Ալիեւի այս ճանապարհային քարտէզը խափանելու միակ ձեւն այս իշխանութիւնը փոխելն է։
Ֆեյսբուքեան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Հովհաննիսեանը:
«Միակ քննարկման թեման՝ ինչպէս փոխել իշխանութիւնը․
Նիկոլի երեկուայ՝ սահմանադրութեան մասին հարցազրոյցից յետոյ մեծ է գայթակղութիւնը՝ հանրային տրամադրութիւնները տանելու նոյն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձեւակերպեց ընտրութեան իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրութեան փոփոխութիւն։
Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը եւ մեր առաջարկը ճիշտ ձեւակերպենք։
Ճիշտ հարցն այն չէ, թէ ի´նչ է ասել, այլ՝ թէ ո´վ է ասել։
3-րդ հանրապետութիւնը «սպանածը» չի կարող խօսել 4-րդ հանրապետութեան «ծննդի» մասին։ Դա հակաբնական է։
«Արցախը Հայաստան է, եւ վերջ» կարգախօսով պետութիւնը եւ բանակը պատերազմի տարածը չի կարող խօսել Արցախը մեր սահմանադրութիւնից հանելու եւ մոռանալու օգտին։
Սա է հարցը, եւ կոնսօլիդացիան պէտք է գնայ այս շեշտադրումով։ Մտնելով սահմանադրութեան բովանդակային քննարկման մէջ՝ մենք կանենք կոպիտ սխալ, ու էլի նախաձեռնութիւնը կը տանք Նիկոլին։
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գլխին Նիկոլի բերած նոր պատմական իրողութիւններն իրօք պահանջում են բարդ լուծումներ, այդ թւում, գուցէ, օրէնսդրական։ Բայց մի բան է՝ դրանք անել նոր իշխանութեան կողմից՝ հակառակորդի հետ բանակցային նոր նարատիւ գտնելով, եւ այլ բան՝ անել պարտուած իշխանութեան օրօք՝ հակառակորդի թելադրանքով։ Այլ բան է, երբ դրանք արւում են խաղաղութեան մեծ պայմանագրի համատեքստում, երբ մեր կողմից նժարին դրւում են մեր սեփական պայմանները, որոնց բաւարարման դիմաց արւում են որոշ զիջումներ, եւ բոլորովին այլ բան է, երբ պարտուած իշխանութիւնը «կզում է» մինչեւ վերջ ու սեփական կաշին փրկելու համար զոհաբերում ամէն ինչ՝ առանց բացառութեան։
Խաղաղութեան մեծ պայմանագրի շրջանակներում կարելի է քննարկել բազմաթիւ բարդ հարցեր։ Աւելին ասեմ. կարելի է անգամ քննարկել սահմանադրութեան՝ Արցախին վերաբերող կէտը, եթէ պայմանագրով եւ իրական երաշխիքներով ապահւուած լինի արցախահայութեան անվտանգ ապրելու իրաւունքը հայրենիքում։ Բայց այն ճանապարհը, որը հայ ժողովրդին այսօր պարտադրում են Ալիեւն ու Նիկոլը համատեղ, դա ոչ թէ 4-րդ հանրապետութեան, այլ՝ անասնական հանրապետութեան ստեղծումն է, որտեղ հասարակութեան փոխարէն լինելու է անկամք նախիր։
Պայքարի բովանդակութիւնը․
Ալիեւն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ»։ Գծել են պայմանների ու հարկադրանքի ճանապարհային քարտէզ ու առաջ են տանում։ Եթէ սահմանադրական փոփոխութիւնների պահանջը բաւարարուեց, հէնց յաջորդ օրը Ալիեւ առաջ է քաշելու նոր ստորացուցիչ պայմաններ (ցանկը կարող եմ հէնց այսօր թուարկել)։ Սա է խնդիրը, եւ այս պրոցեսի վերջում մենք ոչ թէ խաղաղութիւն ենք հասնելու, այլ՝ ազգովի ստանանք կիսաանասունի ինչ-որ կարգավիճակ ու ցրուենք աշխարհով մէկ։
Ալիեւի այս ճանապարհային քարտէզը խափանելու միակ ձեւն այս իշխանութիւնը փոխելն է։ Հետոյ գալու է բարդ հարցերը լուծելու փուլ, նաեւ ցաւոտ լուծումների փուլ, բայց դրանք լինելու են լուծումներ, եւ ոչ թէ՝ ազգային ստորացում՝ առանց խաղաղութեան որեւէ երաշխիքի»,- գրել է Հովհաննիսեանը։