Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Կոնգրեսի 80-ից աւելի գրասենեակների ներկայացրել է ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Կոնգրեսի 80-ից աւելի գրասենեակների ներկայացրել է ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը


Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը առցանց լսումների ընթացքում Կոնգրեսի աւելի քան 80 գրասենեակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող ծայրահեղ ծանր իրավիճակը, որը ստեղծուել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացուած լայնածաւալ յարձակման, դրան նախորդող աւելի քան 9 ամիսների շրջափակման, ինչպէս նաեւ` ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթիւնի հետեւանքով։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի տարածած յայտարարութիւնից։

Քննարկումը վարել է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի՝ կառավարութեան հետ կապերի հարցերով տնօրէն Թերեզայ Երիմեանը, տեղում իրավիճակը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Յանձնախումբն արձանագրում է, որ չնայած Կոնգրեսի անդամների, ամերիկահայ համայնքի, իրաւապաշտպան տարբեր կազմակերպութիւնների բազմաթիւ կոչերին, վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի վարչակազմը հրաժարուել է հումանիտար օգնութիւն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն շարունակել է ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին։

Լսումների ընթացքում Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կոչ է արել ամերիկեան եւ միջազգային դիտորդական առաքելութիւն տեղակայել «Արցախում եւ դէպի Հայաստան մարդասիրական միջանցքի երկայնքով՝ ապահովելու հայ բնակչութեան անվտանգութիւնը Ադրբեջանի յետագայ ագրեսիայից»։

Կոչ է արուել նաեւ արգելափակել ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին, ինչպէս նաեւ պատժամիջոցներ սահմանել Բաքուի նկատմամբ Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ յարձակման եւ ցեղասպանական գործողութիւնների համար։

Share