Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած ջանքերին: Այս մասին յայտարարել է ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական գործողութիւններին, մենք ցանկանում ենք յստակեցնել, որ Միացեալ Նահանգների ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է մեր գործադրած ջանքերին, բայց որ շատ աւելի կարեւոր է՝ այն ջանքերին, որ երկու երկրներն էլ գործադրում են տարածաշրջանում արդար եւ արժանապատիւ խաղաղ լուծում գտնելու համար: Սա արտացոլում է եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի շահերը։ Երկու երկրներն էլ իրենց ներդրումն են ունեցել այս գործում, այդ թւում՝ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինեանը։ Եւրամիութիւնը եւ ես աջակցում ենք այս աշխատանքին։ Այնպէս որ, գործողութիւնները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, պարզապէս հակասում են այդ ջանքերին», — ասաց նա: