Սամուել Շահրամանեանի եւ նրա շրջապատի նկատմամբ իշխանական արշաւ է սկսուել

Սամուել Շահրամանեանի եւ նրա շրջապատի նկատմամբ իշխանական արշաւ է սկսուել

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանի եւ նրա շրջապատի նկատմամբ սկսուած իշխանական արշաւն իր արմատներն ունի:

«Ժողւուրդ» օրաթերթը իր լաւատեղեակ աղբիւրներից պարզեց, որ 2023 թուականի աշխատանքային վերջին օրերին Սամուել Շահրամանեանը Նիկոլ Փաշինեանին է ուղարկել Արցախի Հանրապետութեան լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով յայտարարելով, որ Արցախի Հանրապետութիւնը դէ իւրէ գոյութիւն ունի: Լուրի հաւաստիութիւնը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինեանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:

Բնականաբար, Սամուել Շահրամանեանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինեանին եւ նրա արցախատեաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ յանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետութեան 29.800 քառակուսի կիլօմետր տարածքը, սակայն դա էլ չի յաջողւում: Աւելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գիւղեր, անկլաւային այլ տարածքներ, ինչպէս նաեւ 2021թ.-ից օկուպացուած է պահում Սիւնիքի ու Գեղարքունիքի հատուածներից Հայաստանի մօտ 127 քառակուսի կիլօմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:

Ապագայում սպասուելիք դժուարութիւնները, յարձակումներն ու ագրեսիաները որեւէ կողմի վրայ բարդելու համար (որեւէ կերպ չի դիտարկւում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինեանը նոր մեղաւորներ է փնտրում եւ, ահա, գտել է. Արցախի ղեկավարութիւնն է Հայաստանում: Հրահանգուած է Արցախի նախագահի շուրջ հնարաւորինս սեղմել օղակը, եւ առաջիկայում տարբեր թիրախաւորումների ականատես կը լինենք»։

Արցախցիների դէմ ՀՀ իշխանութիւնների հակակրանքի սրացումների պատճառներից մէկն էլ այն է, որ նրանք չէն ենթարկուել վերեւից իջած հրահանգներին: Մեր աղբիւրը յայտնում է, որ Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանին յստակ ասուել է` ոչ մի քայլ չանել, որը կարող է յարուցել Իլհամ Ալիեւի զայրոյթը․ փետրուարի 21-ին՝ Արցախեան շարժման 36-ամեակին, Եռաբլուր չայցելել, ուղերձներ չտարածել: Ամէն ինչ անել, որ փետրուարի 21-ը լուռ անցնի, ինչպէս արեցին ՀՀ պետական այրերը։ ՀՀ իշխանութիւնները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի մակարդակով բառ չասացին այդ օրը, ուղերձներ չտարածեցին, յարգանքի տուրք չմատուցեցին։ Մինչդեռ Շահրամանեանը, անտեսելով զգուշացումները, այցելեց Եռաբլուր, նրա հետ էին ԱԺ նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասեանը, արցախցի այլ գործիչներ, որոնք նաեւ հարցազրոյցներ տուեցին։

Ապա, մեր տեղեկութիւններով, Արցախի տեղեկատուական շտաբում նաեւ հաւաք է անցկացուել՝ արցախեան շարժման հիմնադիրների մասնակցութեամբ, եւ կոշտ քննադատութիւններ են հնչել իշխանութիւնների հասցէին։ Շահրամանեանի թիկնապահի հետ կապուած միջադէպը (լրագրողին ուղղուած հայհոյանքը) ուղղակի «նուէր» էր իշխանութիւններին, որը նրանք լիուլի օգտագործեցին հակաարցախեան ալիք բարձրացնելու համար: Եւ դրա ֆոնին նաեւ հնարաւոր դարձաւ Շահրամանեանին Հակակոռուպցիոն կոմիտէ կանչելը եւ հանրութեանը ներկայացնելը, թէ արցախցիները «նարկոման են ու յանցագործ», հայհոեօղ թիկնապահներով են շրջում: Նախագահի թիկնապահը, որը նաեւ սամբոյի աշխարհի երկակի չեմպիոն է, 2 օր ձերբակալուած էր՝ երէկ ազատ արձակուեց, խուզարկութեամբ ո՛չ նրա աւտօմեքենայում, ո՛չ տանը չթոյլատրուող իրեր չէն յայտնաբերուել։

Share