Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող միջազգային մեխանիզմ. Սիրանուշ Սահակեան

Արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող միջազգային մեխանիզմ. Սիրանուշ Սահակեան

Ռուզաննա Ստեփանեան

Չնայած ԱՄՆ-ից, Եւրամիութիւնից եւ միջազգային տարբեր կառոյցներից բարձր մակարդակով պարբերաբար յայտարարութիւններ են հնչում, թէ Լեռնային Ղարաբաղից տեղահանուած ժողովուրդը պէտք է անվտանգ վերադարձի հնարաւորութիւն ունենայ, սակայն անցած 4 ամիսների ընթացքում արցախահայերի անվտանգ վերադարձի որեւէ միջազգային մեխանիզմ այդպէս էլ չի առաջարկուել։

Օրերս արցախահայերի արժանապատիւ եւ անվտանգ վերադարձի մասին խօսեց նաեւ Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարը՝ կրկին առանց մանրամասնելու, թէ դա ինչպէս է հնարաւոր։

Միջազգային կառոյցներն էլ չէն պատկերացնում, թէ որ մեխանզիմի կիրառումը կապահովի արցախահայերի անվտանգութիւնն Ադրբեջանի կազմում

Միջազգային իրաւունքի մասնագէտ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն ասում է՝ պատճառն այն է, որ միջազգային կառոյցներն իրենք էլ դեռեւս չէն պատկերացնում, թէ որ մեխանզիմի կիրառումը կապահովի արցախահայերի անվտանգութիւնն Ադրբեջանի կազմում, այդ իսկ պատճառով զերծ են մնում կոնկրէտ առաջարկներից։

«Նրանք եւս յստակ մոդելներ չունեն եւ աւելին՝ ունեն մտավախութիւն, որ առաջարկուող մեխանիզմը կենսունակ չի լինի։ Միջազգային գործընկերները եւս քաջ գիտակցում են ատելութեան այն պաշարը, առանց որի վերացման յանցագործութիւնները էթնիկ հիմքով հայերի դէմ կրելու են շարունակական բնոյթ, եւ այդ մեխանիզմները միգուցէ ձեւականօրէն ներդրուեն, սակայն ունակ չէն լինելու կանխել հնարաւոր յանցագործութիւնները, որի ռիսկայնութիւնը չափազանց մեծ է», — «Ազատութեան» հետ զրոյցում ասաց նա։

Իրաւապաշտպանն ընդգծեց՝ այն փաստը, որ արցախցիների անվտանգ վերադարձի մեխանիզմներ այդպէս էլ չէն գտնւում, եւս մէկ անգամ ապացուցում է, որ հայերի տեղահանումը կապուած է եղել անվտանգային խնդիրների հետ, եւ որ արցախահայերը բնաջնջման իրական սպառնալիքի ներքոյ են լքել իրենց պատմական հայրենիքը։

Ըստ Սահակեանի՝ քանի դեռ այդ ֆիզիկական անվտանգութեան երաշխաւորման հարցերը լուծուած չէն, արցախահայերի վերադարձը հնարաւոր չի լինելու. այս պարագայում խնդրի լուծման համար անհրաժեշտ է լայն մանդատ ենթադրող մեխանիզմ, ինչին Բաքուն չի համաձայնի՝ դա համարելով սպառնալիք իր ինքնիշխանութեանը, իսկ թոյլ մանդատ ունեցող մեխանիզմներն անվտանգային խնդիրները պարզապէս չէն լուծելու։ Ըստ իրաւապաշտպանի՝ դրա վառ օրինակը ռուս խաղաղապահների զօրակազմն էր։

«Ռուս խաղաղապահների գոյութեան պայմաններում տեսանք մասսայական կերպով էթնիկ զտումների իրականացում, եւ հայերն արտաքսուեցին իրենց բնակավայրերից նոյնիսկ աւելի վաղ, քան նախատեսուած էր օրինակ՝ ռուսական խաղաղապահների տեղակայման վերջնաժամկէտը։ Եւ հասկանալի է, որ այդ հանգամանքները նկատի ունենալով՝ միջազգային գործընկերները չունեն վստահութիւն, որ միջազգային այլ մեխանիզմները կարողանալու են կենսունակ գտնուել եւ իրենց առջեւ դրուած խնդիրները լուծելու են», — շեշտեց նա։

Արցախահայերը երկու կարեւոր նախապայման են առաջ քաշում Արցախ վերադառնալու համար

Սիրանուշ Սահակեանն ասում է, որ միջազգային մեխանիզմների փնտրտուքի հարցում չափազանց կարեւոր են արցախահայերի ընկալումները։ Իր ղեկավարած «Միջազգային եւ համեմատական իրաւունքի» կենտրոնի իրականացրած փաստահաւաք առաքելութեան ընթացքում արցախահայերը երկու կարեւոր նախապայման են առաջ քաշում, առանց որոնց որեւէ դէպքում չէն վերադառնայ Արցախ։ Դրանցից մէկն, ըստ իրաւապաշտանի, այն է, որ արցախահայերը չէն ցանկանում ադրբեջանցիների հետ միասին բնակուել միեւնոյն վայրում, քանի որ նրանցից ֆիզիկական սպառանալիք են տեսնում։

«Երկրոդը, որ ուժ գործադրելու հնարաւորութիւն տուեալ բնակավայրերում չպէտք է ունենան ադրբեջանական ագենտները, այդ թւում՝ ոստիկանական կամ այլ զինուած գործակալների կողմից՝ հաշուի առնելով, որ նախ ընդհանուր առմամբ նրանց գործելակերպը չարաշահող է եւ աւելի ընդգծուած պատժողական է հայերի առնչութեամբ», — ասաց իրաւապաշտպանը։

Սիրանուշ Սահակեանի ղեկավարած կազմակերպութիւնը, որն այժմ 2023-ի սեպտեմբերեան իրադաձութիւնների վերաբերեալ փաստահաւաք առաքելութիւն է իրականացնում, պատրաստւում է արցախահայերի բռնի դէպորտացիայի եւ մարդկութեան դէմ ուղղուած այլ յանցագործութիւնների վերաբերեալ փաստէր եւ ապացոյցներ ներկայացնել Միջազգային քրէական դատարանի դատախազին։

Ի դէպ, այն, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, անցած աշնան ընդունուած բանաձեւում նշել էր Եւրոպական խորհրդարանը։ Սակայն Եւրոպական միութիւնը կառավարութեան մակարդակով այդօրինակ ձեւակերպումներից առայժմ զերծ է մնացել։

Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարը նոյնպէս օրերս հրապարակած իր զեկոյցում խուսափել էր գործածել «էթնիկ զտում» տէրմինը։ Դունեայ Միեատովիչը միայն նշել էր, թէ Ադրբեջանի ռազմական գործողութիւններից եւ Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերհսկողութիւնից յետոյ Ղարաբաղի հայերը իրենց լքուած են զգացել, առանց վստահելի անվտանգութեան կամ պաշտպանական երաշխիքների որեւէ մէկի կողմից, եւ իրենց տները լքելը միակ հնարաւոր տրամաբանական տարբերակն է եղել։

azatutyun.am

Share