Գերիների, պատանդների եւ անյայտ կորած (գտնուելու վայրն անյայտ) անձանց հարցերով զբաղուող միջգերատեսչական յանձնաժողովի յայտարարութիւն է տարածէլ: Այս մասին յայտնում են ԱԱԾ-ից։
Յայտարարութեան մէջ ասւում է.
«Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետութեան տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառութեան մէջ դրուող թեզի, թէ Հայաստանի Հանրապետութիւնը հրաժարւում է տեղեկութիւններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութիւնը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետութեանն է փոխանցել 44-օրեայ պատերազմում զոհուած 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպէս նաեւ 90-ականներին զոհուած շուրջ 50 անձանց մարմինների գտնուելու հնարաւոր վայրերի մասին տեղագրական նիւթեր, որոնք ստացուել են ԼՂ ներկայացուցիչներից:
Բացի այս, Ադրբեջանի Հանրապետութեանն են փոխանցուել 90-ականների զոհուած 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացուել են ԼՂ ներկայացուցիչներից:
Հարկ ենք համարում յիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ եւ ԼՂ հայեր համարւում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թուականի 44-օրեայ պատերազմում եւ դրանից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը լրջօրէն հետաքրքրուած է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:
Հայաստանի Հանրապետութիւնը բազմիցս, այդ թւում բարձր եւ բարձրագոյն մակարդակով յայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարուող անձանց ճակատագիրը պարզելու ուղղութեամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետութեան հետ:
Գերիների, պատանդների եւ անհետ կորած (գտնուելու վայրն անյայտ) անձանց հարցերով զբաղուող ՀՀ միջգերատեսչական յանձնաժողովն ի կատարումն 2023 թուականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի վարչակազմի համատեղ յայտարարութեան մէջ արձանագրուած պայմանաւորուածութեան՝ վստահութեան կառուցման աւելի շատ միջոցառումների իրականացման վերաբերեալ, Ադրբեջանի համապատասխան կառոյցին առաջարկում է ակտիւացնել համագործակցութիւնը: