ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրութեամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած 84 հազար 770 անձ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դէմ լայնածաւալ յարձակում էր սկսել՝ թիրախաւորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցուածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհուել եւ վիրաւորուել էին նաեւ քաղաքացիական անձինք:
Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրակազմի հրամանատարութեան առաջարկութիւնը՝ կրակի դադարեցման վերաբերեալ:
Սեպտեմբերի 21-ին Եւլախում կայացաւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին յայտարարուեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցութեամբ Հայաստան կ’իրականացուի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողութիւնների հետեւանքով մնացել են անօթեւան եւ հանրապետութիւնից դուրս գալու ցանկութիւն են յայտնել:
Սեպտեմբերի 25-ին Իւանեանում (Խոջալու) տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: