2024-ին ինչ-որ տեղ վտանգաւոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դէ Վաալ

2024-ին ինչ-որ տեղ վտանգաւոր պահ է Հայաստանի համար․ Թոմ դէ Վաալ

2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիւ մարտահրաւէրներ: Այս մասին «Ազատութեանը» տուած հարցազրոյցում նշել է ղարաբաղեան հակամարտութեան մասնագէտ, Քարնեգի հիմնադրամի աւագ փորձագէտ Թոմ դը Վաալը։

«Անկասկած, սա շատ վճռորոշ, կարեւոր, ինչ-որ տեղ վտանգաւոր պահ է Հայաստանի համար 2024 թուականին: Երկիրը կանգնած է թերեւս ամենադժուար ընտրութիւնների առջեւ՝ համեմատելի 1980-ականների վերջին կամ նոյնիսկ 1920-ականների իրավիճակի հետ: Խոսքն, իհարկէ, Ղարաբաղի կորստի եւ այնտեղից հայ բնակչութեան փախուստի մասին է։ Սա լուրջ պահ է Հայաստանի համար, որը ոմանք համեմատում են 1920 թուականի կամ նոյնիսկ 1915 թուականի Ցեղասպանութեան հետ։ Սա նաեւ կը լինի այն տարին, երբ Հայաստանը առերեսուելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլեւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Այսպիսով, 2024 թուականին Հայաստանին անկասկած սպասում են բազմաթիւ մարտահրաւէրներ»,- նշել է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հայերի համար Ռուսաստանը ոչ միայն լքել է նրանց, այլեւ դաւաճանել շատ դրամատիկ ձեւով, Թոմաս դէ Վաալը նշել է. «Սկսենք նրանից, որ, իհարկէ, Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունեցել է բազմաթիւ շահեր։ Թեեւ գուցէ միշտ էլ աւելի ամուր յարաբերութիւններ է ունեցել Հայաստանի հետ, նա երբեք էլ չի հրաժարուել Ադրբեջանի հետ յարաբերութիւններից։ Եթէ նայենք ղարաբաղեան հակամարտութեան նորագոյն պատմութեանը, ապա կը տեսնենք, որ եղել են պահեր, երբ Մոսկուան աւելի մօտ էր Բաքուին, օրինակ՝ 1990-1991 թուականներին։

Ռուսաստանի համար իր շահերն են առաջնահերթ, եւ հայերի քրիստոնեայ լինելու փաստը, այնտեղ աւանդական պատմական յարաբերութիւնների առկայութիւնն այնքան էլ կարեւոր չէն: Բայց, վստահաբար, Մոսկուան շարունակում է մնալ Հայաստանի անվտանգութեան հիմնական ապահովողը։ Կայ ռազմական դաշինք, կան պարտաւորութիւններ, որոնք Մոսկուան ստանձնել է Հայաստանի հանդէպ։

Ի՞նչ փոխուեց։ Ակնյայտօրէն, վիճակը սկսեց փոխուել 2018 թուականի Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ, երբ Հայաստանում իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանը, ով Մոսկուայի տեսանկիւնից շատ աւելի անկանխատեսելի, անվստահելի գործընկեր էր, մինչդեռ Իլհամ Ալիեւն Ադրբեջանում շարունակում էր մնալ շատ աւելի կանխատեսելի եւ վստահելի գործընկեր։ Դա փոփոխութիւններից մէկն էր:

Այնուհետեւ մենք տեսանք 2020 թուականի պատերազմը, երբ Մոսկուան միջամտեց միայն վերջին պահին։ Մինչ ղարաբաղցիները ողջունեցին Մոսկուայի միջամտութիւնը, կարծում եմ, որ հայերն արդէն գիտակցել են այդ փոփոխութիւնը։

Կարծում եմ՝ վճռորոշ պահը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինայ 2022 թուականի փետրուարին, որից յետոյ Ռուսաստանի առաջնահերթութիւնները փոխուեցին ու ամէն ինչ սկսեց պտտուել Ուկրաինայի հետ պատերազմի, Արեւմուտքի հետ պատերազմի շուրջ: Կովկասը երկրորդական է դարձել, ամէն ինչ այժմ երկրորդական է այդ պատերազմական ջանքերի համեմատ։

Եթէ նայեք, թէ ինչ ունենք տեղում, ապա կը տեսնենք, որ մի կողմից կայ Հայաստան, որն ունի ժողովրդավարական իշխանութիւն, որի մտադրութիւնները կարծես թէ աւելի եւրոպամէտ են, եւ կայ [Ռուսաստանի տեսանկիւնից] շատ աւելի վստահելի գործընկեր ի դէմս Ադրբեջանի։ Կարծում եմ՝ եթէ կարդաք, թէ ինչ են ասում ռուս պաշտօնեաները պատերազմի սկսելուց ի վեր, դա այն է, որ նրանք պէտք է վերակողմնորոշեն Ռուսաստանի ողջ տնտեսութիւնը Արեւմուտքից դէպի Հարաւ եւ Արեւելք, իսկ Հարաւը նշանակում է Վրաստան, բայց դա նաեւ նշանակում է յատկապէս Ադրբեջան՝ երկաթուղային երթուղին դէպի Ադրբեջան, Կասպից ծով։

Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դէպի հարաւ՝ դէպի Իրան, դէպի Մերձաւոր Արեւելք։ Եւ այդ դէպքում Հայաստանը դառնում է պակաս կարեւոր։ Եւ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականօրէն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չէն արձագանքել։ Ակնյայտօրէն նրանք նախապէս տեղեկացուած էին, որ Ադրբեջանը պատրաստւում է գրաւել Ղարաբաղը»:

Share