Հայաստանի հարաւում գտնուող Մեղրիի հին երկաթուղային կայարանի մօտ ճանապարհին կանգնած է մի ժանգոտ լոկոմօտիւ՝ ներկուած Խորհրդային Միութեան խորհրդանշանով, ասես դեռ ուղեւորների սպասելով, որոնք վաղուց դադարել են գալ, գրել է «Վաշինգթոն Փոստ»ը։
«…Մեղրին ռազմավարական խաչմերուկում է գտնւում, որի հասանելիութեան համար պայքարում են տարածաշրջանային տէրութիւնները, ներառեալ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, ինչը մտավախութիւններ է առաջացնում, որ այն շուտով կարող է յայտնուել նոր պատերազմի կենտրոնում։
Արաքս գէտից հիւսիս եւ Իրանի սահմանին գտնուող Մեղրին շրջապատուած է Ադրբեջանի տարածքով։ Արեւելքում գտնւում է Ադրբեջանը, որի սահմանը Հայաստանի հետ փակ է 1991-ից։ Դեպի արեւմուտք մօտ վեց մղոնի վրայ է Նախիջեւանը, որը դէպի ծով ելք չունեցող ադրբեջանական անկլաւ է, եւ որը Բաքուն վաղուց երազում է միացնել իր հիմնական մասին։ Նախիջեւանի մի մասը սահմանակից է Թուրքիային։
Ադրբեջանը Մեղրին եւ Հայաստանի Սիւնիքի մարզի մնացած մասն անուանում է Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ միւս պաշտօնեաները այդ միջանցքի բացումը համարում են իրենց գլխաւոր խնդիրը, որն այժմ գտնւում է ուշադրութեան կենտրոնում Բաքուի կողմից Արցախի վիճելի տարածքը վերադարձնելուց յետոյ։
Զանգեզուրի միջանցքը Արեւելք-Արեւմուտք բաւական շահութաբեր եւ աւելի երկար երթուղու ընդհատուած օղակն է, այն անուանւում է «Միջին միջանցք», որը կմիաւորի Չինաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի հետ Ադրբեջանի միջով։
Երեւանը խոստացել է բացել տրանսպորտային երթուղիները 2020թ. հրադադարի համաձայնագրի շրջանակում, Արցախի ոչ երկար պատերազմից յետոյ։ Բայց այդ ժամանակուանից հայ պաշտօնատար անձինք առարկում են՝ յայտարարելով, որ ցանկացած նման պայմանաւորուածութիւն փաստացի կարող է նշանակել Հայաստանի տարածքի օկուպացիայ։
Մոսկուայի (որը չկարողացաւ կանխել Ադրբեջանի ռազմական գործողութիւնն Արցախում) կողմից դաւաճանուած Հայաստանն այժմ ցանկանում է ունենալ երրթուղու լիակատար վերահսկողութիւնը։ Եւ նա այլեւս չի ցանկանում ռուսական ուժերի մասնակցութիւնը, որոնք պահպանում են Մեղրիի սահմանը 1970-ականներից։
Մինչդեռ Ադրբեջանը ճնշում է գործադրում Երեւանի վրայ՝ պահանջելով միջանցքի անխոչընդոտ հասանելիութիւն, ջանալով նորից բացել հին խորհրդային երկաթուղին Բաքուից մինչեւ Նախիջեւան, ինչպէս նաեւ աւտօխճուղին։ Երթուղու պատրաստման շրջանակում արդէն սկսուել է ենթակառուցուածքի շինարարութիւնը։
Ալիեւը հասկացրել է, որ Բաքուն ուժ կկիրառի, որպէսզի զաւթի միջանցքը, եթէ 2020թ. համաձայնագիրը չկատարուի։ «Մենք կ’իրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ցանկանայ դա Հայաստանը, թէ ոչ»,- յայտարարել է նա 2021թ.։
«Ես կարծում եմ, որ սրման սպառնալիքը միանգամայն հաւանական է»,- ասել է Միջազգային յարաբերութիւնների գերմանական խորհրդի Հարաւային Կովկասի գծով փորձագէտ Շթեֆան Մեյսթերը։ «Ադբեջանցիները առաւելապաշտական մօտեցում ունեն… Եթէ նրանք կարողանան դիմանալ դրան, նրանք դա կանէն»։
Եւրոպական Քարնեգի հիմնադրամի աւագ գիտաշխատող Թոմաս դէ Վաալը, որը մասնագիտացել է տարածաշրջանի հարցերում, ասել է, որ գոյութիւն ունի «Արեւելք-Արեւմուտք այդ նոյն երթուղու երկու մրցակցող տեսլական». Հայաստանին աջակցում է Արեւմուտքը, իսկ Ադրբեջանին՝ Ռուսաստանն ու Թուրքիան միասին։ «Աւելի հաւանական է, որ Բաքուն եւ Մոսկուան միասին կօգտագործեն ճնշման իրենց բոլոր կէտէրը Հայաստանի կառավարութեան վրայ, որպէսզի ստիպեն նրան ընդունել իրենց պլանը»,- ասել է դէ Վաալը։ «Այնպէս որ, սա վերածւում է իսկական մրցութեան»։
Թուրքիան եւ Ռուսաստանը, որոնց ձեռնտու կը լինէր Հայաստանի տարածքը հատող տրանսպորտային կապերի ընդլայնումը, աջակցել են Ալիեւի պլաններին։ Ռուսաստանը յատկապէս ցանկանում է, որ այդ հարաւային երթուղին թոյլ տա շրջանցել արեւմտեան պատժամիջոցները։ Մոսկուան Ադրբեջանին օգտագործում է նաւթի վաճառքը շարունակելու համար՝ չնայած ներմուծման արգելքին եւ գների սահմանափակման ռեժիմին։
Բայց Իրանը՝ Հայաստանի հզօր դաշնակիցը եւ նրա միակ բարեկամական հարեւանը, վճռականօրէն դէմ է այս նախագծին՝ թոյլ չտալով Հայաստանի հետ իր սահմանի ցանկացած փոփոխութիւն։ Ենթադրուող պլանը կխոչընդոտի, եթէ չխզի ազատ առեւտուրը եւ փոխադրումները երկու երկրների միջեւ։ Սա նաեւ կարող է յանգեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գազի գործարքներից Իրանի շահոյթների կրճատման։
Արցախի դէմ Ադրբեջանի կայծակնային յարձակումն անցած ամիս, որն ստիպեց աւելի քան 100 000 էթնիկ հայերի, որոնք ապրում էին տարածաշրջանում, փախչել, մտավախութիւններ առաջացրեց, որ Բաքուն, որն ուժեղացրել է իր ռազմատենչ հռետորաբանութիւնը, կարող է ուժ կիրառել, որպէսզի հասնի տարանցման միջանցքին։