնքներ են ապահւում այժմ այն մարդիկ, ում ԱՆԻՖ-ից վանեցին «Ախպեր, էդ փողով բա խի տենց բաներ կանեի՞նք մենք» մարդիկ: Ինքս, աննուներ չբացայայտելով, նշեմ, որ ԱՆԻՖ-ի Մոսկուայի ներկայացուցչութեան եւ գլխամասի նախկին աշխատակիցներից ոմանք հանդիսանում են Հայաստանի եւ Ռուսաստանի յաջողակ խոշոր բիզնեսների հիմնադիրներ եւ կառավարիչներ բազմաթիւ ոլորտներում, ոմանք կառավարում են Ռուսաստանի խոշորագոյն դրամական փոխանցումների համակարգերից մէկը, միւսները ԱՊՀ-ում գործող խոշորագոյն վճարահաշուարկային համակարգի ֆինանսներն են կառավարում, ուրիշները ստեղծում եւ կառավարում են մի քանի հարիւր միլիոն դոլարանոց միջազգային ներդրումային ֆոնդեր կամ դուրս են բերում իրենց կառավարած ընկերութիւնը աշխարհի 50 լաւագոյն ընկերութիւնների ցուցակ իրենց մասնագիտական ոլորտում: Բայց դէ՝ «Չէ, ախպէր, մէզ տենց մարդիկ պէտք չէն, էն էլ էդ փողերով, էդ փողերով մենք էլ կանենք»: Խնդիրը նրանում է, որ չէն անում ոչինչ եւ միայն քննադատում անողներին, այդ թւում՝ որ անողների ֆոնին իրենք տկար չերեւան»,- յայտարարել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրէնն ու մոսկովեան մասնաճիւղի ղեկավարը:

Ի դէպ, «Հետքը» նախկինում գրել է, մասնաւորապէս, ԱՆԻՖ-ի անվտանգութեան բաժնում աշխատած մարդկանց մասին: Պարզուել է, որ նրանք իրաւապահ ոլորտի ծառայողների հարազատներ են:

2024-ի փետրուարի 16-ին ԱՆԻՖ-ի տնօրենի այն ժամանակուայ պաշտօնակատար Տիգրան Ղազարեանը (նա յունուարին փոխարինել էր Դաւիթ Փափազեանին) Մոսկուայի ներկայացուցչութեան ղեկավար Սերգեյ Գրիգորեանին հրամայել է նոյն օրուանից լուծել 7 աշխատակիցների պայմանագրերը եւ կատարել վերջնահաշուարկ: Այս հրամանից տեղեկանում ենք, որ պայմանագրերը կնքուած են եղել դոլարով, սակայն Ղազարեանը կարգադրել է, անկախ այդ հանգամանքից, վճարումները կատարել ռուբլով: Ըստ այդմ՝ վերջնահաշուարկը պէտք է ներառեր աշխատավարձը, դրան հաւասարեցուած վճարումները, ինչպէս նաեւ փոխհատուցում՝ միջին ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:

Գրիգորեանի ու միւս 6 աշխատողների՝ վերջնահաշուարկով նախատեսուած ծախսէրը կատարելու համար ԱՆԻՖ-ից մոսկովեան մասնաճիւղին է փոխանցուել 13,4 մլն ռուբլի: Ղազարեանը հրամայել է նաեւ վերջնահաշուարկի կատարումից յետոյ ներկայացուցչութեան բանկային մնացորդը փոխանցել ԱՆԻՖ-ի հաշուեհամարին:

Այդուհանդերձ, չնայած բոլոր աշխատողների, այդ թւում՝ մասնաճիւղի ղեկավարի ազատմանը՝ Մոսկուայի ներկայացուցչութիւնը ֆորմալ առումով մինչ օրս կայ, Գրիգորեանն էլ թղթի վրայ մնում է դրա ղեկավար:

Վերջինս դժգոհ է այս հանգամանքից, ինչը փոխանցել է նաեւ «Հետքին». «ԱՆԻՖ-ի ղեկավարութիւնը մինչեւ օրս չի բարեհաճում կամ չի կարողանում ինձ պաշտօնապէս հանել ղեկավարի պաշտօնից ՌԴ հարկային մարմնում, չնայած արդէն մէկ տարուց աւել է, ինչ իմ աշխատանքային պայմանագիրը լուծուած է, իսկ ես բազմիցս գրել եմ պաշտօնապէս ղեկավարի պաշտօնից ինձ հանելու անհրաժեշտութեան մասին»:

Որտեղ եւ ումից է տարածք վարձակալել ԱՆԻՖ-ի մոսկովեան մասնաճիւղը

Ինչպէս ասուեց, ԱՆԻՖ-ի մոսկովեան ներկայացուցչութիւնը պաշտօնապէս դեռեւս փակուած/լուծարուած չէ: Ընդ որում՝ ըստ ռուսական տեղեկատուների, 2019-ին գրանցուելիս դրա գործունէութեան հիմնական տեսակ է նշուել գովազդային գործակալութիւնների գործունէութիւնը:

Մասնաճիւղը գրանցուել է Մոսկուայի Օստոժենկայ 37/7, շինութիւն 2 հասցէում: Սա պատմական շէնք է, որը կառուցուել է 1901 թ.: Դրա հարեւանութեամբ՝ Օստոժենկայ 37/7, շինութիւն 1 հասցէում է գտնւում ռուս յայտնի գրող Իւան Տուրգենեւի տուն-թանգարանը: Չնայած 2-րդ շինութիւնը կառուցուել է գրողի մահից յետոյ եւ նախատեսուած է եղել որպէս պահեստ ու աճուրդի տուն օգտագործելու համար, այն եղել է ընդհանուր կալուածքի մի մաս: 2007 թ. Մոսկուայի իշխանութիւնները նախկին կալուածքը յանձնել են Պուշկինի պետական թանգարանին՝ տեղում Տուրգենեւի թանգարան հիմնելու համար: Թանգարանը բացուել է 2009 թ. եւ համարւում է Պուշկինի պետթանգարանի մասնաճիւղ:

Տուրգենեւի թանգարանի այլեւս չգործող կայքում 2019 թ. տեղադրուել էր յայտարարութիւն Օստոժենկայ 37/7, շինութիւն 2 հասցէում սեփականատիրոջ անունից երկարաժամկէտ վարձակալութեամբ տարածք յանձնելու մասին: Նշւում էր, որ վարձակալութեան նուազագոյնը մակերեսը 74 քմ է (ամբողջ հարկը): Նկատենք, որ 2-րդ շինութիւնը աղիւսէ քառահարկ շէնք է, որն ունի նաեւ նկուղ ու ձեռնահար

ԱՆԻՖ-ի մոսկովեան մասնաճիւղը զբաղեցրել է այս շէնքի 4-րդ հարկն ամբողջութեամբ (76,5 քմ): Տնօրենի պաշտօնակատար Դաւիթ Մկրտումեանը «Հետքին» փոխանցել է, որ վարձակալութեան պայմանագիրը կնքուել է 2020-ի օգոստոսին 11 ամսով, ամսական վարձավճարը՝ 220.000 ռուբլի (ներառեալ ԱԱՀ-ն):

Մկրտումեանի տեղեկացմամբ՝ պայմանագիրը կնքուել է «Ռատմիր-ԱԴՍ» բաժնետիրական ընկերութեան (АО “Ратмир-АДС”) հետ, որն զբաղւում է սեփական ու վարձակալուած անշարժ գոյքի կառավարմամբ եւ վարձակալութեան տալով: Այս ընկերութեան սեփականատէրերի թւում են ռուսաստանցի հայ գործարար Արամ Եկաւեանն ու նրան պատկանող «Մանոլիում-Պրոցեսինգ» ՍՊԸ-ն: Ըստ ռուսական մամուլի հրապարակումների՝ օրէնբուրգցի Եկաւեանը 1990-2000-ական թթ. ներգրաւուած է եղել ՌԴ նաւթագազային ոլորտում, իսկ 2017-ին պարզուել է, որ նա դարձել է Ռուսաստանում աղի խոշորագոյն արտադրող «Ռուսսօլ» ՍՊԸ-ի շայառու (բենեֆիցիար) բաժնետէր: Եկաւեանին առնչուող ռուսական ընկերութիւնները կարելի է տեսնել այստեղ:

Ըստ էութեան, Եկաւեանի «Ռատմիր-ԱԴՍ» ընկերութիւնը ԱՆԻՖ-ի մոսկովեան մասնաճիւղի վարձակալած անշարժ գոյքի կառավարիչն է եղել:

Ըստ Գրիգորեանի՝ ԱՆԻՖ-ից յետոյ տարածքը վարձակալել է իր ընկերութիւնը, ինչից ԱՆԻՖ-ը շահել է

Յատկանշական է, որ ԱՆԻՖ-ի ներկայ ղեկավարութիւնը մանրամասներ չգիտի 2020-ի օգոստոսին 11 ամսով կնքուած վարձակալութեան պայմանագրի յետագայ ընթացքի մասին: «Պայմանագրի ժամկէտի երկարաձգման կամ փոփոխութիւնների, ինչպէս նաեւ խզման հիմքերի ձեռքբերման ուղղութեամբ իրականացւում են լրացուցիչ աշխատանքներ»,- «Հետքին» փոխանցել են ԱՆԻՖ-ից:

Իսկ ահա Սերգեյ Գրիգորեանը մէզ որոշ մանրամասներ է ներկայացրել: «2022 թ. ռուս-ուկրաինական հակամարտութեան պատճառով ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհուրդը որոշեց կրճատել Մոսկուայի ներկայացուցչութեան գործունէութիւնը, ինչպէս նաեւ հրաժարուել վարձակալած տարածքից։ Ներկայացուցչութեան որոշ աշխատակիցներ տեղափոխուեցին Երեւան, եւ նրանց աշխատանքային պայմանագրերը վերագրանցուեցին մայր կազմակերպութիւնում։ Մոսկուայում մնացած աշխատակիցները հիմնականում անցան հեռաւար աշխատանքի: Մոսկուայում ԱՆԻՖ-ի ներկայացուցչութեան եւ վաձատուի միջեւ պայմանագիրը լուծուեց։ Ֆոնդը դադարեց վարձ վճարել: Ներկայացուցչութեանը պատկանող գոյքի մեծ մասը (բացառութեամբ մնացած աշխատողների նոութբուքների եւ մէկ պահատուփի) տեղափոխուեց Երեւանի գրասենեակ,- յայտնել է Գրիգորեանն ու յաւելել,- քանի որ ԱՆԻՖ-ի կողմից նախկինում վարձակալած տարածքը իմ կողմից վարած բանակցութիւնների արդիւնքում վարձակալուել էր շատ գրաւիչ գնով, ես որոշեցի ինձ հետ առնչուող ընկերութիւնները տեղափոխել նշուած հասցէ»։

«Հետքը» պարզել է, որ 2022-ի ամռանը Ս. Գրիգորեանի հետ կապ ունեցող ռուսական ընկերութիւններից երկուսը տեղափոխուել են այս հասցէ՝ Օստոժենկայ 37/7-ի 2-րդ շինութեան 4-րդ հարկ:

Գրիգորեանը գլխաւոր տնօրէն է մոսկովեան «Եւաբետայ» բաժնետիրական ընկերութիւնում (АО “Евабета”), որն զբաղւում է ֆինանսների, ակտիւների կառավարման ու ռիսկերի գնահատման ոլորտում ՏՏ ծառայութիւնների մատուցմամբ: Այս անունով ընկերութիւններ կան Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, նախկինում՝ նաեւ Հայաստանում: Սրանց հիմնադիրը իտալացի է: Ռուսական «Եւաբետան» 2022-ի օգոստոսին մոսկովեան մէկ այլ հասցէից տեղափոխուել է Օստոժենկայ 37/7-ի 2-րդ շինութեան 4-րդ հարկ:

Օրեր անց այդ նոյն հասցէից Օստոժենկայ է տեղափոխել «Եւատեկ» ՍՊԸ-ն (ООО “Еватек”): «Եւաբետան» ու «Եւատեկը» փոխկապակցուած են: «Եւատեկ» (նախկինում՝ «Էվամիլեայ») անունով ընկերութիւններ կան Կանադայում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Ռուսական «Եւատեկի» սեփականատէրերն են Պարոյր Յակոբեանը (50 %, նաեւ հայաստանեան «Եւատեկ» ՍՊԸ-ի սեփականատէրն է), Սերգեյ Գրիգորեանն (25 %) ու Վալերիայ Գրիգորեանը (25 %): «Եւատեկի» գործունէութեան հիմնական տեսակը ֆինանսական միջնորդութեան հարցերով խորհրդատուութիւնն է:

ԱՆԻՖ-ից յետոյ տարածքը վարձակալել ու վարձը վճարել է «Եւաբետայ» ընկերութիւնը: Ըստ Գրիգորեանի՝ ԱՆԻՖ-ի գլխամասում ոչ միայն տեղեակ են եղել սրանից, այլեւ մոսկովեան գրասենեակում մնացած աշխատակիցներն անհրաժեշտութեան դէպքում հնարաւորութիւն են ունեցել շարունակել օգտուել այդ տարածքից. «Ե՛վ հիմնադրամը (նկատի ունի ԱՆԻՖ-ը  — հեղ.), ե՛ւ նրա աշխատակիցները միայն օգուտ քաղեցին իմ գործողութիւններից, քանի որ վարձավճարն այլեւս չէր վճարւում, սակայն տարածքը դեռ կարող էր օգտագործուել, թեեւ ժամանակային սահմանափակումներով»:

Ըստ Սերգեյ Գրիգորեանի՝ ԱՆԻՖ-ը մինչ օրս օգուտ է քաղում այն հանգամանքից, որ իր տնօրինած ընկերութիւննը շարունակում է վարձակալել տարածքը, քանի որ «մեր թիմին (նկատի ունի 2024-ի յունուարին պաշտօնից ազատուած նախկին տնօրէն Դաւիթ Փափազեանի թիմը – հեղ.) ԱՆԻՖ-ից վանելուց յետոյ ներկայ ղեկավարութիւնն արդէն գրեթէ մէկ տարի չի հոգում ԱՆԻՖ-ի գոյքի պահպանման համար (խօսքը 5 համակարգիչների եւ մէկ սեյֆի մասին է): Այդ մասին 6 ամիս առաջ գրել եմ թէ՛ ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարութեանը (նշեմ, որ խուսափում էին նամակը ստանալուց), թէ՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանին, թէ՛ Պետգոյքի կոմիտէի ղեկավարին, սակայն գոյքը մինչ օրս անտէր է թողնուած ԱՆԻՖ-ի ներկայ ղեկավարների կողմից եւ գտնւում է իմ տնօրինած ընկերութեան կողմից վարձակալած տարածքում»:

«Իմ տուն» ծրագիրը մնացել է թղթի վրայ. Գրիգորեանը սլաքներն ուղղում է դէպի նոր ղեկավարութիւն

ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտօնակատար Դաւիթ Մկրտումեանի փոխանցմամբ՝ ըստ առկայ ինֆորմացիայի, Մոսկուայի ներկայացուցչութիւնն իրականացրել է «Իմ տուն» ծրագիրը, սակայն այն վերջնարդիւնքին չի հասել՝ չի իրագործուել: Մկրտումեանը մէզ տրամադրել է ծրագրի մասին ԱՆԻՖ-ի 2021 թ. սահիկաշարը, որը վերնագրուած է «Հայաստանի բնակարանային ֆոնդի վերականգնման նպատակով ստանդարտացուած մոդուլային բնակելի տների հայեցակարգ»: Այսինքն՝ ԱՆԻՖ-ը ծրագրել էր մոդուլային բնակելի տներ կառուցել Հայաստանի տարածքում:

Հայեցակարգում նշուել է, որ Հայաստանի լեռնային լանդշաֆտը ձեւաւորում է աւանդական բնակավայրեր, որոնք համապատասխան են ռելիեֆին եւ ունեն առանձնայատկութիւններ՝ ուղղանկիւնաձեւ տեսք, հարթ տանիք, քարէ պատեր՝ աւանդաբար կիրառուող վարդագոյն տուֆից: Նշուել է նաեւ, որ ժամանակակից ճարտարապետութեան ազգային դպրոցն էլ առանձնանում է կառոյցների յուշարձանային տեսքով, տուֆի կիրառմամբ, ռելիեֆի հետ աշխատանքով: Համադրելով աւանդական տեսքը, ժամանակակից ճարտարապետութիւնն ու տեղական հումքը՝ ԱՆԻՖ-ն առաջարկել է մոդուլային տների մի քանի տարբերակ, որոնց երեսպատումը պէտք է կատարուեր տուֆով, հաւաքուեր փայտէ կարկաս, տեղադրուեին փայտէ պատուհաններ, լինէին դեկորատիւ պատշգամբներ եւ այլն: Որպէս փայտէ կարկասի տեխնոլոգիայի առաւելութիւն նշուել են տեղադրման պարզութիւնն ու արագութիւնը, ծանր տեխնիկայի կարիքի բացակութիւնը, դժուարամատչելի լեռնային շրջաններին յարմար լինելը, սեյսմակայունութիւնը, ցածր գինը, էկոլոգիապէս մաքուր հումքն ու վերականգնուող ռեսուրսը: Առաջարկուել են 2, 4 եւ 6 հոգու համար նախատեսուած տներ, որոնցից առաջին երկուսը՝ հորիզոնական կամ ուղղահայեաց (հարկ աւելացնելով) ընդլայնելու հնարաւորութեամբ (մինչեւ 6 հոգու համար): Բացի դրանից՝ դիտարկուել է մի քանի տուն իրար կից կառուցելու միջոցով հասարակական բնակավայր ձեւաւորելու հնարաւորութիւնը: Նախատեսուել էր, որ տների կարկասն ու փայտանիւթը պէտք է ներկրուեին Ռուսաստանից:

