Պատմաբան Տարօն Յակոբեանն իր Facebook-ի էջի վրայ գրել է.
«Պատմութեան այս օրը.
Ոչինչ չի մոռացուել, ոչ ոք չի մոռացուել․
35 տարի առաջ այս օրերին ԽՍՀՄ ղեկավարութեան «կանխամտածուած լռութեան» պայմաններում Բաքւում սկսուեցին իրագործուել հայերի էթնիկ զտումներ, որոնք դարձան ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչութեան ոչնչացման եւ բռնի տեղահանման քաղաքականութեան գագաթնակէտը։ Մէկ շաբաթ տեւած ցեղասպանական գործողութիւնների հետեւանքով հայ բնակչութեան շրջանում եղան հարիւրաւոր սպանուածներ եւ անհետ կորածներ:
Սումգայիթով, Շուշիով եւ Գանձակով սկսուեց, Բաքուի Շահումեանի ենթաշրջանի իրադարձութիւններով աւարտին հասցուեց նախկին ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքի հայաթափման գործընթացը, որի հետեւանքով շուրջ կէս միլիոն էթնիկ հայ դարձան փախստական:
Իսկ արդէն 21-րդ դարում, լիակատար միջազգային հանրութեան կողմից անպատժելիութեան, ինչպէս նաեւ ռուս-թուրք-ադրբեջանական մերձեցման ֆոնին Ադրբեջանը շարունակեց ուժի կիրառման քաղաքականութիւնը, որի հետեւանքով ցեղասպանութեան ենթարկուեց Արցախում բնիկ ապրող հայութիւնը:
Յ. Գ. Հայերը Բաքւում ենթարկուել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի Սեպտեմբերին եւ 1990 թուականի այս օրերին»: