Որոշ հայկական ընկերութիւնների մուտքը ռուսական շուկայ շարունակում է սահմանափակուել

Որոշ հայկական ընկերութիւնների մուտքը ռուսական շուկայ շարունակում է սահմանափակուել

Ռուսական շուկայ հայկական միրգ-բանջարեղէն արտահանելու արգելքի հետ կապուած հայ-ռուսական բանակցութիւններն աւարտուել են, սակայն ռուսական կողմը չի վերացրել արգելքը։ 16 ընկերութեան մուտքը ռուսական շուկայ շարունակում է սահմանափակուել։

«Ոչ, արգելքը դեռ վերացուած չէ, քանի որ մենք պէտք է այդ կազմակերպութիւնների հետ սկսուած ուսումնասիրութիւնների, ստուգումների մասին տեղեկացնենք իրենց», – ասաց Սննդի տեսչութեան հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Յարութիւնեանը:

«Ռոսսելխոզնադզօրը» յուլիսի կէսին է Հայաստանի գործընկերներին տեղեկացրել՝ ապրիլից յունիս Ռուսաստան ներմուծուած պտուղ-բանջարեղէնում թունաքիմիկատների քանակը թոյլատրելիից աւելին է եղել, այդ պատճառով են արգելել։

Ե՞րբ այդ ընկերութիւնները կը կարողանան իրենց ապրանքը ռուսական շուկայ հասցնել, ժամկէտներ չէն նշում։ Շուտ չի լինի, ասում է Սննդի տեսչութեան հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Յարութիւնեանը. – «Երկար գործընթաց է, րոպէական հնարաւոր չէ անել ու ասել, որ ստուգեցինք ու հասկացանք՝ ինչի մասին է խօսքը»:

Ընկերութիւնների ցանկը յամառօրէն կողմերը չէն հրապարակում։ Սննդի տեսչութիւնից միայն նշում են, որ 16 արտահանողից 3-ն են միայն արտադրող, 9-ը քաղաքացիներ են, 1-ը անհատ ձեռնարկատէր, որ տարբեր տնտեսութիւններից հաւաքում են բերքն ու արտահանում, 6-ն էլ կազմակերպութիւններ են։

«Այս պահին մենք երեք արտադրողի մօտ, բնականաբար, անմիջապէս սկսել ենք իրենց արտադրանքում ստուգումները անել, բայց մնացածի հետ արդէն լուրջ ուսումնասիրութիւնների խնդիր կայ: Մենք պէտք է հասկանանք, թէ իրենք որ տնտեսութիւններից են հաւաքել, իրենք պէտք է ցուցէն, այսինքն սա գործընթաց է, որ պէտք է արուի, իսկ դա արագ չի արւում», – նշեց Յարութիւնեանը:

Ռուսական կողմն է հրապարակել՝ ինչ են պայմանաւորուել քննարկումների ընթացքում։ Ռուս մասնագէտները օգոստոսի վերջին Հայաստան կը գան Ռուսաստան ներմուծուող ապրանքների արտադրութեան, վերամշակման, պահպանման եւ փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու համար։ Փոխադարձ այցելութիւն կը լինի։

«Ռուսական կողմը հայ գործընկերներին հրաւիրել է այցելել «Ռոսսելխոզնադզօրի» ենթակայութեան լաբորատորիաներ՝ ծանօթանալու բուսական մթերքներում թունաքիմիկատների մնացորդների պարունակութեան մոնիտորինգի համակարգին», – ասուած է հաղորդագրութիւնում։

Ըստ «Ռոսսելխոզնազօր»-ի՝ այս տարուայ յուլիսի դրութեամբ Հայաստանից ռուսական շուկայ է ներկրուել մօտ 74 հազար տօննայ միրգ եւ բանջարեղէն, այնքան, որքան 2023-ի նոյն ժամանակահատուածում։ Ամենաշատը ծիրանն է՝ մօտ 29 հազար տօննայ, մօտ 13 հազար տօննայ խնձոր է արտահանուել, շուրջ 8 հազար լօլիկ ու մօտ 6 հազար տօննայ պղպեղ։

Հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացման ֆոնին այս քայլը Հայաստանում քննարկւում է նաեւ քաղաքական տեսանկիւնից՝ որպէս պատիժ դաշնակցի նկատմամբ։

azatutyun.am

Share