Աւելի քան վեց ամիս է, Արցախը գտնւում է շրջափակման մէջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկուած են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից, բաւարար սննդից, տարէցները, յղիները, երեխաները եւ նորածինները զրկուած են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարաւորութիւնից: Գործազրկութիւնը հասել է մեծ թուերի։ Արդէն 191 օր շարունակ, եւ այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպուել է բացառապէս Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Աւելին՝ յունիսի 16-ին մի խումբ ադրբեջանցի զինուորականներ փորձել են առաջխաղացում ունենալ՝ հատելով Հակարի կամուրջը փորձել են ադրբեջանական դրօշ տեղադրել հայկական կողմում։ Սակայն հայկական կողմից ստանալով հարուած հետ են շպրտուել ելման կէտ։ Սակայն նոյն օրը Ադրբեջանը լրիւ փակել է ճանապարհը նաեւ ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի մեքենաների համար։ Բացարձակ մեկուսացման ու պաշարման մէջ՝ Արցախ բացարձակապէս չի ներկւում ոչ սննդամթերք եւ ոչ էլ դեղորայք։ Եղած պաշարն էլ սպառուել է արդէն։ Սա արցախահայութեանը սովի եւ ֆիզիկական բնաջնջման ենթարկելու թուրքական հերթական ցեղասպան ծրագիրն է։ Մինչդեռ ՀՀ իշխանութիւնը շարունակում է առաջնորդուել <<խաղաղութեան օրակարգ>> անհիմն ու հայաջինջ թեզով։ Չկայ եւ չի կարող լինել ոչ կարճաժամկէտ եւ ոչ էլ երկարաժամկէտ խաղաղութիւն թուրքի հետ։ Դա բացառուած է՝ հաշուի առնելով թուրք-ադրբեջանական ծաւալապաշտական նկրտումներն ու ցեղասպան քաղքականութիւնը։ Այն ամենն ինչ տեղի է ունենում Արցախում ահաբեկչութեան դասական օրինակ է եւ լուռ ու անտարբեր է ոչ միայն աշխարհը, միջազգային կառոյցները, այլեւ Հայաստանն այս ամենով հանդերձ շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ չունենալով բաւարար հիմքեր խաղաղութեան դարաշրջան բացելու համար։
Ինչպէս գիտենք, 2023թ մայիսի 4-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարել է․ «Ի հեճուկս բոլոր դժուարութիւնների՝ Հայաստանի Կառավարութիւնը որդեգրել է խաղաղութեան օրակարգը: Մենք կարծում ենք, որ խաղաղութիւնը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի եւ ոչ միայն նպատակ է, այլեւ միջոց ժողովուրդների եւ պետութիւնների յարաբերութիւնների կարգաւորման եւ յետագայ զարգացման համար: Մենք լիարժէք ներգրաւուած ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, եւ առաջիկայում մենք ներգարւուած կը մնանք՝ տրամադրուած լինելով արդիւնքներ գրանցել եւ ոչ թէ բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք յոյս ունենք, որ Ադրբեջանը կը հրաժարուի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականութիւնից, եւ ակնկալում ենք, որ միջազգային հանրութիւնը եւս Ադրբեջանին ուղղուած նման ուղերձով հանդէս կը գայ»։
Թերեւս, այսպիսի ցինիկ «անկեղծութեամբ» է հակադարձել Բաքուի բռնապետը։ Մայիսի 28-ի ելոյթում․ բաց տեքստով Ալիեւը խօսել է հայկական պետականութիւնն անցեալ դարձնելու մտադրութեան մասին, ցաւօք, մեր հասարակութեան որոշակի շերտեր նախընտրում են հաւատալ «խաղաղութեան» օրակարգին։ Յաղթողի կեցուածքով Ալիեւը շրջագայել է Արցախի բռնազաւթած տարածքներով՝ բարձրաձայնելով ռազմատենչ ծրագրերը։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պէտք է խաղաղութեան պայմանագիր կնքուի՝ հիմնուած տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ,- ասել է Բաքուի բռնապետը, այնուհետեւ, դիմելով արցախահայերին, յայտարարել է.- Ձեր գիրքը փակուած է: «Միացում» գիրքը փակուած է, եկել է անջատողականութեան վերջը: Անկախութեան երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պէտք է»: Ալիեւի խօսքով, Արցախում ապրող հայերին մնում է մէկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը եւ ենթարկուել Ադրբեջանի օրէնքներին»։ «Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարաւորութիւն ունենք ցանկացած գործողութիւն իրականացնել այդ տարածաշրջանում (Արցախում.- խմբ.)։ Ուստի «խորհրդարանը» պէտք է լուծարուի, իրեն «նախագահ» կոչող տարրը պէտք է յանձնուի, բոլոր «նախարարները», «պատգամաւորները» եւ միւսները պէտք է արդէն լքէն իրենց պաշտօնները։ Միայն այս դէպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դէպքում կարելի է խօսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- ասել է նա։ Աւելին, Ալիեւը նաեւ հոխորտացել է, որ եթէ «խաղաղութեան պայմանագիրը» չստորագրուի, միեւնոյն է, «ադրբեջանական պետութիւնն այդ պատճառով չի բախուի որեւէ խնդրի, որովհետեւ հէնց իրէ՛նք են ուժեղ կողմը, իրէ՛նց դիրքորոշումն է ուժեղ բանակցութիւնների սեղանի շուրջ, իրէ՛նք ուժեղ դիրքեր ունեն սահմանին»։ «Նոյնիսկ առանց խաղաղութեան պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ եւ անվտանգութեան պայմաններում»,- վստահեցրել է նա, քանի որ, ըստ նրա, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելուց յետոյ խաղաղութեան պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ»։ Եթէ նման բառապաշարը, ուղիղ տեքստով հնչած սպառնալիքները «խաղաղութեան» առաջարկ են, ապա սարսափելի է մտածել, թէ ինչպիսին է այդ պետութեան ղեկավարի պատերազմի ընկալումը։ Ալիեւի յայտարարութիւնները մէկ անգամ եւս ցոյց են տալիս, որ Արցախի բնակչութեան անվտանգութիւնն ապահւուած չէ, եւ քանի դեռ առարկայական գործողութիւններ, օրինակ՝ պատժամիջոցներ չէն կիրառւում Ադրբեջանի դէմ, միջազգային մեխանիզմների ներդրումն անգամ չի կարողանալու կասեցնել ադրբեջանական հերթական ագրեսիան կամ ցեղասպանական որեւէ գործողութիւն: Էրդողանի վերընտրուելը հնարաւորութիւն է տալիս Բաքուի բռնապետին աւելի համարձակ գործել։ «Ես հաւատում եմ մեր (թուրք) ազգին եւ ումմային (մահմեդական)։ Ալլահի կամքով մենք կգնանք բազմաթիւ նուաճումների։ Թող Ալլահը մէզ ուժ տա՝ սկսելու նախապատրաստուել այս նուաճումներին»,- մզկիթում ասել է Էրդողանը՝ փաստացի կանաչ լոյս վառելով «թիւրքական երազանքին» ընդառաջ ցանկացած յանցագործութեան համար։
Ալիեւի ելոյթի դրոյթները փաստում են այն պարզ իրողութիւնը, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղութիւն կամ՝ այդ խաղաղութեան մէջ հայեր չկան, միեւնոյն ժամանակ «որքան շատ է Նիկոլ Փաշինեանը խօսում զիջումների գնալու իր պատրաստակամութեան մասին, այնքան վերջնագրային ելոյթներով է հանդէս գալիս Ալիեւը»: Երբ պետութեան ղեկավարն ասում է, որ պետութեան սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսուած, դա լաւագոյն նուէրն է ագրեսիւ հարեւանի համար գնալ գործողութիւնների այդ երկրի դէմ ու մնալ անպատիժ: էլ չասենք, Ալիեւի կիրառած «ատելի թշնամի» տէրմինը, որը հայերի դէմ վարուող ատելութեան քարոզչութեան հերթական դրեւորումն է»
Հայաստանի, այդ թւում Արցախի եւ հայութեան դէմ տարւում է նաեւ հոգեբանական պատերազմ, որին մեր հասարակութիւնը պատրաստ չէ։ Դրա վկայութիւնն է այն, որ յաճախ հասարակութեան շրջանում շրջանառւում են ադրբեջանաթուրքական թեզերը։ Արցախի տարածքների բռնազաւթմանը եւ հոգեբանական պատերազմին զուգահեռ իրականացւում է մշակութային ցեղասպանութիւն։ Այդ բոլոր բաղադրիչները փոխկապակցուած են եւ ծառայում են մէկ նպատակի՝ ոչնչացնել հային եւ հայկական հետքը սեփական բնօրրանում քոչուորի բնիկութիւնն ապահովելու համար։ «Այստեղով թուրքն է անցել» յայտնի արտայայտութիւնը նոյնական է Ադրբեջանի պարագայում։ Հերթական վանդալիզմը տեղի է ունեցել կիրակի օրը Բերձորում, որտեղ Ադրբեջանի իշխանութիւնները հողին են հաւասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրայ գտնուող, դեռեւս խորհրդային տարիներին կառուցուած 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի յիշատակը յաւէրժացնող Փառքի յուշահամալիրը։ Բերձորի Փառքի յուշահամալիրը նուիրուած էր նաեւ Արցախեան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհուած հաեորդիներին: Յուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն են փորագրուած: Փառքի յուշահամալիրն ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նուիրուած է «Յատուկ գնդին»: Միւսը նուիրուած է Շուշիի ազատագրման համար նահատակուած հաեորդիներին եւ երրորդը՝ Վազգէն Սարգսեանին: Ողբերգութիւնն այն է, որ այսօր կայ գէթ մէկ հայ, որը պատմութեան եւ մերօրեայ զարգացումներից դասէր չքաղելով՝ հաւատում է թուրքի կամ կովկասեան թաթարի հետ խաղաղ համագոյակցութեանը։
Ինչ վերաբերում է խաղաղութեան օրակարգին, այսքանից յետոյ արդէն ծիծաղելի է, ի՞նչ խաղաղութեան օրակարգ, պարզապէս ուժի սպառնալիքի ներքոյ Հայաստանին ստիպում են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, որոնց մէջ չկայ որեւէ կէտ, որը կբխի Հայաստանի շահերից: Հայաստանը պարզապէս կատարում է Ադրբեջանի ներկայացրած վերջնագրերը, ու սա խաղաղութեան դարաշրջան անուանելն իհարկէ զաւեշտ է։
Նիկոլի «խաղաղութեան օրակարգ» պաշտպանելը նշանակում է համաձայնուել Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
Ներկայումս որոշւում է այս տարածաշրջանում հայի ֆիզիկական ներկայութեան հարցը։ Սա խաղաղութեան օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի յանձնման գործընթաց է։ Իշխանութիւնը քաղաքական որոշում է կայացրել՝ ուղղակի յանձնուել։ Սա կապիտուլեացիայի երկրորդ փուլն է, քանի որ այս քայլերը բերելու են Հայաստանի ինքնուրոյնութեան, սուբյեկտայնութեան վերացմանը, հայի ֆիզիկական գոյութեան ապահովման անհնարինութեանը։ Այս պայմաններում խօսել խաղաղութեան մասին՝ ուղղակի յիմարութիւն է։ Այս գործընթացը բերելու է Հայաստանի վիլայեթացմանը, պետականութեան կորստին, զանգուածային արտագաղթի։
Այսօր, թէպէտ արցախցին կանգնած է ֆիզիկական բնաջնջման անդառնալի աղէտի ու Արցախը վերջնականապէս կորցնելու վտանգի առջեւ, այնուամենայնիւ աննահանջ պայքարում է ու շարունակում է յոյս փայփայել, որ դիմակայելով բազմաթիւ զրկանքների ու տառապանքների ի վերջոյ՝ կփրկուի Արցախը։ Արցախցին այժմ լքուած է ու ստորացուած, անպաշտպան, վիրաւորուած է մեր արժանապատուութիւնը։ Արցախի ու Հայաստանի միջեւ չկայ ընդհանուր, համընդունելի ազգային, քաղաքական օրակարգ։ Ելքը կարծես չի երեւում եւ դրանից աւելի ենք նեղւում, յուսահատւում։
Ներկայ պահին, արդէն 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնւում է լրիւ մեկուսացման ու պաշարման մէջ՝ առանց որեւէ մատակարարման ու տեղաշարժի նոյնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Սիրելի հայրենակիցնէ՛ր, համախմբուէ՛ք եւ փրկէ՛ք մէզ, մեր Հայրենիքը՝ վերահաս ողբերգութիւնից։ Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը աշխարհասփիւռ հայութիւնից։
Մի՛ յապաղեք։
Ժամանակ չունէ՛նք։
Արցախ
21․06․2023թ․