«Պարզ երեւում է մի ձեռագիր՝ ՀՀ իշխանութիւնները սկսում են մեղաւորներ նշանակել եւ ամբողջ մեղքը բարդել արցախեան կողմի վրայ». Արթուր Մոսիեան

«Պարզ երեւում է մի ձեռագիր՝ ՀՀ իշխանութիւնները սկսում են մեղաւորներ նշանակել եւ ամբողջ մեղքը բարդել արցախեան կողմի վրայ». Արթուր Մոսիեան



Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւորները ՀՀ գլխաւոր դատախազ  Արթուր  Դաւթեանին եւ ՀՀ քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանին միջնորդութիւն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանեանի նկատմամբ կալանքը որպէս խափանման միջոց կիրառելու որոշումը  եւ փոխարինել այն անազատութեան մէջ պահելու հետ չկապուած այլ խափանման միջոցով։

168.am-ը Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանից հետաքրքրուեց, թէ ինչ սպասելիք ունեն ՀՀ իրաւապահ եւ դատական մարմիններից, արդեօ՞ք իրենց միջնորդութեան հիմքով կփոխէն Միքայել Արզումանեանի խափանման միջոցը։

«Պարզ երեւում է մի ձեռագիր, որ ՀՀ իշխանութիւնները սկսում են մեղաւորներ նշանակել եւ ամբողջ մեղքն ուզում են բարդել զուտ արցախեան կողմի վրայ։ Մենք գիտենք բանակի մասին, ու առհասարակ ամէն ինչի մասին, հետեւաբար՝ այս ամէնը յստակ քայլ է, որպէսզի սլաքներն ուղղէն դէպի արցախեան կողմ։

Ինքս քննչական գործողութիւնների մէջ չեմ մտնի, դրա իրաւասութիւնը չունեմ, մենք պարզապէս պատգամաւորներով ստորագրել ենք Միքայել Արզումանեանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետեւ խափանման միջոց կալանաւորումը մի շարք դէպքերում է լինում, իսկ դրա հիմքերն այս դէպքում չկան, մարդը հասցէ ունի, նա չի խուսափել, չի թաքնուել եւ այլն»,- նշեց Արթուր Մոսիեանը։

Հարցին՝ այս ձերբակալութիւնների եւ մեղադրանքների առաջադրումը մինչեւ ո՞ր օղակներ կարող է հասնել, օրինակ, հնարաւո՞ր է՝ մի օր էլ, օրինակ, Արցախի նախագահին մեղադրանք առաջադրէն՝ Արցախեան պատերազմը տանուլ տալու համար, Արթուր Մոսիեանը պատասխանեց, որ չգիտի, թէ մինչեւ ուր են հասնելու եւ Արցախի նախագահին կը հասնե՞ն, թե՞ ոչ։

«Այդ հարցը պէտք է ուղղել նրանց, ովքեր այս գործերն առաջ են մղում։ Ասում եմ՝ այդ միտումը յստակ երեւում է՝ ամէն ինչ Արցախի վրայ բարդելու համար։ Մենք բոլորս էլ շահագրգռուած ենք, որպէսզի ճշմարտութիւնը բացայայտուի, իսկ դրա համար պէտք է սկսէն թիւ մէկ մեղաւորից ու պատասխանատուից, եթէ նրանից չէն սկսում, ուրեմն մէկ բան այնպէս չէ»,- շեշտեց Արթուր Մոսիեանը։

Ճշտող հարցին՝ ո՞վ է թիւ մէկ մեղաւորն ու պատասխանատուն, Արթուր Մոսիեանը պատասխանեց.

«Այդ հարցի պատասխանը բոլորն էլ գիտէն, դրա մասին այդ մարդը բացայայտ յայտարարել է ՀՀ ԱԺ-ում։ Թիւ մէկ պատասխանատուն լինում է  թիւ մէկ մեղաւորը, սա ես չեմ ասում՝ նա է ասել ԱԺ-ում»։

Յիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխաւոր խորհրդական Միքայել Արզումանեանը ձերբակալուել էր՝ ըստ Քննչական կոմիտէի տարածած հաղորդագրութեան՝ Շուշիի պաշտպանութեան կազմակերպման ընթացքում պաշտօնեական անփութութիւն կատարելու համար։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 1-ին Միքայել Արզումանեանը կալանաւորուեց։ Սեպտեմբերին 2-ին էլ  մեղադրանք առաջադրուեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Յարութիւնեանին, նոյն օրը նա հեռացուեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայութեան պետի պաշտօնից։

Share