ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերգեյ Փարաջանովի 100-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումների շրջանակում Մոսկուայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը մոնոներկայացում է բեմադրուել:
Նախաձեռնութիւնը կեանքի է կոչուել Մոսկուայում գործող Սերգեյ Փարաջանովի անունը կրող թատրոնի կողմից: Այն հանդիսատեսի դատին է ներկայացրել դերասանուհի Լուիզայ Գաբբէն:
ՌԴ մշակոյթի նախարարութեան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ Ռուսաստանի բանակի կենտրոնական տան աջակցութեամբ կայացած ներկայացմանը, որում արտացոլուած էին Սերգեյ Փարաջանովի կեանքի բարդ ուղին եւ ստեղծագործական ընթացքը, ներկայ էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՌԴ մշակոյթի գործիչներ, տեղի հայ համայնքի անդամներ:
Մոսկուայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Լուիզայ Գաբբէն նշել է, որ մոնոներկայացումը Փարաջանովի ապրած տարիների եւ նրա անունը կրող թատրոնի ստեղծման պատմութեան համադրումն էր։
«Մեծ պատիւ ու պատասխանատուութիւն է վարպետի 100-ամեակի առթիւ այս ֆորմատով արուեստասէր հասարակութեանը ներկայանալը։ Դա մեր երախտիքի իւրօրինակ արտայայտումն է նաեւ»,- նշել է դերասանուհին` ներկայացումը ոչ թէ խաղ, այլ ապրում որակելով։
Նրա խօսքով` մեծ է պիեսը հայաստանաբնակ հանդիսատեսի համար բեմադրելու ցանկութիւնը։
Թատրոնի գեղարուեստական ղեկավար եւ հիմնադիր, բեմադրութեան հեղինակ Վլադիմիր Գաբբէն տեղեկացրեց, որ ներկայացմամբ թատրոնի կողմից տրուել է Փարաջանովի հարիւրամեակին նուիրուած տարուայ մշակութային միջոցառումների մեկնարկը, որոնք կամփոփուէն հոկտեմբերին՝ փառատօնի կազմակերպմամբ:
«Այսօր մէզ միաւորել է մեծ կինօռեժիսորից ժառանգած բարձր արժեհամակարգը, եւ, եթէ մէզ յաջողուել է մօտենալ այդ արժեհամակարգին, ուրեմն մենք կարողացել ենք կիսել այսօրուայ խորհուրդը: Պատահական չէ, որ Սերգեյ Փարաջանովի յոբելեանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասել է աշխարհի յիշարժան իրադարձութիւնների ցանկում: Հետեւաբար, մենք ուղղակի պարտաւոր ենք գնահատել, արժեւորել եւ հպարտանալ մեծ հայի արուեստի ազատութեամբ»,- ընդհանրացրել է մշակոյթի վաստակաւոր գործիչը: