ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է ԱՄՆ պետդէպարտամենտի խօսնակի կողմից մայիսի 30-ին արուած մամուլի յայտարարութեանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցութիւնների վերաբերեալ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Անի Բադալեանը՝ ի պատասխան ԱՄՆ պետդէպի խօսնակի յայտարարութեան նշել է, որ հայկական կողմը մշտապէս ողջունել է ԱՄՆ կողմից գործադրուող ջանքերը Հարաւային Կովկասում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործընթացում:
«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնյայտ պէտք է լինի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում առանցքային են ինչպէս Ալմայ-Աթայի հռչակագրի հիման վրայ միմեանց տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան ճանաչումը, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան հասցէագրումը: Ինչպէս ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի յայտարարութեամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը չի կարող մեկնաբանուել որպէս ԼՂ ժողովրդի դէմ էթնիկ զտումներ եւ ինքնիրաւչութիւն իրականացնելու իրաւասութիւն:
Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արուած յայտարարութիւնները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիւ լուծումներ վերոնշեալ խնդիրներին, այլեւ յստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու անկախութեան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ եւ արժանապատիւ ապրելու իրաւունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։
Կարծում ենք, որ Միացեալ Նահանգները, ելնելով ժողովրդաւարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան իր իսկ դաւանած արժէքներից եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատմանն ուղղուած յանձնառութիւնից եւ ներգրաւուածութիւնից, պէտք է համարժէք արձագանքի այս յայտարարութիւններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարութեան՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծաւալապաշտական քաղաքականութիւնը եւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,- ասուած է ՀՀ ԱԳՆ խօսնակի մեկնաբանութեան մէջ։
tert.am