Այսօր Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենայ Ռուբինեան-Քըլըչ 5-րդ հանդիպումը

Այսօր Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենայ Ռուբինեան-Քըլըչ 5-րդ հանդիպումը

Այսօր (երեքշաբթի) Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենայ յատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնն՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Հայ-թուրքական կարգաւորման հարցով յատուկ բանագնացները մինչ օրս պաշտօնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանաւորուել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկէտներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկայ:

Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինեանն Արմաւիրի մարզ կատարած այցի շրջանակներում նաեւ Մարգարայի անցակէտ էր այցելել, որը հայկական կողմը վերանորոգել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ակնկալիքով։ Ծրագիրն, ըստ վարչապետի, 1 մլրդ դրամ է արժեցել։

Անցակէտի կապիտալ նորոգումը տեւել է մօտ 6 ամիս, աւարտուել է 2023-ի նոյեմբերին։

Այս տարուայ յունիսին Ռուբէն Ռուբինեանը յայտարարեց, որ Երեւանը «չի տեսել» Անկարայի քայլերը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու ուղղութեամբ։

«Անցակէտը պատրաստ է գործունէութեան համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանաւորուածութան իրագորման ուղղութեամբ», – ասել էր ԱԺ փոխնախագահը։

Հայ-թուրքական այդ սահմանը փակ է 1993 թուականից: Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ աւտօճանապարհը մի քանի ժամով բացուեց միայն 2023-ի փետրուարին, երբ հայկական բեռնատարները օգնութիւն էին տանում երկրաշարժից տուժած աղէտի գօտի:

Այս տարուայ մարտին, Անթալիայի դիւանագիտական ֆորումի շրջանակում, Թուրքիայի յատուկ բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկել էր յաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում: Հայաստանի յատուկ բանագնաց Ռուբէն Ռուբինեանը խոստացել էր քննարկել՝ միեւնոյն ժամանակ կարեւորելով արդէն իսկ ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացումը:

Յուլիսի 1-ին լրատուամիջոցները գրել էին, թէ յուլիսի 2-ին նախատեսւում է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Ռուբինեանն «Ազատութեան»-ը փոխանցել էր, որ տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը: Հայաստանի արտգործնախարարութիւնն էլ ասել էր, որ «յատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկէտի վերաբերեալ պայմանաւորուածութիւն ձեռք բերելուց յետոյ հանրութիւնը պատշաճ ժամկէտում կիրազեկուի»։

azatutyun.am

Share