Հայ դատի Կանադայի յանձնախմբի յայտարարութիւնը՝ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ զէնքի էմբարգոյի վերացման առթիւ

Հայ դատի Կանադայի յանձնախմբի յայտարարութիւնը՝ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ զէնքի էմբարգոյի վերացման առթիւ

Հայ դատի Կանադայի յանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարութեան վերջին որոշումը՝ Թուրքիային զէնքի մատակարարման երկարամեայ էմբարգոն չեղարկելու վարաբերեալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգութիւններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հաւատարմութիւնը մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը։

Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարութեան կողմից 2019թ․ հոկտեմբերին Թուրքիային զէնք վաճառելու մօրատորիում սահմանելուն, կառավարութիւնը 2020թ․ գարնանը թոյլ էր տուել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիայ։ 2020թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ պատերազմ յայտարարելուց յետոյ, ի յայտ եկան էական ապացոյցներ Թուրքիայի կողմից սարքաւորումները դէպի Ադրբեջան անօրինական տարանցելու վերաբերեալ, ինչը խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտաւորութիւնները եւ յանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրութեան WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչութեան դէմ։ Ներքին հետաքննութեան եւ խորհրդարանական ստուգումների արդիւնքում կառավարութիւնը 2021 թուականի ապրիլին չեղարկեց Թուրքիայ արտահանման բոլոր թոյլտուութիւնները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարութեամբ՝ Թուրքիան հետեւողականօրէն անտեսում է մարդու իրաւունքները, ժողովրդավարական արժէքները եւ օրէնքի գերակայութիւնը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլեւ անտեսում է շարունակուող ագրեսիան եւ մարդու իրաւունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացւում են տարբեր ժողովուրդների, այդ թւում՝ հայութեան նկատմամբ։

Հայ դատի յանձնախումբը Կանադայի կառավարութեանը խստօրէն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարութեան ռազմատենչութեան դէմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, եւ անգամ եւս իրեն վտանգում է՝ մեղսակցութիւն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացուող եւ հովանաւորուող յանցագործութիւնների մէջ, որոնք սպառնում են հայերին, ինչպէս նաեւ տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրութեանը եւ խաթարում է Կանադայի նուիրուածութիւնը մարդու իրաւունքներին, խաղաղութեանն ու արդարութեանը:

Կանադայի կառավարութիւնը պէտք է վերջ տա կեղծաւորութեանը եւ կարճաժամկէտ քաղաքական նկատառումների փոխարէն առաջնահերթութիւն տա մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը: Հայ դատի յանձնախումբը կառավարութեանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանների մտահոգութիւններին։

Թեեւ ի գիտութիւն ենք ընդունել զէնքի արտահանման թոյլտուութիւնները չեղարկելու կամ կասեցնելու կառավարութեան որոշումը այն պարագայում, երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերեալ հաւաստի ապացոյցներ պարզուէն, մենք Կանադայի կառավարութեանը կոչ ենք անում ընդհանրապէս չեղարկել այս որոշումը եւ վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարութեան ագրեսիայի դէմ՝ դրանով իսկ վերահաստատելով հաւատարմութիւնը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին:

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակ
30․01․2024թ․

Share