Տիրայր Մուրադեան
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպէյեանի անուան զբօսայգուց մօտ 2000 քմ տարածք վաճառքի է հանուել։ 2.6 միլիոն դոլարով վաճառուող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերուել ընդամէնը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմութիւնը եւ պարզել, որ գոյքն օտարուել է կասկածելի գործարքների արդիւնքում։ Տարածքի ներկայիս սեփականատէրը Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստեանի ընկերութիւնն է։
Մեասնիկեան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյեանի անուան զբօսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցուած։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղուող անշարժ գոյքի գործակալութիւն եւ հանդէս գալով որպէս հաւանական գնորդ՝ պարզեցինք արժէքը. այն վաճառւում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Ահա գործակալի հետ մեր զրոյցից մի հատուած։
-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնուող հողը ձե՞ր գործակալութիւնն է վաճառում։
-Այո։
-Ի՞նչ արժի։
-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։
-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։
-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հէնց այդ տարածքը կայ` 1903 քմ։
-Օրինական, սեփականաշնորհուած տարա՞ծք է։
-Աեօ։
-Ճակատը քանի՞ մետր է։
-Ճակատը մօտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շէնք-շինութիւնների կառուցապատման համար է։
-Խառը կառուցապատման տա՞կ է։
-Չէ, գրուած է՝ բնակավայրերի ու շէնք-շինութիւնների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնութիւնն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խօսքը շէնք կառուցելու թոյլատրելի հարկայնութեան մասին է- հեղ․)։
-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։
-Հետեւն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, եւ այդքանն ամբողջը սեփականութեան վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհուած հող է։
Արբանեակից արուած լուսանկարներ ներկայացնող «Google Earth» ծրագրի միջոցով հնարաւոր է տեսնել վաճառքի հանուած հողատարածքի տարբեր տարիների տեսքը։ 2000 թ.-ի դրութեամբ հողամասում կան ծառեր եւ թփեր։ Իսկ արդէն 2004 թ.-ի մայիսին տարածքը կանաչապատ է։ Յաջորդ տարիների լուսանկարներում երեւում է, թէ ինչպէս են «Կրպեյեանի» այգում եւ հարակից տարածքներում տնկուած ծառերը փարթամացել։ Սակայն սեփականաշնորհուած հատուածում ծառեր չէն տնկուել, եւ այն բացատի է վերածուել։ 2018 թ.-ին նշուած տարածքը հրդեհուել է։
Տարածք մեր այցելութեան ժամանակ յայտնաբերեցինք տասնամեակներ առաջ կառուցուած մի շինութիւն, որ գտնւում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանուող հատուածում (շինութիւնը մասամբ գէտնափոր է)։ Հողամասում առկայ էին խորքից հատուած հաստաբուն ծառեր։
Գայի պողոտայ 2ա հասցէի հողամասի սեփականատէրը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստեանին։ Գալստեանը խոշոր շինարարական ընկերութիւնների հիմնադիր է։ «Շինարարի օրուան» նուիրուած հանդիսաւոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխուարչապետ Տիգրան Աւինեանը Գագիկ Գալստեանին է յանձնել «Վաստակաւոր շինարարի» կոչումը։
Նոր Նորքում գտնուող 1903 քմ հողամասի օտարման պատմութիւնը սկսւում է 2000 թ.-ից։ Նոր Նորք թաղային համայնքի աւագանին, թաղապետ Մկրտիչ Մինասեանի առաջարկութեամբ օտարուող համայնքային գոյքի ցանկում է ներառել Գայի պողոտայի սկզբնամասում գտնուող էլեկտրական ենթակայանի նախկին շինութիւնը։ Համաձայն աւագանու որոշման՝ այն զբաղեցրել է ընդամէնը 32 քմ տարածք։ Աւագանու որոշումից օրեր անց Նոր Նորքի թաղապետը ստորագրել է գոյքն օտարելու որոշում, որից տեղեկանում ենք, որ աճուրդային կարգով, 268 հազար 800 դրամով այն գնել է քաղաքացի Սաշայ Ղուկասեանը։ Գնորդը Գլխաւոր դատախազութեան մարդու դէմ ուղղուած յանցագործութիւնների գործերով վարչութեան դատախազ Տաթեւիկ Ղուկասեանի հայրն է։ Կադաստրի կոմիտեից ստացուած տեղեկանքի համաձայն՝ գոյքի սեփականատէրը հողամասը բաժանել է երկու մասի, որից յետոյ մի քանի գործարք է կատարուել։
Վերջնարդիւնքում՝ 2007 թ.-ին հողամասէրը գնել է Ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստեանին պատկանող «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն։ Այս ընկերութիւնը միաւորել է 2 առանձին տարածքները։ Ուշագրաւ է, որ ո՛չ Կադաստրի կոմիտէի տեղեկանքում, ո՛չ Նոր Նորքի աւագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներում չենք յայտնաբերել տուեալ, թէ ինչպէս է 32 քմ գոյքը վերջնարդիւնքում դարձել 1903 քմ։
Երեւանի քաղաքապետարանը փետրուարի 29-ին ոստիկանութեան ուղեկցութեամբ մուտք գործեց Թաթուլ Կրպեյեանի անուան զբօսայգու յետնամասի՝ համայնքային սեփականութիւն համարուող հողատարածք, որպէսզի տարածքն ազատի ինքնակամ կառուցուած կացարաններից։ «Թաթուլ Կրպեյեանի անուան զբօսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսւում է ամբողջութեամբ սահմանազատել եւ կանաչապատել: Ապօրինի շինութիւնների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնոյթ. զաւթուած հողատարածքները փուլ առ փուլ կուերադարձուէն համայնքին եւ կբարեկարգուէն ու կը կանաչապատուէն»,- ասուած է քաղաքապետարանի լրատուական վարչութեան՝ այդ օրը տարածած հաղորդագրութեան մէջ։ Այդ համատեքստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Աւինեանը յայտարարել է․ «Երեւանի տարածքից, համայնքից, մասնաւորապէս՝ կանաչ տարածքներից զաւթուած հողը նոյնպէս գողութիւն է»։
Հատուած Արմէն Բոգոյեանի ներկայացրած՝ կանաչապատման ենթակայ տարածքի սահիկաշարից
Երեւանի քաղաքապետարանի փետրուարի 26-ի գործակարգավարական նիստում «Կանաչապատում եւ շրջակայ միջավայրի պահպանութիւն» ՀՈԱԿ-ի տնօրէն Արմէն Բեգոյեանը, անդրադառնալով Գայի պողոտայի սկզբնամասի սեփականաշնորհուած հողամասին, նշել է, որ Երեւանի գլխաւոր յատակագծով այդ տարածքը կանաչապատման ենթակայ է։ «Անհասկանալի է, թէ ինչպէս է ընդհանուր օգտագործման համար համայնքային սեփականութիւն հանդիսացող հողամասի այդ հատուածը մասնաւորեցուել»,- յայտարարել է Արմէն Բեգոյեանը։
Արդյօք Երեւանի քաղաքապետարանը եւ իրաւապահները նոյն ջանասիրութեամբ համայնքին կուերադարձնէն կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհուած հողամասը, ինչպէս այգին ազատեցին ինքնակամ կառոյցներից, թե՞ որոշիչ կը լինէն վաղեմութեան ժամկէտներն ու ենթադրեալ բարեխիղճ գնորդի իրաւունքները։ Ժամանակը կը տայ այս հարցի պատախանը։
Տեսանիւթը՝ Սարո Բաղդասարեանի