Բայց, ինչպէս ասուեց, «Իմ տուն» ծրագիրն այդպէս էլ չի իրագործուել ու մնացել է թղթի վրայ: «Ինչու՞» հարցի պատասխանը փորձել ենք ստանալ մոսկովեան մասնաճիւղի ղեկավար Սերգեյ Գրիգորեանից:

Նա «Հետքին» պատմել է, որ ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի նախագահ Տիգրան Աւինեանի առաջարկութեամբ 2019-2020 թթ. նախագիծը ներկայացուել է ՀՀ անվտանգութեան խորհրդում, քանի որ անհրաժեշտ էր շփման գծի որոշ հատուածներում արագ կառուցել բնակարաններ, եւ աւելի քան 2000 զինուորականի բնակարանով ապահովելու պարտաւորութիւն կար: Նախապէս ծրագրուել էր 30 պիլոտային տուն կառուցել, բայց 2020 թ. պատերազմը փոխել է ԱԽ-ի առաջնահերթութիւնները, ինչից յետոյ «Իմ տուն» ծրագիրը ստացել է կոմերցիոն բնոյթ։ Այն պիտի կեանքի կոչուեր մի քանի ուղղութիւններով՝ ARFI քրաուդֆանդինգի հարթակով, ուղղակի կոմերցիոն վաճառքներով, «Այգ-1» արեւային էլեկտրակայանի աշխատողների համար 50 տուն կառուցելով:

«2023 թ. երկրորդ կէսին առանձին թիմ էր կազմուել, որը պիտի պրակտիկ առումով կեանքի կոչեր նախագիծը: Իսկ 2024 թ. սկզբին ԱՆԻՖ-ի նոր «տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատարը» որոշ ժամանակ ասում էր մասնագիտացուած թիմի ղեկավարին, որ այդ ծրագիրը կարեւոր է, եւ իրենց թիմն այն կը շարունակի իրականացնել, իսկ յետոյ անհասկանալիօրէն սկսեց պնդել, որ ծրագրի պատասխանատուն դիմում գրի եւ հեռանայ,- «Հետքին» յայտնել է Ս. Գրիգորեանը՝ նկատի ունենալով ԱՆԻՖ-ի պաշտօնանկ արուած տնօրէն Դաւիթ Փափազեանին փոխարինած Տիգրան Ղազարեանին,- կարեւոր եմ համարում նշել, որ նորանշանակ «տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատարը» ԱՆԻՖ-ի աշխատակից էր եղել, ով նախկինում ԱՆԻՖ-ում կատարում էր տնտեսվարի գործառոյթներ, եւ ում՝ իր գործունէութիւնն աւելի արդիւնաւետ դարձնելու բազմաթիւ եւ ցաւոտ անյաջող փորձերից յետոյ ես առաջարկել եմ դիմում գրել, քանի որ նա չէր ապահւում միւս աշխատակիցների տարրական կարիքները, օրինակ՝ ժամանակին չէր ապահւում տպիչների թանաքը, եւ աշխատակիցներն անընդմէջ բողոքում էին ինձ այս եւ մի շարք ուրիշ հարցերով»:

Փաստենք՝ ԱՆԻՖ-ի տնօրէնների նոր խորհուրդը, որը նախագահում էր էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրեանը (Տիգրան Աւինեանն այդ պաշտօնից ազատուել էր 2023-ի նոյեմբերին), 2024-ի յունուարին Դ. Փափազեանին պաշտօնանկ անելուց յետոյ պաշտօնակատար էր նշանակել ոչ թէ նրա տեղակալ Ս. Գրիգորեանին, այլ ԱՆԻՖ-ի աշխատակից Տ. Ղազարեանին: Գրիգորեանի ու նրա նոր վերադաս Ղազարեանի ջրերը մի առուով չէն հոսել:

