24-ժամեայ նստացոյց դէսպանատների դիմաց

24-ժամեայ նստացոյց դէսպանատների դիմաց

Այսօր, առաւօտեան Ժամը 08։30-ից ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիայի Հանրապետութեան դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչութեան դիմաց մեկնարկել է ՀՅԴ Հայասատանի ԳՄ նախաձեռնած «SOS Artsakh» խորագիրը կրող 24-ժամեայ նստացոյցը։

Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետութեան դրօշները, ինչպէս նաեւ «Բացեք կեանքի ճանապարհը»,«Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաեւ Հայաստանը», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տուէք ապօրինի շրջափակմանը» եւ նմանատիպ այլ գրութիւններով պաստառներ:

«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ գրասենեակի դիմաց նստացոյցի նպատակը մէկն է. մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնւում է հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտման, ցեղասպանութեան առջեւ»,-ԵՄ գրասենեակի դիմաց լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

Նա ընդգծեց՝ ստեղծուած իրավիճակում միջազգային հանրութիւնն ընդամէնը բաւարարւում է յայտարարութիւններ անելով, երբեմն բանաձեւեր ընդունելով։

«Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակուած։ Մեր նպատակն է բողոքի ձայնը բարձրացնել, պահանջներ ներկայացնել»,-ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց՝ կարեւորում են ռուս խաղաղապահների դերն ու առաքելութիւնն Արցախում։

«Պետք է քննարկուի նաեւ նրանց առաքելութեան երկարացման հարցը։ Բայց այսքանով հանդերձ, մենք ունենք յստակ պահանջներ, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելութիւնն է նաեւ ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք երկրներից մենք ունենք ակնկալիքներ»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինեանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չէն եւ չէն արտայայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրաւունք հայ ժողովրդի անունից նման դաւաճանական յայտարարութիւններ անել. Այսօր տարբեր դեսպանութիւնների մօտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայութիւնն է, ինչպէս նաեւ միջազգային հանրութեանը իրական գործողութիւնների մղելուն. Ռուսաստանի դեսպանատան մօտ նստացոյցի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Տվեալ դէպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտաւորութիւններ, որի խաղաղապահ առաքելութեան ներկայութիւնն այսօր, ցաւօք սրտի, միակ անվտանգային երաշխաւորն է եւ առաջիկայ տարիներին էլ ՌԴ զօրքերի ներկայութիւնը Արցախում կենսական անհրաժեշտութիւն է ցեղասպանութեան վտանգի դիմագրաւման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողութիւններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն աւելի կտրուկ գործողութիւնների պէտք է դիմի այսօրուայ խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղէտը կանխելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւնների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղութեան պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակուած մնալ»: Նա վստահութիւն յայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպուածութեամբ թոյլ չի տա նման պայմանագրի վաւերացում:

Գեղամ Մանուկեանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կը հասնի Մոսկուայ:

Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանի՝ Արցախը 6 ամսից աւելի գտնւում է տոտալ շրջափակման մէջ եւ 120 հազար հայ մարդ այսօր գտնւում է էթնիկ զտման, ցեղասպանութեան եզրին:

«Ցաւօք, միջազգային հանրութիւնն իր լուռ կեցուածքով նպաստում է, որ Ադրբեջանի յանցաւոր ռեժիմը իրականացնի իեւր մեկնարկած ցեղասպան քաղաքականութիւնը: Այսօր գործելու ճիշտ ժամանակն է, մենք ուշացնում ենք եւ ամէն օրը, ամէն ժամը արժանանալու է մարդկային կեանքեր: Միջազգային հանրութիւնը պարտաւոր է նաեւ կեանքի կոչել միջազգային դատարանի վճիռը. 6 ամսուայ ընթացքում միջազգային հանրութիւնը արդարադատութեան միջազգային դատարանի վճիռը չի կարողանում պարտադրել, կեանքի կոչել»-ասաց նա:

Նշէնք, որ նստացոյցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առաւօտեան ժամը 08։30-ից եւ կաւարտուի յունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց։

Share