Исторический урок для Макрона, Пашиняна и Гарибашвили / ИА REX (iarex.ru)
Մակրոնը կարող է ցնծալ։ Նրան յաջողուել է Փարիզում հաւաքել միանգամից Անդրկովկասեան երկու երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւնների ղեկավարներին։ Նրանք ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Փարիզի «խաղաղութեան համաժողովին» եւ Մակրոնի կողմից ընդունուել են Ելիսեյեան պալատում։ Ցանկացած այլ քաղաքական իրավիճակում այս իրադարձութեանը կարելի էր վերաբերուել որպէս արտառոց երեւոյթի։ 2018ից Փարիզի «խաղաղութեան ֆորումը» սկսեց համարուել հարթակ, որտեղ պետութիւնների ղեկավարները եւ միջազգային կազմակերպութիւնները քննարկում են հաւաքական գործողութիւնների նոր թեմատիկ ձեւերի ստեղծումը: Բայց այս անգամ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Վրաստանի առաջնորդները յայտնւում են իւրայատուկ իրավիճակներում։
Ադրբեջանի համար երկրորդ յաղթական ղարաբաղեան պատերազմից յետոյ Փարիզը կտրուկ ակտիւացրեց իր քաղաքականութիւնն Անդրկովկասում։ Նման շրջադարձի պատճառներն այնքան էլ ակնյայտ չէն։ հետխորհրդային տարածքի հարցերով ֆրանսիացի փորձագէտ Ռեջի Ժենտէն ասում է՝ «Փարիզի համար Կովկասը պատմական ազդեցութեան գօտի չէ, եւ նա այնտեղ իրեն անյարմար է զգում, քանի որ այն ամէնը, ինչ տեղի է ունենում այդ տարածաշրջանում, ուղղակիօրէն չի շոշափում նրա շահերը»: Ճիշտ է՝ այնտեղ Ռուսաստանի ազդեցութիւնը չէզոքացնելու գրեթէ յայտարարուած ձգտում կայ։ Միեւնոյն ժամանակ, Փարիզը դարձաւ Երեւանի կղմը՝ բարդացնելով յարաբերութիւնները Բաքուի հետ, որի ազդեցութիւնն ու նշանակութիւնը տարածաշրջանում զգալիօրէն մեծացաւ։ Այս կապակցութեամբ ոմանք կարծում են, որ Մակրոնն աւելի շատ գործում է ուժեղ հայկական սփիւռքի ճնշման ներքոյ, երկրում ապրում է մինչեւ 500 հազար էթնիկ հայ: Միւսները կարծում են, որ Ֆրանսիան, որը կորցնում է ազդեցութիւնը Աֆրիկայի նախկին գաղութներում, իր կովկասեան քաղաքականութեամբ փորձում է իւրօրինակ ռեւանշի հասնել։
Այս ուղղութեամբ Մակրոնն ունի նկատելի յաջողութոյւններ։ Փաշինեանը բոյկոտի նշաններ է ցոյց տալիս Ռուսաստանի մասնակցութեամբ ինտեգրացիոն միաւորումների նկատմամբ։ Նա սկսել է հանդէս գալ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականութեան քննադատութեամբ, ձեռնպահ է մնացել Բիշքեկում ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելուց, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, բայց հոկտեմբերի 17-ին ելոյթ է ունեցել Եւրախորհրդարանում Ֆրանսիայի Ստրասբուրգում, աչքի է ընկել ՀԱՊԿ դաշնակիցների ուղղութեամբ հերթական յարձակումներով։
