Հայ դատի յանձնախմբի երիտասարդները ԱՄՆ օրէնսդիրներին կոչ են արել ձեռնարկել գործողութիւններ՝ ապահովելու հայ գերիների անյապաղ ազատ արձակումը

Հայ դատի յանձնախմբի երիտասարդները ԱՄՆ օրէնսդիրներին կոչ են արել ձեռնարկել գործողութիւններ՝ ապահովելու հայ գերիների անյապաղ ազատ արձակումը

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի «Լեոյ Սարգսեան» եւ «Մարալ Մելքոնեան-Աւէտիսեան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրուայ ընթացքում հանդիպել եւ հայկական հիմնախնդիրների վերաբերեալ իրազեկել են Կոնգրեսի աւելի քան 400 գրասենեակների աշխատակիցների։ Քարոզչական բնոյթի այս արշաւի կիզակէտում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանաւորուած եւ խոշտանգուած հայ բանտարկեալների խնդրի ներկայացումը եւ Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։

Հայ դատի յանձնախմբի երիտասարդները կրում էին վերնաշապիկներ, որոնց վրայ պատկերուած էին Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան լուսանկարները՝ այդպիսով ուշադրութիւն հրաւիրելով ընդհանուր առմամբ յայտնի քսաներեք գերեւարուած անձանց ազատ արձակման խնդրին։ Երիտասարդները ԱՄՆ օրէնսդիրներին կոչ են արել ձեռնարկել անմիջական գործողութիւններ՝ ապահովելու հայ գերիների անյապաղ ազատ արձակումը, ինչպէս նաեւ ներքին օրէնսդրութեան կիրառմամբ պատասխանատուութեան ենթարկելու Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների համար։

Երիտասարդներն այնուհետեւ ցուցադրական կերպով շարուել եւ ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպուած ճեպազրոյցին՝ այդ կերպ յիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին: Երիտասարդների մօտ առկայ էր պաստառ, որի վրայ պատկերուած էին հայ պատանդների լուսանկարները։ Ադրբեջանական ճեպազրոյցը համակարգել էր Ադրբեջանի կառավարութեան համար ԱՄՆ-ում գրանցուած «օտարերկրեայ գործակալ» Էզրայ Ֆրիդլանդերը, ով, ըստ ԱՄՆ արդարադատութեան նախարարութեան տուեալների, տարեկան 500․000 դոլար է ստանում Կոնգրեսում ադրբեջանամէտ քաղաքականութիւնն առաջ մղելու համար:

Երիտասարդների հետ հանդիպումից յետոյ կոնգրէսական Բրեդ Շերմանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ոգէշնչուած եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարութիւնը եւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալուած հայ գերիներին ազատելու անհրաժեշտութիւնը։ Այս ռազմագերիների թւում է Դաւիթ Բաբայանը, ում հետ ես հանդիպել եմ իմ գրասենեակում՝ Ադրբեջանի կողմից նրա անօրինական առեւանգումից մէկ տարի առաջ»:

Հայ դատի յանձնախմբի երիտասարդական պատուիրակութիւնը Կոնգրեսի անդամներին կոչ է արել անյապաղ քննարկել եւ ընդունել մի շարք կարեւոր օրինագծեր, որոնք ուղղուած են Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելուն եւ հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելուն։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ

Share