33 տարի առաջ այս օրը ընդունուեց որոշում, որը դարձաւ Արցախի անկախութեան ձեռքբերման հիմքը։ Այս մասին «Եռաբլուր» զինուորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում սեպտեմբերի 2-ին ասել է Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը։
«Ցաւօք, այսօր Արցախը կորցրել ենք։ Այս օրը մենք նշում էինք որպէս տօն, բայց այսօր սա վշտի օր է։
Մենք մեծ յոյսէր ենք փայփայում, որ մէզ կը յաջողուի վերադարձնել մեր հայրենիքը։ Հարցը, թէ ինչ կարգավիճակով եւ ինչպէս վերադարձնել Արցախը, մշտապէս մեր օրակարգում է։ Այս հարցի լուծման համար Արցախի խորհրդարանը ստեղծել է կոմիտէ, որը ղեկավարում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վարդան Օսկանեանը։ Մենք պարբերաբար հանդիպում եւ քննարկում ենք հնարաւոր վերադարձի հարցերը։ Տարբերակները եւ առաջարկները տարբեր են։ Արցախցիները շատ են ցանկանում վերադառնալ Արցախ եւ ապրել իրենց հայրենիքում, հայկական Արցախում։
Մենք պէտք է պատրաստ լինենք։ Մեր վերադարձը հնարաւոր կը լինի միջազգային երաշխիքների դէպքում, արժանաւոր, արդարացի պայմաններով, եւ որ գլխաւորն է՝ մենք պէտք է մէզ անվտանգութեան մէջ զգանք։ Եթէ այս չափորոշիչներն ապահւուէն, մենք պատրաստ ենք բանակցութիւններ վարել այս հարցի արագ լուծման համար»,- նշել է Շահրամանեանը։ Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինեանի հետ չի հանդիպել։ Շահրամանեանը հաւաստիացրել է, որ չի փորձել հանդիպել նրա հետ։ «Դա պէտք է բնական երեւոյթ լինի, որպէսզի այդ հանդիպումը կայանայ։ Բայց մենք մինչ այժմ չենք հանդիպել։ Ես չգիտեմ, թէ հարցերի ինչ փաթեթ է քննարկել Հայաստանի կառավարութիւնը։ Մենք ոչ մի առաջարկ Հայաստանի կառավարութեանը չենք ներկայացրել»,- աւելացրել է նա։
Սամուել Շահրամանեանն անդրադարձաւ Նիկոլ Փաշինեանի այն մեղադրանքներին, թէ Արցախի նախագահն է ստորագրել Արցախը լուծարելու որոշումը, ոչ թէ ինքը:
«Տեղահանուելով ՀՀ՝ որդեգրել ենք մի քաղաքականութիւն, եւ ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտօնեաներին, որ մէզ համար առաջնահերթութիւն է ՀՀ անվտանգութիւնը: Սա եւս մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացւում են ՀՀ իշխանութիւնների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին: Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացւում է այդ հարցը՝ կապուած Արցախի լուծարման հետ: Առաջինը, դա սուտ թեզ է, եւ այդ փաստաթուղթը, որը մենք ստիպուած ենք եղել ստորագրել, արուել է ապահովելու անվտանգ տեղափոխումը խաղաղ բնակչութեան ՀՀ: Նաեւ ԶՈւ-ն է տեղափոխուել՝ նախարարից մինչեւ զինուոր, ուժային կառոյցների պաշտօնայներ: Ցաւօք, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ՝ ի դէմս մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան: Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրութեանը, որ հէնց սկզբից մենք տեղեակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է: Այդ փաստաթուղթը չի ստացել իրաւական ուժ: Այն պաշտօնապէս չի հրապարակուել: Չի տեղադրուել իրաւական համակարգում, որից յետոյ այդ փաստաթուղթը կարելի է համարել նորմատիւ ակտ: Արդէն տեղափոխուելով ՀՀ եւ տեսնելով մեր բնակչութեան կարծիքը` բոլորը չէն ցանկացել ինտեգրուել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի լծի տակ եւ կայացրել են իրենց հայրենիքը թողնելու որոշում: Մենք այդ փաստաթղթի վերաբերեալ կայացրել ենք որոշում, եւ ես գրաւոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին ՀՀ կառավարութեանը՝ ի դէմս վարչապետի, իր կից փաստաթղթերով: Այսօր խօսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին անիմաստ է եւ չի համապատասխանում իրականութեանը»,-ասաց Արցախի նախագահը:
Հարցին՝ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելն ինչպե՞ս է պատկերացնում, երբ ՀՀ իշխանութիւնները հրաժարւում են, նա պատասխանեց. «Արցախի ժողովրդի անունից առնուազն վերջին տասնամեակներում բանակցել են ՀՀ իշխանութիւնները, եւ համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը եւս ՀՀ իշխանութիւնների խնդիրն է: Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառոյցների հետ: Ինչ վերաբերում է, թէ ինչպէս դա կարող է յայտնուել օրակարգում, միակ տարբերակը տեսնում եմ՝ ՀՀ միջոցով: ՀՀ իշխանութիւններն ամէն ինչ պէտք է անէն արցախցիների իրաւունքները պաշտպանելու, այդ թւում՝ միջազգային հարթակներում»:
Նա նկատեց՝ Հայաստանի իշխանութիւններն են հրաժարուել Արցախից, բայց ՀՀ բնակչութեան մեծ մասի կարծիքն, ըստ նրա, այդպէս չէ. «Մեր խորը համոզմամբ` Արցախի հարցի արդարացի լուծումը միայն հզօր Հայաստանի միջոցով է հնարաւոր»:
Սամուել Շահրամանեանը ծաղիկներ է խոնարհում Սպարապետի, Արցախի համար նահատակուած հերոսների շիրիմների առաջ
Մանրամասները՝ տեսանիւթում