Տիգրան Ղազարեան, Սերգեյ Գրիգորեան

«Արդեօ՞ք նման կոմպետենցիաներով թեկնածուն կարող էր անգամ ժամանակաւոր կառավարել ԱՆԻՖ-ի պէս ինստիտուտը կամ վարել բանակցութիւններ օտարերկրեայ ներդրողների հետ,- «Հետքին» ուղղուած նամակում Ղազարեանի մասին հռետորական հարցադրում է արել Ս. Գրիգորեանը,- թէ ինչ մօտիւներով են առաջնորդուել նման թեկնածու առաջարկողները, որեւէ տրամաբանական բացատրութեան չի ենթարկւում: Յաւելեմ, որ ես 2024 թ. յունուարի սկզբին գրաւոր տեղեկացրել եմ Կառաւարութեան որոշ անդամների, որ ԱՆԻՖ-ի ռեյդերային զաւթման արդիւնքում ինստիտուտը վախճանուելու է: Կոչ եմ արել եւ խնդրել եմ թոյլ չտալ ոչ կոմպետենտ մարդկանց քանդել ահռելի ջանքերով ստեղծուած եւ կարճ ժամանակում արդիւնքների հասած կառոյցը եւ նրա նախագծերը: Սակայն ինստիտուտը քանդեցին՝ մատի փաթաթան դարձնելով չար լեզուների համար»:

Ի՞նչ ծրագրեր է իրականացրել մոսկովեան մասնաճիւղը

ԱՆԻՖ-ի տնօրենի ներկայ պաշտօնակատար Դաւիթ Մկրտումեանը «Հետքին» փոխանցել է, որ «Իմ տուն» ծրագրից բացի՝ Մոսկուայի գրասենեակի կողմից իրականացուած հնարաւոր այլ ծրագրերի վերաբերեալ իրականացւում է լրացուցիչ ուսումնասիրութիւն:

«Այն տեղեկատուութիւնը որ, Մոսկուայի ներկայացուցչութիւնը միայն «Իմ տուն» ծրագիրն է իրականացրել, չի համապատասխանում իրականութեանը»,- իր հերթին նշել է Սերգեյ Գրիգորեանը՝ յաւելելով, որ Մոսկուայի թիմը լիարժէք մասնակցել է ԱՆԻՖ-ի ընդհանուր արդիւնքների ապահովմանը, բացի դրանից՝ իրականացրել է մի շարք այլ ծրագրեր:

Ընդհանուր արդիւնքների թւում ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրէնը յիշատակել է հայ-արաբական «Մասդար Հայաստան 1» («Այգ-1» արեւային էլեկտրակայան) ու «Հայկական ազգային աւիաուղիներ» («Ֆլայ Արնայ» աւիաընկերութիւն) ընկերութիւնների հիմնումը, «ԱՌՖԻ» ներդրումային ընկերութեան (ARFI քրաուդֆանդինգի հարթակ), «Հարաւային տէրմինալ» (ժամանակաւոր պահպանման պահեստ), «Ձեռնարկատէր+Պետութիւն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» (ներդրումային ֆոնդ) ընկերութիւնների ստեղծումը:

Ըստ Ս. Գրիգորեանի՝ մոսկովեան մասնաճիւղն անմիջական մասնակցութիւն է ունեցել ARFI հարթակի ստեղծմանն ու գործունէութեանը: Բացի դրանից՝ ներգրաւուած է եղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսաւորուող TPQI (Trade Promotion and Quality Infrastructure — Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցուածքներ) ծրագրում: Սրա շրջանակներում ԱՆԻՖ-ը բանակցութիւններ է վարել ոսկու եւ այլ մետաղների արդիւնահանմամբ զբաղուող ռուսական Highland Gold ընկերութեան հետ, ինչի արդիւնքում ռուսական կողմը 2021-ի սեպտեմբերին յայտնել է, որ հետաքրքրուած է «Ռոստեխ» պետական կորպորացիայի հետ Ամուլսարի ծրագրում մասնակցութիւն ունենալով: Ընդ որում՝ այդ ընթացքում՝ 2021-ի յուլիսին, ռուսական կողմը հանդիպել է նաեւ վարչապետ Փաշինեանին, եւ համաձայնութիւն են ձեռք բերել Ամուլսարի նախագծին միանալու առանցքային գործողութիւնների ճանապարհային քարտէզի պատրաստման վերաբերեալ: Յիշեցնենք, որ 2023-ի մայիսին ՀՀ կառավարութիւնը ԱՆԻՖ-ին արգելեց ներդրումներ կատարել մի շարք ոլորտներում, այդ թւում՝ հանքարդիւնաբերութեան մէջ:

Սերգեյ Գրիգորեանի տեղեկացմամբ՝ ԱՆԻՖ-ի ճանաչելիութիւնը ռուսական շուկայում բարձրացնելու համար մոսկովեան գրասենեակը փորձագիտական PR արշաւ էր մեկնարկել, որի շրջանակներում ներկայացուցչութեան աշխատակիցներն ակտիւօրէն մեկնաբանում էին ռուսական մամուլում ակտուալ թեմաները՝ ուշադրութիւն հրաւիրելով ԱՆԻՖ-ի գործունէութեանը: Արշաւի շրջանակներում, ըստ Գրիգորեանի, ամէն տարի բազմաթիւ յօդուածներ, մամլոյ հաղորդագրութիւններ, մեկնաբանութիւններ ու փորձագիտական ​​սիւնակներ են հրապարակուել Մոսկուայի ներկայացուցչութեան աշխատակիցների կողմից։ Դրանք հիմնականում տպագրուել են մոսկովեան ու տարածաշրջանային լրատուամիջոցներում, ինչպէս նաեւ արտէրկրեայ ռուսալեզու լրատուամիջոցներում՝  Ֆրանսիայում, Լիւքսեմբուրգում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ուկրաինայում։ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենի տեղեկացմամբ՝ հրապարակումների համար իրենք գումար չէն վճարել:

Մոսկովեան մասնաճիւղի նախկին ղեկավարը յայտնել է նաեւ, որ իրենք աշխատանքներ են տարել՝ ՀՀ տնտեսութեան մէջ օտարերկրեայ ներդրումներ ներգրաւելու համար։ Մասնաւորապէս՝ բանակցութիւններ են վարուել JP Morgan, Citi, HSBC, Morgan Stanley բանկերի հետ՝ 500 մլն դոլարի եւրաբոնդեր թողարկելու համար։ Այս բանկերից իւրաքանչիւրը ներկայացրել է առաջարկներ՝ պարտատոմսերի թողարկման ճանապարհային քարտէզի մանրամասներով։ Սակայն ծրագիրը չի իրագործուել 44-օրեայ պատերազմի հետեւանքով: Մեկ այլ դէպքում Ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ 250 մլն դոլար գումարով պիտի ստեղծուեր ռուս-հայկական ուղղակի ներդրումների համատեղ հիմնադրամ։ Բանակցութիւններից առաջ ստորագրուել էր համագործակցութեան յուշագիր: Այս ծրագիրն էլ խափանուել է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով:

Ընդ որում՝ 2022-ի մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Սերգեյ Գրիգորեանը, խօսելով ԱՆԻՖ-ի Մոսկուայի գրասենեակի մասին, յայտարարել էր, որ «բազմապատկուել են այն գործարարների յայտերը, որոնք ուզում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան, ինչպէս նաեւ նոր բիզնես նախագծեր սկսել այստեղ: Գրաւիչ լինելը ռուսաստանեան գործընկերների համար ինքնաբերաբար է եղել՝ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների պատճառով»:

«Հետքին» Գրիգորեանը փոխանցել է, որ իրենց դիմել էին արդիւնաբերական, առեւտրային եւ տեխնոլոգիական ընկերութիւններ, որոնց մոսկովեան մասնաճիւղը օգնել է խորհրդատուութեամբ: «Որոշ ընկերութիւններ հետաքրքրուել են մեր նեդրումային պրոդուկտներով, սակայն պայմանների շուրջ համաձայնութեան չենք եկել, ոմանց ուղղորդել ենք դէպի ԱՌՖԻ հարթակ: Ընկերութիւնների անունները, բնականաբար, չեմ կարող յայտնել, քանի որ շատերը որոշել են տեղափոխուել՝ սանկցիաներից խուսափելու համար։ Չափելի արդիւնքներից կարող եմ արձանագրել, որ մեր օգնութեամբ տեղափոխուած ընկերութիւնները Հայաստանում ստեղծել են աւելի քան 400 նոր աշխատատեղ եւ մեծ հարկեր են վճարել»,- նշել է Ս. Գրիգորեանը:

Հարցերի պատասխանը պէտք է տա նախաքննութիւնը, որ առաջ չի գնում

Երբ 2019-ի ապրիլին Փաշինեանի կառավարութիւնը որոշում էր կայացնում ԱՆԻՖ-ի ստեղծման մասին, իր քայլը հիմնաւորում էր այսպէս. ««Հայաստանի պետական հետաքրքրութիւնների ֆոնդ» ՓԲԸ ստեղծելու նպատակը ՀՀ տնտեսութեան զարգացման աջակցումն է՝ ներդրումների, այդ թւում՝ օտարերկրեայ ներդրումների ներգրաւման միջոցով: Ընկերութիւնը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժէք եւ համալիր խորհրդատուութեան եւ աջակցութեան միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի աւելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսութեան ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդիւնքների ներդրմանը տնտեսութեան տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելաւման եւ գործարար հատուածի համար գործունէութեան բարէնպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:

