Եօթ լուսատուներով լցուած մի գիշեր

Եօթ լուսատուներով լցուած մի գիշեր

Արիս Քարամեան

 Երեկոյի լոյսն ու ջերմութիւնը դեռ չեն մարել։ Մշակութային երկնակամարը ողողուած էր գրականութեան շնչով՝ Մարգարիտ Դերանցի եօթ գրքերի շնորհանդէսի առիթով, որը տեղի ունեցաւ ս. թ. փետրուարի 24- ին, Burbank- ի առաջնորդարանում, գերաշնորհ Տէր Հովնան Արքեպիսկոպոս ՏԷրտէրեանի հովանաւորութեամբ։

   Այս եօթ գրքերը, ինչպէս եօթ աստղ, վառուեցին դառնալով նոր լուսատուներ գրականութեան աշխարհում։ Մարգարիտ Դերանցի ստեղծագործական ուղին վաղուց է ճանաչուած, գնահատուած ու սիրուած ընթերցողների կողմից, սակայն այս երեկոն դարձաւ մի նոր հաստատում նրա նուիրուածութեան՝ բառի, գրականութեան և մտքի հանդէպ։ Հանդիսութիւնն անցաւ ջերմ ու բարձր մակարդակով, որտեղ հասարակական գործիչներ, գրական աշխարհի ներկայացուցիչներ,  մտաւորականներն ու արուեստագէտները արժևորեցին նրա գրական ներդրումը։

Մարգարիտ Դերանց

   «Եօթ որդով սեղան նստես»՝ ասում է ժողովրդական ասացուածքը, իսկ Մարգարիտ Դերանցն այս երեկոյին «նստեց» ընթերցասէր հանրութեան սեղանին՝ իր եօթ գրքերով, որոնք արժանացան գրական շրջանակների ու մտաւորականների բարձր գնահատանքին։ Ելոյթ ունեցան արտակարգ և լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր Ծերուն Թադևոսեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու դոցենտ Նորայր Պօղոսեանը, բանասէր-մշակութային գործիչ Րաֆֆի Մելքոնեանը, յայտնի դաշնակարուհի՝ Սուսաննա Տարոնցին, արցախեան ակունքներով արուեստագէտ՝ Անահիտ Իշխանեանը, ասմունքող, դերասան ՝ Ռաֆֆի Սարեանը, բազմաթիւ միջազգային մրցոյթների յաղթող դասական հանրաճանաչ երգչուհի Անահիտ Ներսիսեանը, ինչպէս նաև դերասաններ, ասմունքողներ, գրողներ, վերլուծաբաններ և ընթերցողներ, որոնց հոգում Դերանցի գրքերը թողել են անմոռաց հետք։

    Երեկոյի ընթացքում հնչեցին շնորհակալական ու բարձր գնահատանքի խօսքեր՝ ուղղուած գրողին։ Նշենք, որ Մարգարիտ Դերանցի անգլերէնով թարգմանուած «Սեր լուսնեզրին» վէպը «Love on the Moonedge» խորագրով գիրքը 2023թ. մասնակցելով American Book Fest մրցանակաբաշխութեանը դուրս է եկել եզրափակիչ փուլ` պատմական սիրավէպ ժանրում: 2023 թ. ռուսերէնով թարգմանուել է «Սեր և էմիգրացիա» գիրքը, որը լոյս է տեսել «ЛЮБОВЬ ЭМИГРАНТКИ» խորագրով, և արժանացել է ռուս գրաքննադատների ուշադրութեանը և գնահատանքին։ Հայրենիքի, հայի ապագայի հանդէպ խոր ապրումներից, տագնապից ծնուած Արցախի պատմութեան վերջին մէկ դարի և արցախեան աշխարհամարտերին նուիրուած «Գմբէթաւոր Հովանոցը» վէպը 2024 թ. Հայաստանի Գրողների Միութեան ամէնամեայ գրական մրցանակաբաշխութիւնում արժանացել է Ե. Չարենցի անուան մրցանակի, իսկ Ստեփան Ալաջաջեանի վէպերի մրցոյթում դարձել է մրցանակակիր։ Իսկ « Աւետեաց Երկիր» պատմուածքը, 2024 թ. Հայաստանի Գրողների Միութեան պատմուածքի գրական մրցոյթում գրաւել է երկրորդ պատուաւոր տեղը։ 2025թ յունուարին  ռուսական հեղինակաւոր Литературная газета ամսագրիրը, ըստ «21-րդ դարի գրականութեան ժառանգութիւնը» ամէնամեայ մրցոյթի, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնութիւնում, Մարգարիտ Դերանցն արժանացել է «Աշխարհի գրիչ» տարուայ գրան-պրի մրցանակին` ինքնատիպ ոճի և գրականութեան միջոցով միջազգային երկխօսութեան ամրապնդման համար։

   Նրա ստեղծագործութիւնները ոչ միայն յուզում են, այլև ներշնչում, խթանում են մտորումները և նոր լոյս են վառում ընթերցողների հոգիներում։ Գրական երեկոյի վերջում արուեստագիտութեան դոկտոր՝ Մարատ Հայրապետեանը Մարգարիտ Դերանցին յանձնեց Ամերիկայի Սենատի և Գլենդելի քաղաքապետարանի բարձրագոյն պարգևները։

  Երեկոն աւարտուեց գերաշնորհ սրբազան Տէր Հովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի հոգեպարար աղօթքով և օրհնութեամբ։

  Ընթերցէք տիկին Մարգարիտ Դերանցի գրքերը. դրանք մեր բարդ օրերի, մարդկային բազմաշերտ փոխյարաբերութիւնների գեղարուեստական հրաշալի հիւսուածքներ են, որոնց էջերում նորովի են  բացայայտուում մեր կեանքը, Հայրենիքն ու Սփիւռքը, կինն ու տղամարդը, նրանց հոգեկան աշխարհի բազմերանգ գոյները, լոյսն ու խաւարը, կարօտի շերտերը, անձնազոհ սիրոյ խորհուրդը, հայրենի հողից ու ջրից կտրուած հայ էմիգրանտի մշուշուած ներկան ու ապագան։

  Մարգարիտ Դերանցի եօթ գրքերը, որպէս  եօթ լուսատուներ նոր ճանապարհ են հարթում՝ դէպի նոր գրքեր, նոր յաջողութիւններ ու նոր բարձունքներ։ Գրողի խօսքը շարունակում է հնչել, դառնալով ոգեշնչման աղբիւր ու յաւէրժ մնալով ընթերցողների սրտերում։

Share