Բազմահազարանոց հանրահաւաք Հանրապետութեան հրապարակում եւ երթ- Տեսանիւթ

Բազմահազարանոց հանրահաւաք Հանրապետութեան հրապարակում եւ երթ- Տեսանիւթ



Այսօր՝ յունիսի 9-ին Հանրապետութեան հրապարակում մեկնարկեց «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրաւիրած համազգային հանրահաւաքը։

Մինչեւ հանրահաւաքի սկսելը երիտասարդները Սասունցի Դաւիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի եւ Մատենադարանի հարակից տարածքներից երթով միացան հրապարակում հաւաքուած բազմահազար քաղաքացիներին:

Հանրահաւաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղօթքով:

Մեծ էկրանի վրայ ցուցադրուեց ոստիկանական վայրագութիւններն յիշեցնող տեսանիւթ:

Այս շրջանում իշխանութիւնները բազմաթիւ միջոցներով ճնշում են մարդկանց, դա կարող է դրսեւորուել մատ թափ տալուց սկսած մինչեւ կալանաւորում: Ունենք քաղբանտարկեալներ, որոնք երկար ժամանակ է նստած են. իր ելոյթում յայտարարեց փաստաբան Ռուբէն Մելիքեանը։

Անդրադառնալով ԱԳՆ շէնքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուն՝ փաստաբանն ասաց․ «Քանի դեռ մի ոստիկան չի կանչուել պատասխանատուութեան, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողութիւն, այդ թւում՝ ձերբակալում եւ կալանաւորում ապօրինի է, քանի որ տարբերակուած մօտեցում է կիրառւում»։

Հինգ իրաւապաշտպանների անունից ուզում ենք կարմիր բերետ նուիրել ՄԻՊ-ին, որովհետեւ նա հիանալի պաշտպանում է կարմիր բերետների իրաւունքը. ասաց Ռուբէն Մելիքեանը՝ յաւելելով, որ վաղն այն անպայման կառաքուի Անահիտ Մանասեանին։

«Իմաստ չունի իմ սովորելը, եթէ յետոյ պէտք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը: Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք աւելին, քան թւում է շատերին։ Վերջին հինգ տարիներին մենք շատ բան հասկացանք։ Շատ ժամանակ դժուար էր կոշմնորոշուել՝ փողոց դուրս գալ, մտնել պայքարի մէջ, բայց այսօր մէզ այլ ճանապարհ չէն թողել։ Մենք յաղթանակի սերունդ ենք եւ մեր յաղթանակաը պէտք է շարունակական լինի։ Մենք համաձայն չենք ապրելու պարտուողի հոգեբանութեամբ։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետութիւն, որպէսզի կառուցեմ իմ ապագան արժանապատիւ երկրում, ստիպուած չլինեմ արտագաղթել այլ երկիր»,- իր խօսքում ասաց ԵՊՀ ուսանող Արման Սարգասեանը, որը պայքարի օրերին տուժել է նաեւ ոստիկանների բռնի գործողութիւններից։

Հանրահաւաքի ժամանակ ցուցադրուեց տեսանիւթ այն մասին, թէ ինչ է նշանակում «Սրբազան պայքար»-ի տարբերանշանը:

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը իր ելոյթում նշեց. Մեկ ամիս է, ինչ Թուրքիայում եւ Ադրբեջանում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Ձեր պայքարին հետեւում են անհանգստացած, որ յանկարծ այստեղ մի փոփոխութիւն չլինի:

«Բացի այն, որ անհանգստանում են, այլեւ ձեր սկսած պայքարի պատճառով Թուրքիայում հրաւիրում են անվտանգութեան խորհրդի նիստ, որովհետեւ Հայաստանում իշխանափոխութիւնը ձեռնտու չէ իրենց շահերին»,-ասաց Գեղամեանը՝ յաւելելով, իրենք անհանգստանում են, որովհետեւ գիտէն՝ բոլորիս պայքարը բերելու է ոչ թէ թուրքական, այլ՝ հայկական խաղաղութիւն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը յայտարարեց. կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյութիւն չունի, եւ իբրեւ թէ մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը յայտարարեց

«Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանութիւնը չի կարող պատերազմ աւարտել։ Լաւագոյն դէպքում այն մէզ տանելու է ամբողջական ինքնայանձնման, մեր հայրենիքի, պետութեան եւ ինքնութեան կորստով։ Պատէրազմը չի աւարտուել։

Այն շարունակւում է այս յանցաւոր սահմանազատման եւ սահմանագծման տեսքով»,-ասաց Սրբազանը։

Անցումային կառավարութիւնը կպատրաստուի արտահերթ ընտրութիւնների` առանց դրան մասնակցելու. յայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, թէ անցումային կառավարութիւնը օրակարգային ինչ երեք ուղղութիւններով է աշխատելու․

«ա) Հաշտութեան կառավարութիւն վերկուսակցական՝ կազմուած բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով եւ նուիրումով։ Ներքին հաշտութեան՝ արդարութեան սկզբունքի վրայ։

բ) Արտաքին յարաբերութիւներ՝ իրական խաղաղութեան, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանուած ժամկէտում արտահերթ կամ հերթական ընտրութիւնների նախապատրաստում եւ անցկացում՝ առանց յաւակնութիւն ունենալու մասնակցելու այդ ընտրութիւններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր եւ մեկնարկային արդարութիւն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։

Բագրատ Սրբազանը յայտարարեց շարժման առաջիկայ օրերի անելիքները եւ պահանջները։

«Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցութիւններին․

Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամաւորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ յունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու օրակարգով։

Քայլ 2. Յունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտաւոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրաւիրելու մասին, քաղաքական մեծամասնութիւնը՝ ՔՊ-ական պատգամաւորները, պարտաւոր են ենթարկուել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով եւ համոզմունքով։ Մեր ներկայութեամբ մենք նրանց թոյլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրայ խորհրդարանը իր արտահերթ նիստով հաւանութիւն է տալիս գործող կառավարութեան հրաժարականի եւ նոր կառավարութիւն ձեւաւորելու որոշմանը»։

Խաղալու ժամը չէ, պէտք է գործել. յայտարարեց Սրբազանը:

Հանրահաւաքի աւարտին Հանրապետութեան հրապարակից մեկնարկեց երթ՝ Ամիրեան, Մաշտոց եւ Բաղրամեան փողոցներով:

Share