Նոր սկանդալ` Ֆրանսիայի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում

Նոր սկանդալ` Ֆրանսիայի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում

Փարիզը պաշտօնապէս մեղադրում է Բաքուին ապստամբութիւն հրահրելու մէջ, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի նահանգներից մէկում։ Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանն իսկապէս նոր մակարդակի է հասցրել Հայաստանի գլխաւոր եւրոպական դաշնակցի հետ պայքարի ինտենսիւութիւնը։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը յայտնել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Ֆրանսիայի այս «արտէրկրեայ տարածքում» անկարգութիւնները, ջարդերն ու ոստիկանութեան հետ փոխհրաձգութիւնները չէն դադարում արդէն մէկ շաբաթ՝ պայմանաւորուած ընտրական օրէնսդրութեան փոփոխութիւններով։

«Սա ֆանտազիայ չէ: Ցաւօք, որոշ անջատողականներ համաձայնութեան են եկել Ադրբեջանի հետ»,- նշել է Դարմանենը: Նա չի յստակեցրել, թէ ինչ միջամտութեան մասին է խօսքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ հրապարակելով շատ կտրուկ հերքում՝ Փարիզին մեղադրելով նեոգաղութատիրութեան մէջ եւ պահանջելով ներողութիւն խնդրել։

Ինչպէս գրել է Взгляд-ը, այս ամէնը կարելի է ընկալել որպէս Ֆրանսիայի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների վատթարացման նոր փուլ, որը սկսուել է 2020 թուականին։

«Ղարաբաղեան վերջին պատերազմից եւ ԱՀ-ի լուծարումից յետոյ Փարիզը սկսեց ձեւացնել, թէ «հովանաւորում է» Հայաստանին, ինչը սովորաբար բացատրւում է Ֆրանսիայում հայկական մեծ սփիւռքի առկայութեամբ։ Մեկ այլ մակարդակում՝ կարելի է խօսել անդրկովկասեան համատեքստում Ֆրանսիայի միջազգային դերի վերականգնման փորձի մասին։ Ինչից էլ բխում ֆրանսիական զէնքի մատակարարումը Հայաստան», – նշուել է յօդուածում եւ ընդգծուել, որ Երեւանն ամէն կերպ հասկացնում է, որ լրջօրէն յոյսէր է կապում Ֆրանսիայի աջակցութեան հետ։

abcmedia.am

Share