Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Մելանեայ Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է միաւորի խնդիրների, տեղահանութիւնից յետոյ իրականացուած ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան որոշմամբ՝ Արցախի միաւորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ներքոյ՝ որպէս «Արցախ» մասնաճիւղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։
Մ․Բալայանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից յետոյ առաջնային խնդիրը կապուած էր ՀՀ տարբեր բնակավայրերով սփռուած հոմուհիների մասին տեղեկութիւններ հաւաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:
Նրա խօսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միաւորները միասնական կամքով նիւթապէս եւ բարոյապէս սատար կանգնեցին արցախցիներին։ Տեղահանութիւնից յետոյ Հայաստանի Շրջանային վարչութեան ծրագրերն ուղղուած էին արցախահայութեան օժանդակութեանը, որին անմիջական մասնակցութիւն է ցուցաբերել ՀՕՄ–ի Արցախի միաւորը՝ իր գործունէութիւնը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան գրասենեակում:
«Մեր հօմուհիներն ակտիւօրէն մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտութեան սննդի, հիգիենայի տուփերի պատրաստման եւ տրամադրման աշխատանքներին: Կարճաժամկէտ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների յատկացուել է տարբեր տեսակի օժանդակութիւն՝ դրամական, նուէր–քարտէրի, սննդիարկղերի, անկողնային պարագաների, ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի, հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխուել են ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճիւղերի եւ ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- յայտնել է Մելանեայ Բալայանը:
2024թ․ փետրուարին դրամական օժանդակութիւն է տրամադրուել Գորիսում եւ շրջակայ գիւղերում բնակութիւն հաստատած Արցախից տեղահանուած 53 կարքաւոր ընտանիքի։ Օգնութիւնը տրամադրուել էր ՀՕՄ–ի Արեւմտեան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապէս ճշտուած ցուցակներով։
ԱՄՆ Արեւելեան շրջանի կողմից դրամական օգնութիւն է տրամադուել Խնձրիստանից տեղահանուած 50 ընտանիքի՝ առաջնահերթութիւն տալով Խնձրիստանի «Սոսէ» մանկապարտէզների սանիկների, զոհուած եւ պայթիւնից վիրաւորուած, ինչպէս նաեւ բազմազաւակ ընտանիքներին։
Կենտրոնական վարչութեան որոշումով 40 000 դրամ(100 ԱՄՆ $) արժողութեամբ «Երեւան սիթիի» սննդային քարտէր են տրամադրուել 847 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկուել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին եւ 25-ին մարտական գործողութիւնների եւ պայթիւնի հետեւանքով զոհուած, անյայտ կորած եւ գերի ունեցող ընտանիքները, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի եւ ուղեկից կառոյցների անդամները։
ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով՝ երկարաժամկէտ ծրագրերի շրջանակում նախատեսւում է իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղաւորման, հոգեբանական, առողջապահական, իրաւայ–խորհրդատուական ծրագրեր։
Նա նշել է, որ արցախահայութեան օժանդակութեան ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միաւորը հետեւողականօրէն շարունակել է նաեւ իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհուած հերոսների զաւակներ» ծրագրում ընդգրկուել են նաեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ի մարտական գործողութիւնների եւ սեպտեմբերի 25–ի վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով զոհուածների ու անյայտ կորածների անչափահաս երեխաները։ Առ այսօր ծրագրում ընդգրկուել են 360 նոր երեխաներ։
ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ դոլար է տրամադրուել 2023-2024 ուս․տարուայ ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երեւանի բուհերում սովորող արցախցի երկու ուսանողների։
Մելանեայ Բալայանը յաւելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գիւղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պէտք է սրբել արցունքները եւ հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելութիւնը»,- աւելացրել է նա։
Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