Տօն՝  նուիրուած գրքին, մտքին և հոգուն

Տօն՝ նուիրուած գրքին, մտքին և հոգուն

Գինոսեան Կամո

Շիրակի մարզի Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ

Գինոսեան Կամո

2025 թ. ապրիլի 13-ին՝ մի խոստումնալից ու գեղեցիկ կիրակի, Շիրակի մարզի Ձիթհանքովի և Գեղարքունիքի մարզի Զոլաքարի ընթերցասէր աշակերտներիս ընձեռուեց բացառիկ հնարաւորութիւն՝ մասնակցելու Մարգարիտ Դերանցի «Գմբէթաւոր հովանոցը» գրքի հեռահար քննարկմանը։ Այս հանդիպումը իսկական գրական իրադարձութիւն էր՝ լեցուն բովանդակային վերլուծութեամբ, խորիմաստ մտքերով և անմիջական շփումներով, տօն՝  նուիրուած գրքին, մտքին և հոգուն, առաւել ևս տեղեակ էինք, որ «Գմբէթաւոր Հովանոցը» վէպը արժանացել էր ՀԳՄ-ի ամէնամեայ Եղ. Չարենցի անուան մրցանակին , իսկ Ստ. Ալաջաջեանի վէպերի մրցոյթում հանդիսացել է մրցանակակիր վէպ։

Մարգարիտ Դերանցը  տաղանդաւոր և հմայիչ գրող է, իր խօսքի ջերմութեամբ ու մաքրութեամբ կարողացաւ բացել գրքի բազմաշերտ աշխարհը՝ մեզ ուղեկցելով մտքի ու հոգու հարուստ  ճանապարհորդութեան։ Նրա ամէն մի արտայայտութիւն դարձավ  նոր ուղեցոյց՝ ընկալելու այն մանրուքները, որոնք առաջին ընթերցման ժամանակ միգուցէ վրիպել էին։

Մեր՝ մասնակիցներիս  կողմից բարձրացուած հարցերը վերածուեցին խորը զրոյցների, դրանք մեր առջև բացեցին  գրքի փիլիսոփայական շերտերը։ Մարգարիտ Դերանցի իւրաքանչիւր իմաստուն, խորը և գունեղ  պատասխանի միջոցով նոր լոյս էր սփռուում «Գմբէթաւոր հովանոց»-ի բովանդակութեան վրայ՝ բացայայտելով յոյզերի, կերպարների և գաղափարների թաքնուած երանգները։ 

Հեղինակը իր փորձառութեամբ մեզ ուղղորդեց նաև, թէ ինչ գրքեր կարդանք․ դրանցից առաջին տեղում են պատմավէպերը, Սենկևիչի «Յո՞ երթաս»-ը տարբեր տարիքներում կարդալով՝ տարբեր բացայայտումներ կարող ես անել, ռուս դասականներից կեանքի փիլիսոփայութիւն կարելի է սովորել, տարբեր լեզուներով կարդալը աւելի է զարգացնում մարդու մտահորիրզոնը։ 

Մեր հնչեցրած հարցին, թէ որն է իր համար ամէնակարևոր մրցանակը, ի պատասխան իմացանք, որ բազմաթիւ մրցանակներ ստացած գրողի համար ամենամեծ մրցանակը ընթերցողներիս սերն ու հետաքրքուածութիւնն է իր ստեղծագործութիւնների նկատմամբ։

Մարգարիտ Դերանց

Գրքի հերոսներն այնքան կենդանի ու տպաւորիչ էին մեզ համար, որ շատերիս հետաքրքրում էր նրանց իրական լինելը։ Մարգարիտ Դերանցը մեզ պատմեց և՛ իրական հերոսների մասին, և՛ երևակայական հերոսների իրական նախատիպերի մասին։

Մեզ հետաքրքրում էր նաև հեղինակի միաժամանակ տնտեսագէտ և գրող լինելու հանգամանքը։ Մարգարիտ Դերանցը, սեփական կեանքի փորձառութիւնը մեզ հետ կիսելով, հիմնաւորեց, որ կեանքում հանդիպած  դժուարութիւնները թաքնուած հնարաւորութիւններն ու տաղանդը  բացայայտելու հնարաւորութիւն կարող են  տալ։ 

Կեանքում կնոջ ունեցած դերի վերաբերեալ մեր պատկերացումները համընկնում էին և՛ հեղինակի կերտած հերոսների հետ (Հայկուհի)․  կինը կարող է տղամարդուն հաւասար խրամատում կռուել, և՛ հեղինակի առաջադրած մօտեցմանը. գիւղից կանանց պատերազմի ժամանակ հանելը սխալ է, որովհետև «կինը տղամարդու թիկունքն ուժեղացնողն է»։ 

Մեզ հետաքրքրում էին նաև կեանքի արժևորման հարցերը․ ե՞րբ է կեանքը դադարում լինել կեանք և սկսում նմանուել միայն գոյատևման՝ դատարկ սպասման գործընթացի։ Այս հարցադրումը ոչ միայն մեզ էր հետաքրքրում, այլև բոլոր պատումներում պտտուում էր նկարագրուող հանգամանքների շուրջ։ Մարգարիտ Դերանցի կերտած կերպարների, արտայայտած մտքերի և իր իսկ կենդանի խօսքով մենք հասկացանք, որ կեանքը դադարում է լինել կեանք, երբ մարդը կորցնում է իրեն ու իր երազները, երբ սկսում է տեսնել միայն դատարկութիւնը և մոռանում է այն արժէքները, որոնք տալիս են ապրելու ցանկութիւն։ Այդ պահից յետոյ, ամէն մի օր սկսում է միայն գոյատևման ձևը՝ առանց իրական նպատակների, առանց երազների և առանց իսկական ուրախութեան։ Բայց եթէ գիտակցես, որ կեանքը պէտք է լցնել վառ գոյներով, երազներով և նպատակներով, ապա այդ դատարկութիւնը կվերածուի մի նոր հնարաւորութեան՝ խթանելով շարժումը դէպի առաջ։ Կեանքը ստանում է   իմաստ, երբ հաւատում ես վառ ապագային և շարժուում ես իրապէս սիրելի ճանապարհով։

Հանդիպման ընթացքում չէինք կարող շրջանցել հայի՝ ազգ և մարդ տեսակի մասին հարցը, որոնք տարբեր դրսևորումներով կային գրքում. և՛ իր տունը, գիւղը պաշտպանող հայը, և՛ արտասահմանեան ապահով կեանքը թողած և հայրենիք շտապած հայը, Լիլոյի կերպարը, որը տարբեր կերպ էինք ընկալել, բայց հեղինակի մեկնաբանմամբ համոզուեցինք, որ նա հայի նաև ընդվզող տեսակն է։ 

Գրքի՝ բոլորիս հետաքրքրող վերնագրին լոյս սփռեց հեղինակի այն մեկնաբանութիւնը, որ մինչդեռ աշխարհի հեռաւոր մի անկիւնում մարդկանց հոգսը ընդամէնը հովանոցը կարող է լինել, հայերիս համար իրական հովանոցը պահպանելու խնդիրն էր։

Հանդիպումը մեզ համար դարձաւ ոգեշնչման, ճանաչման ու նոր բացայայտումների հարթակ։ Դա մի օր էր, որը երկար կհիշվի  իմ սրտում՝ որպէս հոգեպէս հարստացնող և գեղագիտական անզուգական պահ։

Սրտանց շնորհակալութիւն ենք յայտնում Մարգարիտ Դերանցին՝ իր ազնիւ խօսքի, ջերմ վերաբերմունքի ու հոգի պարգևող գրականութեան համար։

Share