Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը Միջազգային կրօնական ազատութեան գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարութեանը կոչ է արել որոշակի գործողութիւններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգութեան եւ Սիրիայից ու Լիբանանից մինչեւ Երուսաղէմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանութեան հարցերում:
Հայաստանին նւիրւած պանելային քննարկումը, որը վարում էր «American Enterprise Institute»-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետութեան նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը, իրաւապաշտպան Քրիստինէ Առաքելեանը եւ կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի յարձակումը եւ Արցախից 150,000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացւել է ամերիկեան քաղաքական գործիչների աջակցութեամբ եւ հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին եւ Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ ապահովել տեղահանւած արցախահայերի անվտանգ ու արժանապատիւ վերադարձը։
Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացեալ Նահանգները պէտք է իրականացնի կրօնական ազատութեան պահպանման եւ հայերի դէմ Ադրբեջանի հետագայ ագրեսիան կանխելու համար: Համբարեանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու ձախողումը քաջալերում է աւտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անյապաղ դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանւած պատժամիջոցներ՝ ռազմական յանցագործութիւնների եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, ինչպէս նաեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանւած եւ արժանապատիւ վերադարձը Արցախ։ Համբարեանը նկատել է․ «Լաւ քաղաքականութիւնը սկսւում է բարոյական մաքրութիւնից։ ԱՄՆ-ը պէտք է վճռական գործողութիւններ ձեռնարկի, այլ ոչ թէ պարզապէս մտահոգիչ յայտարարութիւններ անի»:
Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարութեանը կոչ է արել խստօրէն դատապարտել հայկական եկեղեցիների եւ մշակութային ժառանգութեան ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքւի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագայ ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պէտք է դադարեցւի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստւած մի արասցէ սա էլ աւելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»,- ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպէս «Յատուկ մտահոգութեան երկիր» (CPC)՝ հայ քրիստոնեաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։
Քրիստինէ Առաքելեանն իր հերթին պնդել է, որ Մերձաւոր Արեւելքի քրիստոնեայ բնակչութիւնը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու ամերիկեան ջանքերում: Նա մասնաւորապէս նկատել է․ «Մերձաւոր Արեւելքում քրիստոնեայ բնակչութեան կայունացումը մեծապէս օժանդակող եւ իրականում անհրաժեշտ պայման կը լինի խաղաղութիւն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, այլ նաեւ պաղեստինեան հարցում»:
Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը կարեւորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապութիւնը՝ փաստաթղթաւորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների եւ հոգեւոր կոթողների համակարգւած ոչնչացումը։ Նա նաեւ կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողութեան ներքոյ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքը։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