Սրանից կարճ ժամանակ անց՝ 2022-2023 թթ., Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայութիւնը ենթադրեալ չարաշահումներ յայտնաբերեցին ֆոնդում, որոնք առնչւում էին դրա ղեկավար կազմի գործունէութեանը: Դրանց հիման վրայ էլ Քննչական կոմիտէն քրէական վարոյթ նախաձեռնեց: 2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ գտաւ նաեւ Արժոյթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ). դրանք առնչուել են հաշուետուողականութեանը, թափանցիկութեանը եւ կորպորատիւ կառավարմանը:

Իր հերթին Սերգեյ Գրիգորեանը խօսում է ՀՀ պաշտօնեաների կողմից ԱՆԻՖ-ի առաջ ստեղծուած արհեստական խոչընդոտների մասին:

«Քննադատելով ԱՆԻՖ-ի գործունէութիւնը՝ թէ՛ մամուլը, թէ՛ որոշ քաղաքական գործիչներ ընտրում են նեղացած տօնը եւ խօսում են հարկատուների կողմից ԱՆԻՖ-ի վրայ իբրեւ թէ ապարդիւն ծախսուած գումարների մասին, իսկ ինչու՞ այդ դէպքում խօսք չի գնում այն մասին, թէ ԱՆԻՖ-ի եւ նրա այն ժամանակուայ աշխատակիցների ջանքերի շնորհիւ ինչքան հարկեր են վճարուել պետական բիւջէ,- հռետորական հարցնում է Սերգեյ Գրիգորեանն ու յաւելում,- մի հարց է մնում անհասկանալի, թէ ինչ նպատակ էր հետապնդւում, կամ ինչ արդիւնք էր ակնկալւում ստանալ՝ շարունակաբար խոչընդոտելով պետութեան իսկ կողմից ստեղծուած ընկերութեան՝ ԱՆԻՖ-ի բնականոն գործունէութեանը: Թէ՛ իմ, թէ՛ ԱՆԻՖ-ի նախկին թիմի անդամների համար այս հարցերը հանելուկ են մնացել»:

Իրականում ԱՆԻՖ-ի վերաբերեալ գոյութիւն ունեցող հարցերի պատասխանները պէտք է տա անաչառ, օբյեկտիւ նախաքննութիւնը՝ հաստատելով այս կամ այն կասկածներն ու պնդումները կամ էլ փարատելով ու հերքելով դրանք: Իսկ ի՞նչ է տեղի ունենում փաստացի: Նախաքննութիւնը ձգձգւում է, ու դրա վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւնների բացակայութիւնը ենթադրել է տալիս, որ այն դոփում է տեղում: Աւելին՝ ի տարբերութիւն աղմկահարոյց շատ այլ գործերի՝ այս պարագայում մեղադրեալների բացակայութիւնը յուշում է մի բանի մասին՝ «ձուկը գլխից է հոտել»: Եւ սա այն գործերից է, որի բացայայտումը կախուած է գործող իշխանութեան քաղաքական կամքից, քանի որ սեղանին նաեւ Տիգրան Աւինեանի հարցն է (նախաքննութիւնը պէտք է պարզի ԱՆԻՖ-ի տնօրէնների խորհրդի նախկին նախագահի ենթադրեալ մասնակցութիւնը (կամ դրա բացակայութիւնը) այս կամ այն չարաշահման, անօրինական գործողութիւնների մէջ):

Ինչ քաղաքական գնահատական էլ տա Փաշինեանը ԱՆԻՖ-ին, քանի դեռ չկայ յստակ իրաւական գնահատական, չկան հասարակութեանը տեսանելի կոնկրէտ գործողութիւններ, բացայայտումներ (անկախ նրանից, թէ ԱՆԻՖ-ը ղեկավարած որ թիմի գործողութիւններին դրանք կառնչուէն), քաղաքական գնահատականները մնում են ընդամէնը օդի տատանումներ եւ թոյլ տալիս եզրակացնել, որ պարզապէս աչքկապոցի են:

Կոլաժը՝ Արէն Նազարեանի

Լուսանկարները՝ anif.am-ից, cpcarmenia.am-ից, facebook.com-ից

hetq.am

Share