Ալիեւը սպառնացել է վերանայել Եւրոպայի խորհրդում եւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցութեան հարցը

Ալիեւը սպառնացել է վերանայել Եւրոպայի խորհրդում եւ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցութեան հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնացել է վերանայել Ադրբեջանի մասնակցութեան հարցը Եւրոպայի խորհրդում եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ), եթէ չվերականգնուէն Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողւում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատուիրակութեան իրաւունքները։

Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիեւն այս մասին ասել Միջխորհրդարանական միութեան գլխաւոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի պատուիրակութեան իրաւունքները պէտք է վերականգնուէն։ Եթէ ադրբեջանական պատուիրակութեան իրաւունքները չվերականգնուէն, ապա ԵԽ-ում եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում մասնակցութեան հարցը ադրբեջանական կողմից կուերանայուի»,- ասել է նա։

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը յունուարի 24-ին Ադրբեջանի պատուիրակութեանը մէկ տարով հեռացնելու որոշում էր կայացրել։ 

Ընդունուած բանաձեւում Վեհաժողովը վկայակոչել  է 2023թ․ յունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահւումը» բանաձեւը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկութեան բացակայութիւնը՝ ցնցուելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգուած իրավիճակից բխող լուրջ հումանիտար եւ մարդու իրաւունքների հետեւանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է յայտնել, որ փաստահաւաք առաքելութեան շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարաւորութիւն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը յիշատակել  է նաեւ 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողութիւնները, ինչը յանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեան փախուստին Հայաստան՝ յարուցելով էթնիկ զտումների կասկածներ։

Խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ Եւրոպայի խորհրդին միանալուց աւելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպութեան անդամակցութիւնից բխող հիմնական պարտաւորութիւնները: Լուրջ մտահոգութիւններ կան Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու կարողութեան, իշխանութիւնների բաժանման, գործադիրի համեմատ օրէնսդիր իշխանութեան թուլութեան, դատական իշխանութեան անկախութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան առնչութեամբ։

Share