Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Մարտակերտի շրջանի Վանք գիւղում տեղի է ունեցել ՀՅԴ Երիտասարդական կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը։
Արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, անդամներ Ալեօնայ Գրիգորեանը, Մհեր Առաքելեանը, ՀՅԴ Մարտակերտի կոմիտէի ներկայացուցիչ Ալիկ Սարգսեանն ու շրջանի կուսակցական ընկերները, ՀՅԴ Ասկերանի կոմիտէի ներկայացուցիչ Սուրիկ Թովմասեանը, Նորայր Դանիելեանի եղբայր Նելսոն Դանիելեանը, Վանքի դպրոցի տնօրէն Արամայիս Բալայանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները, ՀՅԴ Վանքի խմբի պատանիները, կուսակցականներ եւ գիւղացիներ։
Կենտրոնի բացման օրը (կենտրոնը կրելու է Արցախեան ազատամարտի հերոս, Արցախի Պաշտպանութեան բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամաւոր, դաշնակցական Նորայր Դանիելեանի անունը) պատահական չէր ընտրուած․ երէկ՝ հոկտեմբերի 18-ին, լրացել էր Նորայր Դանիելեանի զոհուելու 29-րդ տարելիցը։
Այդ կապակցութեամբ ՀՅԴ Վանքի երիտասարդական եւ պատանեկան միութիւնները յուշ-ցերեկոյթ էին կազմակերպել։ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Մարթայ Չիլինգարեանը ներկայացրել է իր հեղինակած եւ Նորայր Դանիելեանի յիշատակին նուիրուած բանաստեղծութիւնը․
Արցախի սրտում ճախրում է հզօր,
Անմահ մի արծիւ ոսկէ թռիչքով,
Ու մէկ-մէկ կախում գլուխն իր անզօր
Եւ հայրենիքին իր լուռ հետեւում։
Ժամանակներ են անցել գնացել,
30 տարին այնքան էլ շատ չէ,
Բայց հայրենիքը այնքան է փոխուել,
Որ ճանաչելը այնքան էլ հեշտ չէ։
-Հայրենի հողս մի բուռ է դարձել,
Ու՞ր է հայրենիքն իմ անյետացել։
Միթե՞ այսպէս եմ ես նրան թողել,
Որտե՞ղ ես, Արցայ՛խ, դու ու՞ր ես կորել։
Գոռում-գոչում է արծիւն ալեհեր,
Եւ շարունակում թռիչքն իր ահեղ,
Ու տեսնում է նա մի խումբ ընկերներ,
Որ հաւաքուել են ու բռունցք դարձել։
Թեեւ փոքր են, բայց տենչեր ունեն,
Հայրենասէրի մաքուր սիրտ ունեն,
Հայրենատէրի հզօր ուժ ունեն,
Եւ ոգեշնչող նախնիներ ունեն։
Ունէն գաղափար` Դաշնակցութիւնը,
Եւ միաւորող ընկերութիւնը,
Ու մի նպատակ ամէն ինչից վեր
Որ պիտի հասնեն թեկուզ մահն ի վեր։
Դուք մի արծիւ եք Նորայր Դանիելեան,
Պատիւ է կրել Ձեր անունն անմար,
Որ միշտ մէզ կասի ինչպէս հայ մնալ,
Ու Ձեզ պէս հայրենատէր դառնալ։
Միջոցառմանն իր խօսքն է ասել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը։
Նա, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՅԴ Վանքի «Նորայր Դանիելեան» երիտասարդական կենտրոնի բացումը շատ սպասուած եւ ոգեւորիչ է ինչպէս երիտպատանեկան միութիւնների, այնպէս էլ կուսակցական ընկերների համար։
«Գրասենեակը զուտ պատերը չէ, այլ հոգի եւ ոգի է, ինչը մեր Վանքի երիտպատանեկան խմբից անպակաս է։ Շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում եմ, որ շարունակեք ձեր հայրենանուէր գործունէութիւնը»,-ասել է Ա․ Մոսիեանը։
Ելոյթով հանդէս է եկել նաեւ ՀՅԴ Մարտակերտի շրջանի «Գանձասար» կոմիտէի ներկայացուցիչ Ալիկ Սարգսեանը։ Նա նշեց, որ թէեւ կարճ ժամանակ է, ինչ Վանքում ձեւաւորուել է կուսակցութեան երիտասարդական թեւը, սակայն արդէն իսկ հասցրել է զգալի աշխատանքներ կատարել։
