ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեանն ուղղուած ընթացիկ աշխատանքներ

ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեանն ուղղուած ընթացիկ աշխատանքներ

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից, ճշտուած քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում, շարունակւում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ բազմամակարդակ աշխատանքները։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան կոնկրէտ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնն ամբողջապէս կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետութեանը տրամադրուող ամերիկեան օժանդակութեան շեշտակի աւելացման, Հայաստանի պաշտպանունակութեան բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձեւերի նախագծեր գտնւում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրէնսդրաիրաւական գործընթացի մէջ։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, համայնքային ներգրաւմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդէս գալու նոր նախաձեռնութիւններով եւ միանալու առկայ նախաձեռնութիւններին։

Ասուածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկեան Սենատում, որտեղ Սենատի զինուորական ծառայութիւնների յանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի եւ Սենատի բիւջետային յանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդութեամբ 20 կոնգրէսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնը, ինչպէս նաեւ միջազգային անվտանգային երաշխաւորութեան պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրաւունքի իրացումը։ Նամակում նաեւ կոչ է արւում պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին՝ իրականացուած պատերազմական յանցագործութիւնների համար։

Կոնգրեսական այս նախաձեռնութիւնը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Քանի որ աւելի քան 115․000 հայեր դեռեւս վտանգի տակ են, որոնք բախւում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի եւ բժշկական օգնութեան հասանելիութեան մարտահրաւէրների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի եւ Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։ Մենք պէտք է տեսնենք, որ այս օգնութիւնը տրամադրւում է Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու կոնկրէտ քայլերին եւ ամերիկեան կայուն արշաւին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ»:

Յունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղուած նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հաեօց ցեղասպանութեան 109-րդ տարելիցը, Միացեալ Նահանգները պէտք է քայլեր ձեռնարկի, որպէսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլեւս երբեք չկրկնուէն: Սա ներառում է Հայաստանին յաւելեալ մարդասիրական եւ տնտեսական աջակցութիւն տրամադրելը, հայ-ամերիկեան կապերի ամրապնդումը եւ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելը, այդ թւում՝ պատժամիջոցների հնարաւոր կիրառումը մարդու իրաւունքների ցանկացած խախտման համար»: Նամակում նաեւ նշուած է՝ «Հայաստանում ներկայումս բնակւում են աւելի քան 115․000 փախստականներ, այդ թւում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանուած են Ադրբեջանի կողմից։ Ենթադրւում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչեւ 2 միլիարդ դոլար յաւելեալ հրատապ մարդասիրական օգնութիւն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչութեանը եւ ապահովելու հիմնական կարիքների բաւարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամէնը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնութիւն, որից միայն չնչին մասն է ուղղակիօրէն յատկացուել փախստականներին։ Սենատորները Բայդենին նաեւ կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նոյն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրաւէրներին:

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւեալ յղմամբ։

Վերը ներկայացուածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկւում է 2025թ․ֆիսկալ տարուայ ԱՄՆ արտաքին օժանդակութեան ակտը, որտեղ ներկայացուած օրէնսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադուող օժանդակութեան ծաւալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակութեան բացառմանը եւ ցեղասպանական գործողութիւնների համար Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելուն։
Հայանպաստ նախագծերը ներկայացուել են Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի, Նիկոլ Մալիոտակիսի, Դինայ Տիտուսի, Մայք Լոյերի եւ Գուս Բիլիրակիսի կողմից։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը նաեւ սատարում է մի նախագիծ, որը կը հեշտացնի Կիպրոսին ամերիկեան պաշտպանական ապրանքների վաճառքի վերանայման գործընթացը:

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
21․ 06․ 2024թ․

Share