Ճիշտ է, ամէն ինչ միանշանակ չէ, որ Փարիզը դասաւորւում է Վրաստանի հետ, որտեղ նրա դրածոյ նախագահ Սալոմէ Զուրաբիշուիլին, ով, ի դէպ, նոյնպէս Փարիզ է ժամանել առանց վրացական կառավարութեան համաձայնութեան, գտնւում է իմփիչմենթի սպառնալիքի տակ։ Սակայն Թբիլիսիին «գազար» նետել են հնարաւոր եւրաինտեգրման վրայ, ինչը պոտենցիալ բարդացնում է այդ երկրի ներքաղաքական իրավիճակը։ Այսպէս է Ֆրանսիան գործում․ խորհրդանշական ժեստէրի եւ յայտարարութիւնների մակարդակով։
Ընդ որում, չի կարելի բացառել նաեւ այն, որ Երեւանի առջեւ կը բացուէն «եւրոպական հորիզոններ»՝ նրան մղելով Թբիլիսիի հետ դաշինքի կողմը՝ որպէս անվտանգութեան ապահովման գործոն։ Դատելով ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդագրութիւններից՝ Մակրոնը Փաշինեանի եւ Ղարիբաշուիլիի հետ զրոյցներում շօշափել է տարածաշրջանում իրադարձութիւնների յետագայ զարգացման հէնց այդպիսի սցենարը։ Խոսքը յայտնի աշխարհաքաղաքական սխեմայի մասին է. Վրաստանն ու Հայաստանը, որոնք կիսում են ոչ միայն «ժողովրդավարութիւնը, այլեւ քրիստոնեական մեծ մշակոյթները», պէտք է միասին աշխատեն, առաջ տանեն «ընդհանուր արժէքները» տարածաշրջանում՝ Արեւմուտքի (իմայ՝ Ֆրանսիայի) աջակցութեամբ։ Բացի այդ, Հայաստանը Վրաստանի տարածքով ելք է ստանում դէպի ծով եւ կարող է հեռանալ Ռուսաստանի մասնակցութեամբ մրցակցող ասոցիացիաներից։ Ընդ որում, նշւում է, որ Հայստանն ու Վրաստանը միասին ընդգրկուած են ՆԱՏՕ-ի «Գործընկերութիւն հանուն խաղաղութեան» ծրագրում։ Գործում է հայ-վրացական համատեղ միջկառավարական յանձնաժողովը, որը կոչուած է նպաստելու երկու երկրների միջեւ յետագայ համագործակցութեանը առեւտրի, տնտեսութեան, տրանսպորտային հաղորդակցութեան հետ կապուած հարցերում, պարբերաբար իրականացւում են երկու կողմերի պաշտօնատար անձանց բարձր մակարդակի այցելութիւններ՝ երկկողմ յարաբերութիւնների յետագայ ամրապնդման նպատակով: Ընդ որում, Փաշինեանն անկեղծօրէն խաղում է Մակրոնի հետ, փառաբանում Փարիզի դիրքորոշումը ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը խօսքով ու թղթի վրայ պաշտպանել են Ղարաբաղում «հայութեան իրաւունքները»։ Այս պատերազմի դադարեցման եւ 2020ի նոյեմբերի 9-ին խաղաղութեան համաձայնագրի ստորագրման գործում Ռուսաստանի դերի մասին գրեթէ չի յիշատակւում։
Իրադարձութիւնների նման ընթացքն ակամայից առաջացնում է 1920 — ականների պատմական ասոցիացիաներ։ Այն ժամանակ վրացական ղեկավարութիւնում պառակտում տեղի ունեցաւ խորհրդային (ռուսական) եւ արեւմտեան կողմնորոշման կողմերի միջեւ։ Այժմ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կառուցման հիմքի վրայ Թբիլիսիում պայքար է ընթանում «Վրացական երազանքի» կառավարութեան եւ նախագահ Զուրաբիշուիլիի միջեւ։ Այն ժամանակ բոլշեւիկները Թուրքիայում Մուստաֆայ Քեմալի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմեցին։ Այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սերտ բազմապրոֆիլ փոխգործակցութիւն է տեղի ունենում։ 1920-ի ապրիլին Ադրբեջանը քեմալականների աջակցութեամբ դարձաւ Անդրկովկասում առաջին երկիրը, որտեղ տեղի ունեցաւ խորհրդայնացում։ Այժմ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ եւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ, Ռուսաստանի հետ ունի գրեթէ ռազմավարական մակարդակի յարաբերութիւններ։ Այն ժամանակ Երեւանն ու Թիֆլիսը վարում էին արեւմտամէտ կողմնորոշման արտաքին քաղաքականութիւն։ Եւ այսօր Վրաստանի եւ Հայաստանի դիրքորոշումներն այդ ուղղութեամբ մերձենում են։ 1920ին Ֆրանսիան անգլիացիների հեռանալուց յետոյ «կովկասեան հարցի» լուծման տարբերակներ էր փնտրում տրոյական ձիու դերում, ինչը տեղի է ունենում նաեւ այսօր, եթէ ունենանք Հայաստանում Եւրամիութեան այսպէս կոչուած քաղաքացիական առաքելութեան ի յայտ գալը։ Այժմ ընթանում են Փաշինեանի հանդիպումները Ալիեւի հետ՝ Եւրամիութեան միջնորդութեամբ։ 1919-1920-ական թուականներին նման քննարկումներ են տեղի ունեցել Վերսալի խաղաղութեան համաժողովի հարթակում։ Այն ժամանակ, ինչպէս եւ հիմա, սուր է դրուած երկու երկրների միջեւ սահմանների խնդիրը, ինչի հետ է կապուած տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատման խնդիրը։ Այն ժամանակ քննարկւում էր Անդրկովկասեան հանրապետութիւնների միութեան ստեղծման եւ «բոլշեւիզմին դիմադրութեան ընդհանուր ճակատի» հարցը։ Այսօր տեսանելի են Ռուսաստանին հակազդելու Երեւան — Թբիլիսի դաշինքի ուրուագծերը։
Այն ժամանակ Օսմանեան կայսրութեան ռազմական եւ քաղաքական էլիտաները տարբեր կերպ էին նայում Ադրբեջանի տեղն ու դերն իրենց արտաքին քաղաքական առաջնահերթութիւններում։ Ոմանք (երիտթուրքերը) նրան նայում էին որպէս մի պետութեան, որի տարածքը, ռեսուրսներն ու քաղաքականութիւնը թոյլ կը տային նրանց դուրս գալ դէպի Բաքուի նաւթ եւ Կասպից ծով, ընդլայնել Ստամբուլի ազդեցութիւնը մինչեւ Հիւսիսային Կովկաս եւ Կենտրոնական Ասիայ։ Միւսները՝ քեմալականներն ու թուրք կոմունիստները, կարծում էին, որ Ադրբեջանը պէտք է յուսալիօրէն կապի նրանց Խորհրդային Ռուսաստանի հետ, դաշնակից, որից նրանք ակնկալում էին ռազմական, քաղաքական եւ ֆինանսական օգնութիւն՝ արտաքին միջամտութիւնը հետ մղելու համար: Թուրքիայի քաղաքականութեան մէջ նոյնպիսի միտումներ կան նաեւ հիմա։ Այն ժամանակ հէնց Ադրբեջանի վրայ յենուելով՝ Խորհրդային Ռուսաստանը յոյս ունէր Մերձաւոր Արեւելքում ռազմավարական խնդիրների լուծման վրայ։ Նման միտում է նկատւում այսօր. այն ժամանակ «խաղի» գլխաւոր մասնակիցներն էին, ըստ մի բաքուեցի պատմաբանի, «նպատակասլաց բոլշեւիկեան Ռուսաստանը, պրագմատիկ Թուրքիան, ինքնալուծարուած ԱՄՆ-ը, պասիւ Եւրոպան եւ ակտիւ Ֆրանսիան»։ Նրա խօսքով՝ «այսօրուայ հետ զուգահեռներն ինքնաբերաբար են յուշւում»։ Թէ ինչով աւարտուեց այս ամենն Անդրկովկասի համար, յայտնի է։
Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան