Regnum-Tarasov – https://regnum.ru/news/polit/3734720.html —
Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ նախագահի յատուկ օգնական եւ ազգային անվտանգութեան խորհրդի Եւրոպական հարցերով աւագ տնօրէն Ամանդայ Սլոտի հետ: Հայաստանի Անվտանգութեան խորհրդի մամուլի ծառայութիւնը հաղորդում է՝ կողմերը քննարկել են Երեւանի եւ Վաշինգտօնի միջեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման եւ ընդլայնման օրակարգը: Սա հայ-ամերիկեան բարձր մակարդակի շփումների շարունակութիւնն է։ Յիշեցնենք, որ աւելի վաղ Հայաստան էին այցելել ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներ, այդ թւում՝ Կոնգրեսի խօսնակ Նենսի Փելոսին։ Նշէնք նաեւ, որ Գրիգորեանը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Նա եղել է ԿՀՎ կենտրոնակայանում, ինչպէս նաեւ Պենտագոնում։ Այցի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ եռակողմ հանդիպմանը:
Այդ կապակցութեամբ թուրքական Sabah պարբերականը, յղում անելով դիւանագիտական աղբիւրներին, պնդում է, որ Գրիգորեանի եւ Սլօթիի հեռախօսազրոյցում հիմնական ուշադրութիւնը յատկացուել է Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցութիւններին եւ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ հայ-թուրքական բանակցութիւններին։ Ընդ որում, ամերիկեան կողմը յարաբերութիւնների օրակարգում նոր հարցեր չի մտցրել, բայց, ի տարբերութիւն նախորդ ժամանակների, աջակցել է Երեւանի պատրաստակամութեանը՝ ամէն գնով կարգաւորել յարաբերութիւնները հարեւանների հետ, այդ թւում՝ միակողմանիօրէն եւ գլոբալ փոխզիջումների հաշուին։ Յիշեցնենք, որ աւելի վաղ Փաշինեանը խօսել էր «Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու» անհրաժեշտութեան մասին եւ Բաքուի հետ խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու մասին։ Այժմ, բոլոր հիմքերով, նա ձեւաւորում է Մոսկուայից անկախ միջավայր՝ Ադրբեջանի հետ կարգաւորման հարցում նոր «հնարաւորութիւնների պատուհան» բացելու համար։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը յայտարարել է՝ «Վաշինգտօնը փոխում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխգործակցութիւնը հետկոնֆլիկտային շրջանում», բայց այնպէս, որ «տարածաշրջանում տեւական խաղաղութիւնն արտացոլի Երեւանի, այլ ոչ միայն Մոսկուայի, Բաքուի եւ Անկարայի շահերը»: Ի դէպ, այն ենթադրութիւնը, որ տարածաշրջանում իրադարձութիւնները զարգանում են իբր Մոսկուայի, Անկարայի եւ Բաքուի սցենարով, վերջերս յայտնել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը։ Ընդ որում, ԱՄՆ-ն կարծում է, որ նախկին Լեռնային Ղարաբաղի օրակարգը լիովին հնացած է, եւ այսօր տարածաշրջանն ապրում է բոլորովին նոր իրողութիւններում։ Բայց այստեղ մատնշւում են նոր կարեւոր նրբերանգներ։ Հայկական պարբերականներում տեղեկութիւններ են յայտնուել Երեւանի եւ Բաքուի միջեւ այսպէս կոչուած վաշինգտոնեան փաստաթղթի (կամ հռչակագրի) մասին։ Պնդում են, թէ իբր առաջիկայում Փաշինեանը հրապարակաւ կը յայտարարի Բաքուի հետ մեծ պայմանագիր կնքելու եւ սահմանների սահմանազատման գործընթացն