Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանութեան մասին ամենամեայ ուղերձի առիթով յայտարարութիւն է տարածել Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորեւ:
«նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումից յետոյ ամերիկահայերն ակնկալում են Միացեալ Նահանգներից կոնկրէտ քայլեր` Հայոց ցեղասպանութեան համար արդարութիւն ապահովման եւ երկրորդ ցեղասպանութիւնը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից եւ յարձակումներից»:
Նախագահ Բայդենը, Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման օրուայ յայտարարութիւնում անգամ եւս սգում է «մէկուկէս միլիոն հայերի համար, ովքեր տեղահանուեցին, սպանուեցին կամ մահուան ուղարկուեցին ոչնչացման արշաւի ընթացքում․․․ Խորհելով Հայոց ցեղասպանութեան մասինմենք վերահաստատում ենք մեր խոստումը պահպանելու զգօնութիւնն ատելութեան բոլոր դրսեւորումների կործանարար ազդեցութեան նկատմամբ: Մենք կրկին յանձնառութիւն ենք յայտնում` բարձրաձայնելու եւ դադարեցնելու վայրագութիւնները, որոնք անջնջելի սպիներ են թողնում ամբողջ աշխարհում»:
Անդրադառնալով նախագահ Բայդենի յայտարարութեանըՀայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «նախագահ Բայդենը, Կոնգրէսին առաջին անգամ միանալուց եւ Հայոց ցեղասպանութիւնը ոգեկոչելուց յետոյ, հաստատել է Ամն-ի շարունակական ռազմական օգնութիւնն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսաւորուող օգնութիւնը նիւթապէս ուժեղացնում եւ բարոյապէս քաջալերում է նաւթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակուած է աւարտին հասցնելու ցեղասպանութիւնը հայկական պետութեան նկատմամբ: Նախագահ Բայդենի գրառումը, ցաւօք, արտացոլում է ցեղասպանութեան ճանաչման տառը, բայց ոչ իրական ոգին: Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրայ հաշուի առնելու իր այսօրուայ պարտականութիւնները, ոչ մի հակազդեցութիւն Արցախի դէմ Ադրբեջանի ցեղասպանական բռնութեանը, ոչ մի ուժային հակազդեցութիւն Անկարայի կողմից այս յանցագործութեան շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիւ աջակցութիւն Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է եւ պարտաւոր է աւելին անել»:
2021 թուականին, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելուց ընդամէնը մէկ օր առաջ, նախագահ Բայդենը հրաժարուեց «907-րդ բանաձեւիէ կատարումից, ինչը թոյլ է տալիս շարունակել ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ադրբեջանի աւտորիտար ռեժիմին, որը Թուրքիայի հետ միասին 44-օրեայ աւերիչ պատերազմ սկսեց Հայաստանի դէմ: Ադրբեջանը շարունակում է իր յարձակումները Արցախի դէմ եւ ապօրինաբար զօրքեր է տեղակայում Հայաստանի ինքնիշխան տարածքում: Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի եւ ԱՄՆ կրօնական, էթնիկ եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններից բաղկացած կոալիցիան նախագահ Բայդենին քանիցս կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զինելը»:
Ինչպէս վերջին շաբաթների ընթացքում բազմիցս յայտարարել ենք, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակում է աշխատել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան կասեցման, ըստ այդմ «907-րդ բանաձեւիէ պահանջների վերականգնման, դաշնային մակարդակում Հայոց ցեղասպանութեան դասաւանդումն ապահովման համար Կոնգրէսի գրադարանին համապատասխան ֆինանսական միջոցների յատկացման, ինչպէս նաեւ Հայաստանին ու Արցախին տրամադրուող ամերիկեան ֆինանսական օժանդակութեան չափի մեծացման ուղղութիւններով:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենեակ
24.04.2022 թ.