Քաղաքագէտ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանն այն կարծիքին է, որ Արեւմուտքը լաւ առիթ է գտել Ռուսաստանին Հարաւային Կովկասից հեռացնելու համար, եւ Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դէմ օգտագործուող լծակ:
«Յատկապէս Նիկոլ Փաշինեանի եւ նրա շրջապատի դիրքորոշումները նկատի առնելով՝ բանակցային հարթակն արդէն տեւական ժամանակ է՝ Մոսկուայից տեղափոխուել է Արեւմուտք, իրենք փորձում են այդ հնարաւորութիւնն օգտագործելով՝ ամէն կերպ դա անել իրենց անունով: Բայց պարզ է, որ Արցախի ժողովուրդը պատրաստ չէ ընդունել Ադրբեջանի գերիշխանութիւնը, մտնել նրա սահմանների մէջ, եւ հիմա Արեւմուտքը սպառնալիքներ հնչեցնելով, շանտաժի ենթարկելով արցախցիներին՝ փորձում է դա պարտադրել»,- 168TV-ի «Ռեւյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՌԻԱ Նովոստիի վաշինգտոնեան դիւանագիտական աղբիւրը յայտնել էր, որ Միացեալ Նահանգները վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցութեամբ: Հրաժարուելու դէպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողութեամբ»: ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ Ջոյ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղուած սպառնալիքների մասին հաղորդագրութիւնները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկուատութեան վերաբերեալ: ՌԴ ԱԳՆ-ն աւելացրել էր, որ ռուսական կողմին անհանգստացնում են տուեալներն այն մասին, որ Վաշինգտօնը փորձում է միջնորդական ծառայութիւններ պարտադրել Բաքու– Ստեփանակերտ երկխօսութիւնում, այդ թւում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով:
Ռոբերտ Մարգարեանի խօսքով՝ նման սպառնալիքներով փորձում են Արցախի ժողովրդին կոտրել, որն առանց այդ էլ ծանր վիճակում է այս շրջափակման պատճառով. «Զուգահեռ աշխատանք է տարւում, որ կարողանան հասնել իրենց վերջնանպատակին, այսինքն՝ Արցախի ժողովուրդն ինքը որոշի մտնել Ադրբեջանի կազմ, որը կը լինի ամենահեշտ տարբերակը Նիկոլ Փաշինեանի համար՝ այս հարցը լուծելու առումով, նաեւ Արեւմուտքի համար՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու առումով»:
Քաղաքագէտը շեշտեց՝ Ադրբեջանը ձգտում է ձերբազատուել ռուս խաղաղապահներից. «Մի քանի անգամ ասել եմ, որ ճիշտ է՝ խաղաղապահներին ինչ-որ տեղ կարելի է քննադատել, բայց այնպէս չէ, որ իրենց ներկայութիւնն այնտեղ անօգուտ է: Վերջին հաշուով, միայն այդ Բերձորի միջանցքը չէ, Արցախի տարբեր տարածքներում նրանք ժողովրդի անվտանգութիւնը երաշխաւորում են: Ռուս խաղաղապահները վերջին արտաքին ուժերն են, որ կարող են Արցախի տարածքում ներկայ լինել: Եթէ ռուս խաղաղապահները դուրս գան, այլեւս ոչ մի ուժ մուտք չի գործելու Արցախ՝ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը երաշխաւորելու համար: Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Արեւմուտքը դրան են ձգտում, որ խաղաղապահները դուրս գան: Եթէ նրանց յաջողուի ռուսական գործոնը չէզոքացնել, նրանց համար շատ հեշտ կը լինի ամբողջ Արցախին տիրանալ»:
Նիկոլ Փաշինեանը որքան փորձում է նախկին իշխանութիւններին մեղադրել՝ Արցախից հրաժարուելու մէջ, ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Բորելն է ընդգծել, որ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը՝ որպէս Ադրբեջանի մաս:
Ռոբերտ Մարգարեանի դիտարկմամբ՝ Ժոզեպ Բորելը վերջակէտ դրեց Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւններին, թէ նախկին իշխանութիւններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ ոչ ինքը. «Բորելը շատ յստակ ասաց, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը՝ որպէս Ադրբեջանի մաս: Բորելը շատ յստակ Նիկոլին ստախօս յայտարարեց: Ես գրել էի, որ դա կարելի է Արեւմուտքի կողմից շանտաժ կամ զգուշացում համարել Նիկոլին, որ պատրաստ են նաեւ բացայայտումներ կատարել: Նրանք փորձում են հնարաւորինս շուտ հասնել այդ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը»:
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանի կալանաւորմանը՝ Ռոբերտ Մարգարեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանի կողմից նման քայլերն անսպասելի չէն. «Շատ պարզ է, որ Արմէն Աշոտեանն ինչ-որ ձեւով խանգարում էր այս իշխանութիւններին՝ իր յայտարարութիւններով եւ միջազգային կապերով: Վստահ եմ, որ նրանք վախ էին զգում միջազգային առումով Հայաստանի խնդիրները ներկայացնելու կապակցութեամբ: Աշոտեանին չէզոքացնելու պրոցես է այս պահին գնում: Իմ համոզմամբ՝ նա քաղաքական կալանաւոր է, եւ այս ամբողջ գործընթացը Նիկոլի կողմից ծրագրաւորուած՝ իրականացւում է նոյն շրջագծում՝ նախ՝ժողովրդին շեղելու տարբեր հարցերից, որովհետեւ հիմա ընդդիմութիւնը պարտաւոր է պաշտպանել Արմէն Աշոտեանին, ու շատ պարզ է, որ նաեւ լռեցնում է ձայն, որը միջազգային առումով կարող էր ձայն բարձրացնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանիւթում