Արցախի բոլոր բուժհաստատութիւններում չեղարկուել են բոլոր ոչ հրատապ հետազօտութիւնները եւ միջամտութիւնները

Արցախի բոլոր բուժհաստատութիւններում չեղարկուել են բոլոր ոչ հրատապ հետազօտութիւնները եւ միջամտութիւնները

Յունիսի 15-ից արդէն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապէս արգելափակուած է Կարմի խաչի միջազգային կոմիտէի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը եւ բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում են առողջապահութեան նախարարութիւնից: Աղբիւրի փոխանցմամբ՝ դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանաւորուած՝ ստացիոնար հատուածում դեղորայքի բաւարարուածութիւնը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատուածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը՝  հանրապետութեան բոլոր բուժհաստատութիւններում այսօրուանից չեղարկուել են բոլոր ոչ հրատապ հետազօտութիւնները եւ միջամտութիւնները (վիրահատութիւնները)։

«Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետութեան բուժհիմնարկներ տեղափոխուելու հնարաւորութեանը՝ համապատասխան բուժօգնութիւն ստանալու համար։  Անյապաղ տեղափոխման ենթակայ անձինք ունեն ուռուցքային եւ սիրտ- անօթային համակարգի հիւանդութիւններ։

Այս պահի դրութեամբ ԱՀ ԱՆ «Արեւիկ» բուժմիաւորումում 8 երեխայ գտնւում է վերակենդանացման եւ նորածնային բաժանմունքում։

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիւանդ գտնւում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասուած է հաղորդագրութեան մէջ։

Share