Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան

Հայաստանի Հանրապետութիւնում իր աւելի քան եռամեայ դիւանագիտական ծառայութիւնից յետոյ դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ Առաջին անգամ՝ 2020թ․ դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդէպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիւանագիտական գնահատականը՝ հաշուի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

Ձախ կողմում` Դեսպան Հենրի Մորգենթաու աւագը (ԱՄՆ դեսպան Օսմանեան կայսրութիւնում 1913-1916թթ.), հերոս գործիչ, ով  աղմուկ է բարձրացրել` անձնապէս եւ հրապարակայնօրէն, Հայոց ցեղասպանութեան մասին եւ օգնել է հիմնել Արեւելքի հիմնադրամը, որը հաւաքել է աւելի քան 2 միլիարդ դոլար (ներկայիս թուերով) և աջակցել օսմանեան ոճրագործութեան զոհերին: Յետագայում նա իր մասնագիտական կեանքի մեծ մասը նուիրեց հայ ազգի իրաւունքներին: Աջում` Հայաստանում Ամն-ի ներկայիս դեսպան Լին Թրեյսին, ով Հայ Դատի Յանձնախմբից  ստացել է «F» վարկանիշ:

Անցնող գրեթէ մէկուկէս տարիների ընթացքում նոյնպէս դեսպան Թրեյսին, ի թիւս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարեւորութիւն ունեցող այնպիսի բնագաւառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանուած անձանց համար ամերիկեան օժանդակութեան բացակայութիւնը, հայաստանեան քաղաքական դաշտում ֆաւորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգութեան եւ տարածաշրջանային յարաբերութիւնների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումներին, բռնութիւններին ու սպանութիւններին պատշաճ չանդրադառնալը։

Այս առիթով Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նշել է․ «Ինչպէս նախկինում ասել եմ՝ Հայ դատի յանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի իւրաքանչիւր դեսպան լինի յաջողակ: Ցաւօք, դեսպան Թրեյսին իր լռութեանն աւելացրել է 44-օրեայ պատերազմի ընթացքում աւելի քան 90,000 տեղահանուած արցախահայերի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգութիւնների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։ Հայաստանում դեսպանի պաշտօնում իր պաշտօնավարման երեք տարին լրանալուց յետոյ դեսպան Թրեյսին շարունակում է ձախողել հարց առ հարց՝ շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկեան յանձնառու դեսպանից հիմնական մասնագիտական որակներից»։

Որպէս կանոն՝ ԱՄՆ դիւանագիտական ծառայութեան աշխատակիցները երեք տարին մէկ ռոտացիայի են ենթարկւում եւ ստանում նոր դիւանագիտական յանձնարարութիւն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդէն լրացել է, Հայ դատի յանձնախումբը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրայ վերականգնել ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները՝ առաջադրելով նոր դեսպան: Յանձնախումբը սերտօրէն կ’աշխատի ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի հետ՝ երաշխաւորելու համար, որ յաջորդ դեսպանն անյապաղ հաստատուի եւ իրապէս արտացոլի ամերիկեան արժէքները։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
Մայիս 19, 2022 թ.

Share