«Այս կարեւոր բջիջը, որը ձեւաւորուել է Վանք գիւղում, երիտասարդութեանը տալու է ճիշտ ուղղութիւն, ազգանպաստ գործի համար ճիշտ մտածելու, համախմբուած լինելու եւ շարունակելու այն գոյապայքարը, որը, ցաւօք սրտի, շարունակւում է դարեդար»,-ասել է նա։
Նա եւս շնորհաւորեց լեգենդար հրամանատարի անունը կրող կենտրոնի բացման կապակցութեամբ եւ ընդգծեց, որ բոլորի համար պարտաւորեցնող է շարունակել այն սուրբ գործը, որի համար տասնեակ հազարաւոր երիտասարդներ չխնայեցին իրենց կեանքը։
Միջոցառմանը խօսք ունէր ասելու նաեւ Նորայր Դանիելեանի եղբայրը՝ Նելսոն Դանիելեանը։ Նրա համար ուրախալի էր Նորայր Դանիելեանի անուան երիտասարդական կենտրոնում տեսնել տասնեակ երիտասարդների ու պատանիների։
«Կցանկանայի, որ դուք կարողանայիք շարունակել Նորայր Դանիելեանի սկսած գործը։ Նորայր Դանիելեանը չի հասցրել իր գործը աւարտին հասցնել, իսկ նրա նման տղաների կարիքը 44-օրեայ պատերազմում մենք շատ ենք ունեցել»,-ասել է Ն․ Դանիելեանը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անունից իր խօսքն է ասել Անի Հովհաննիսեանը։
Նա նշեց, որ մէկ տարուց աւելի է, ինչ ՀՅԴ երիտասարդական եւ պատանեկան միութիւնները Վանքում իրենց գործունէութիւնն են ծաւալում, որի մեկնարկը տրուել էր ամառային ճամբարներից։
«Տեսնելով երեխաների ակտիւութիւնը, հետաքրքրուածութիւնը, նրանց հայրենասիրութիւնը, պայքարելու կամքն ու ոգին՝ անհրաժեշտութիւն համարեցինք բացելու այս երիտասարդական կենտրոնը, որտեղ կը շարունակէնք իրականացնել մեր ուսուցողական եւ դաստիարակչական ծրագրերը, աւելի շատ պատանիների մօտ կսերմանենք հայրենասիրութիւնը»,-ասել է Ա․ Հովհաննիսեանը։
Նրա խօսքով՝ պատերազմից յետոյ բռնազաւթուած հողերի հետ միասին թշնամու տիրապետութեան տակ անցած ՀՅԴ գրասենեակների փոխարէն այսօր ՀՅԴ երիտասարդական գրասենեակի բացումը եւս մէկ անգամ փաստում է Արցախում ապրելու, Արցախը շէնացնելու եւ պաշտպանելու կամքն ու պատրաստակամութիւնը։
«Ապրելով ստեղծուած իրավիճակում՝ հասկանում ենք, որ մարդկանց մէջ չկայ այն ոգեւորուածութիւնը, որը կար 90-ակաների Արցախեան ազատամարտի ժամանակ: Համոզուած ենք, որ Նորայր Դանիելեանը խիզախութեան, սխրանքի օրինակ ու ոգեշնչման աղբիւր կը դառնայ մեր երիտասարդների եւ պատանիների համար: Մենք լիայոյս ենք, որ այս կենտրոնում կդաստիարակուեն ու կմեծանան Նորայր Դանիելեանին արժանի հետնորդներ՝ դժուարութիւնները յաղթահարելու, պայքարելու եւ յաղթելու վճռակամութեամբ լեցուն»,-նշել է նա։
Ա․ Հովհաննիսեանը ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անունից շնորհակալութիւն է յայտնել Վանքի համայնքապետարանին, դպրոցի տնօրենին՝ այս ընթացքում միութեան աշխատանքներին աջակցելու, իրենց կողքին լինելու համար եւ յոյս յայտնեց, որ այդ համագործակցութիւնը շարունակական կը լինի՝ Վանքի պատանիների ու երիտասարդներին հայեցի կրթելու, դաստիարակելու ընդհանուր նպատակի շուրջ։
Խորհրդանշական կարմիր ժապաւէնը կտրել են ՀՅԴ ԱԵՄ-ի Վանքի խմբի երիտասարդները։
aparaj.am