աւարտելու պատրաստակամութեան մասին։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս է բերւում բանակցութիւնների օրակարգից։ Լեռնային Ղարաբաղի հայերը կսահմանուէն որպէս Ադրբեջանի ազգային փոքրամասնութիւններից մէկը, որի վրայ չէն տարածուի որեւէ միջազգային պարտաւորութիւն։ Բացի այդ, ասւում է, որ կողմերը «համատեղ կքննարկէն միջազգային դիտորդների դերը՝ առանց վնասելու Ադրբեջանի ինքնիշխանութեանը»։ Նման կամ մի փոքր այլ նախագծի գոյութիւնը իրապէս հաստատւում է Հայաստանում Եւրոպական Միութեան քաղաքացիական առաքելութեան եւ ԵԱՀԿ առաքելութեան ի յայտ գալու փաստով։ Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտօնապէս յայտնել է, որ հոկտեմբերի առաջին օրերին Բաքուին եւ Երեւանին է փոխանցել «համապարփակ խաղաղութեան» առաջարկներ։ Ճիշտ է, դրանց բովանդակութիւնը դեռ չի բացայայտւում։ «Հաշուի առնելով խաղաղ պայմանագրի թեմատիկայի բարձր զգայունութիւնը՝ նպատակայարմար չենք համարում հրապարակաւ մեկնաբանել բանակցութիւնների մանրամասները», — այդ կապակցութեամբ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիայ Զախարովան: Միեւնոյն ժամանակ, որոշ բանիմաց փորձագէտներ պնդում են, որ Մոսկուան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծումը յետաձգել «մինչեւ լաւագոյն ժամանակները», իսկ այժմ զբաղուել հակամարտող կողմերի միջեւ ձեռք բերուած համաձայնագրերի գործնական իրագործմամբ։ Ահա թէ ինչու, երբ Ալիեւը յայտարարում է, որ «Երեւանի հետ խաղաղութեան պայմանագրի նախապատրաստումը շատ ժամանակ չի պահանջի», հարց է առաջանում, թէ պայմանագրի որ տարբերակի՝ ռուսակա՞ն կամ արեւմտեա՞ն տարբերակի մասին է խօսքը։
Մի խօսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ բաց եւ փակ երկխօսութեան բոլոր մասնակիցները, չգիտես ինչու, շատ բան չէն խօսում, ըստ Զախարովայի, «նախկին ՈՒԽՍՀ-ից» առճակատման տրամաբանութիւնը հետխորհրդային տարածքի այլ մասէր, այդ թւում՝ Հարաւային Կովկաս տեղափոխելու փորձերի» ֆոնին։ Այստեղ վտանգն այն է, որ ակտիւ դիւանագիտական ջանքերի ձախողման դէպքում հակամարտութեան գոտում ներկայ միջանկեալ պահը կաւարտուի հերթական ռազմական լարուածութեամբ, ինչը ցոյց կը տայ ցանկացած խաղաղապահութեան անարդիւնաւետութիւնը։ Եթէ նման բան տեղի ունենայ, ապա կարելի է համարել, որ Վաշինգտօնը հասել է իր նպատակին՝ Անդրկովկասում (ոչ միայն Մոսկուայի համար) վերակենդանացնելով լարուածութեան օջախը։ Ամերիկեան The National Interest պարբերականը գրում է՝ «ԱՄՆ-ը, Ռուսաստանին տարածաշրջանում երկու հակամարտող կողմերի առջեւ ոչ շայաւէտ լոյսի ներքոյ ներկայացնելով, կարող է առաջ մղել Թուրքիային իր համար ընդունելի ինչ-որ պայմաններով»: Ինչ վերաբերում է Մոսկուային, ապա նա պէտք է խուսափի նման սցենարից, որպէսզի կարողանայ պահպանել իր ազդեցութիւնն Անդրկովկասում եւ ապահովել Լեռնային Ղարաբաղում բնակուող հայերի անվտանգութիւնը։ Յայտարարուել է, որ հոկտեմբերի վերջին պէտք է կայանայ Պուտինի հանդիպումը Ալիեւի եւ Փաշինեանի հետ։ Առջեւում մեծ որոշումներ կան։
Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան