«Հրապարակի» զրուցակիցն է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանը։
-Բագրատ Սրբազանի դէմ արշաւին լծուել են իշխանական եւ պրոիշխանական քարոզիչները, նրան թիրախաւորել են, այսպէս կոչուած` քաղաքագէտներ, իշխանական կայքեր։
-Ո՞ւմ թիրախաւօրէն, ումից որ վախենում են՝ նրան են թիրախաւորում:
-Վտանգ են տեսնում, որ հոգեւորականների շուրջ կարող է դիմադրութեան օջախ ձեւաւորուե՞լ:
-Իհարկէ, դրա համար վարաբեկման քաղաքականութիւն են որդեգրել, բայց այս անգամ դասականի խօսքը, կարծում եմ, իրականութիւն կը դառնայ՝ վարունգի գործով:
-Մի շարք իշխանական լրատուամիջոցներ հարցազրոյցներ են վերցնում ոմն Սահակից, ում հայր Սահակ են ներկայացնում, ով այդ վարկաբեկման քաղաքականութեան առաջամարտիկներից է: Ո՞վ է այդ մարդը:
-Չկայ այդպիսի քահանայ՝ հայ եկեղեցին նման քահան չունի:
-Ինքնակո՞չ է։
-Նա վաղուց՝ շատ վաղուց կարգալոյծ է արուած՝ իր բազմաթիւ մեղանչումների եւ այլանդակութիւնների համար:
-Մեկ երկու օրինակ կը բերե՞ք:
-Ամենաառաջինն այն է, որ ինքն այն հօտի վրայ, որ ձեռնադրուել է իբրեւ քահանայ՝ առաջին իսկ օրուանից լքել է՝ հէնց այդքանը բաւարար է։ Նստած վարկաբեկում է քահանաներին, եպիսկոպոսներին՝ ընդհուպ մինչեւ կաթողիկոս, դրանից աւել այլանդակութիւն ի՞նչ պիտի անի։
-Շատէրը նկատել են, որ նոյն թիրախաւորումը Բագրատ Սրբազանի հասցէին ադրբեջանական լրատուամիջոցներով է գնում՝ ընդհուպ մինչեւ նոյն ձեւակերպումներն ու բնորոշումները: Սինխրոնացուա՞ծ են գործում:
-Իրենք հոգեհարազատ են միմեանց։ Սինխրոնիզացիան դա բնատուր է, բնատուր: Հոգեկան կապուածութիւն է։ Իրենք կաթնեղբայրներ են։ Այլապէս իրենք ո՞նց կարող են կիսել ադրբեջանցու ատելութիւնը Հայ եկեղեցու նկատմամբ, սա ամէն ինչ ասում է, սա խօսում է իրենց էութեան մասին: Իրենք չէն անդրադառնում, որ դրանով բացայայտւում են, բայց դա իրենց վերջին փորձն է, վերջին շանսն է՝ կամ -կամ-ի շանսն է, կամ մենք՝ կամ իրենք-ի պայքարն է:
-Յոյս կա՞, որ կամ-կամի-ի պայքարում հայերը կը յաղթէն։
-Հայերը չգիտեմ, բայց հայ եկեղեցին կը յաղթի, իսկ հայերը կը յաղթէն, եթէ միանան հայ եկեղեցուն:
-Կարծէս եկեղեցին առաջին պլան է եկել եւ կառավարում է շարժումը:
-Տաւուշում աւելի հեղինակաւոր անձնաւորութիւն չկայ եւ չի էլ կարող լինել Բագրատ Սրբազանին հաւասար, շատ բնական է, որ Բագրատ Սրբազանն է կանգնած ոչ թէ ինչ-որ շարժման գլուխ, այլ ճշմարտութեան գլուխ, ճշմարտութեան շարժման, բարոյականութեան յաղթանակի, ինչպէս ինքն է ձեւակերպում, ստի եւ կեղծիքի դէմ պայքարի առաջամարտիկը, բնականաբար, Բագրատ Սրբազանը պիտի լինի, ինչի պիտի լինի՝ հոյ մարզպետը չէ՞ր լինելու:
-Մարզպետը ներկայացնում է Փաշինեանի ու այս իշխանութեան շահը:
-Հիմա պայքար է գնում ստի եւ կեղծիքի ու ճշմարտութեան միջեւ եւ ճշմարտութիւնը, բնականաբար, ի վերջոյ յաղթելու է: Ստի ոտքերը կարճ են, չէ՞:
-Այնուամենանիւ, կարծիք կայ, որ Կաթողիկոսը որոշակի պասիւութիւն է դրսեւորում այս գործընթացում: Թե՞ այս ամէնը նրա օրհնութեամբ է նաեւ արւում:
-Մենք բոլորս գործում ենք Կաթողիկոսի օրհնութեան ներքոյ: Եւ որեւիցէ մէկը իրաւունք չունի թելադրելու Ամենայն Հաեօց Հայրապետին, թէ ինքը ինչ է անելու:
-Իշխանութիւնները կգնա՞ն կոշտ ուժի կիրառման:
-Այս իշխանութիւննե՞րը․․․Անբարոյականութեան մի բան կա՞, որ չէն խախտել․ որեւիցէ մի սահման կայ, որ չէն խախտել, եթէ մարդը պատրաստ է երկիրը տալ, հայրենիքը տալ, հարիւր հազարաւոր մարդկանց բռնագաղթի պատճառ դառնալ, սեփական ժողովրդի ցեղասպանութեան պատճառ դառնալ: Ամէն հնարաւոր եւ անհնարին միջոցներին դիմելու է այս անբարոյական իշխանութիւնը, ինչի՞ մասին է խօսքը: Այդտեղ կասկածելու տեղ կա՞։ Բայց, յուսանք եւ աղոթենք, որ այս իշխանութիւնը հոգեւարքի մէջ է:
-Հիմա իշխանութիւնների մօտ աւելի շա՞տ եք մտավախութիւն կամ գուցէ վախ տեսնում, որը չկար նախկինում եղած բողոքի ցոյցերի ժամանակ:
-Կարծում եմ եւ ուզում եմ այդպէս մտածել, որովհետեւ ինչպէս ասել եմ, ինչ-որ մի տեղ պե՞տք է կանգնի այս այլանդակ նահանջը, այս ցեղի նահանջը ինչ-որ տեղ պիտի կանգնի՞ եւ մենք ցանկութիւն ենք յայտնել, որ Տաւուշը, Ոսկեպարը լինի այդ նահանջի վերջին հանգրուանը եւ այստեղից մենք վերականգնենք մեր վերելքը, որը ոչ միայն ընդհատուեց, այլեւ իջանք վիհի յատակը:
-Բայց այդ յոյսը կարո՞ղ ենք ունենալ, երբ զինուորականները ենթարկւում են փաստացի հակապետական հրամանների, ականազերծում են սահմանը, նոյն կերպ են վարւում նաեւ ոստիկանները:
-Դա կարող է մէկ րոպէի ընթացքում փոխուել, մէկ րոպէի ընթացքում:
-Ինչի՞ շնորհիւ՝ բռնաճնշումների՞։
-Կարող է լինել մի պահ, որ ոստիկանութիւնը հասկանայ, որ չպիտի գործի իր ժողովրդի դէմ, բանակը հասկանայ, որ չպիտի գործի հայրենիքի դէմ։ Սրանք այն կառոյցներն են, որոնց բռնաճնշման ենթարկել պէտք չի՝ իրենք են բռնաճնշման հեղինակները կամ ազատագրման հեղինակները։ Թող իշխանութիւնը վստահ չլինի, որ իրենք յաւիտենական իրենց պաշտպանելու են։ Մեկ րոպէում, մէկ օրում, մէկ ժամում կարող է փոխուել իրավիճակը:
-Իսկ կարծում եք` դա կը լինի հանրային ճնշմա՞ն արդիւնքում:
-Հանրային ճմշման արդիւնքում էլ կարող է լինել, սեփական ներհայեցողութեամբ էլ կարող է լինել։ Գեներալները՝ եւ այստեղ, եւ այնտեղ, եւ ոստիկանութունում, եւ բանակում, եւ Ազգային Անվտանգութիւնում թող ներհայեցողութեամբ զբաղուեն, թէ ում են ծառայում: Հայրենիքի՞ն են ծառայում, թե՞ ինչ-որ մի վարչակազմի, որն այս հայրենիքից թողնում է միայն յիշատակ եւ փլատակներ: Թող այդ ներհայեցողութիւնն ունենան: Եւ շրջուէն դէպի ժողովուրդն ու դէպի եկեղեցին, եկեղեցին այսպիսի հարցերում չի սխալւում: