Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննութիւն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնութիւն չտրամադրելու վերաբերեալ, քանի որ վերջինս ենթարկւում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպէս նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասութիւն։
Յղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարութեան մտադրութիւնը»՝ Համբարեանն ընդգծել է՝ «ամերիկեան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնութիւն գրեթէ չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահը նաեւ նկատել է՝ «Ամերիկան չպէտք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտմանը»։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գրութեամբ՝ ամերիկեան օրէնսդիրներից պահանջւում է, պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի եւ Միջազգային զարգացման ամերիկեան գործակալութեան ղեկավար Սամանթայ Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից ստանալ հետեւեալ չորս հարցերի պատասխանները․
• Ի՞նչ կոնկրէտ գործողութիւններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնուող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տուեալներ, բիւջէ, ապրանքներ եւ համապատասխան այլ տեղեկատուութիւն)։
• Ի՞նչ կոնկրէտ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնուող հայերին (ծրագրեր, գործընկերների տուեալներ, բիւջէ, ապրանքներ եւ համապատասխան այլ տեղեկատուութիւն)։
• Արդեօ՞ք Բայդենի վարչակազմն իրականացրել է հումանիտար ճգնաժամում գտնուող Արցախի հայ բնակչութեան կարիքների գնահատում։
• Բայդենի վարչակազմը բիւջէի ի՞նչ ծաւալ է համարում բաւարար եւ նպատակայարմար Արցախի հայ բնակչութեան առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի համակիրները, օգտագործելով յանձնախմբի ինտերնետային կայքի հնարաւորութիւնները, տասնեակ հազարաւոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրէնսդիրներին՝ պահանջելով ամերիկեան օժանդակութիւն տրամադրել Արցախին։
Հայ դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանի նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւեալ յղմամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
23.08.2022 թ.