Ռուսաստանի Դաշնութիւնը մտահոգութիւն է յայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան, երկու ուղղութիւններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժէք գործունէութեան վերականգնման գործում առաջընթացի բացակայութեան կապակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտարարութիւն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան, որը հրապարակուել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտօնական կայքէջում։
«Ռուսական կողմը, մասնաւորապէս, ՌԴ խաղաղապահ զօրախմբի ղեկավարութիւնը, շարունակում է հետեւողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգաւորման ուղղութեամբ:
Ընդգծում ենք, որ հէնց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգութեան ապահովման գործում, ինչը նշուել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից 2022 թուականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողւում։ Մեր խաղաղապահների դէմ ցանկացած հրապարակային յարձակում եւ սադրանք դիտարկում ենք որպէս անընդունելի եւ կանխամտածուած գործողութիւններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգաւորման գործընթացին»,- նշել է Զախարովան։
Ռուսաստանը կոչ է անում Բաքուին եւ Երեւանին խստօրէն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան բոլոր դրոյթները:
«Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պէտք է օգտագործուի միայն սոյն փաստաթղթում նշուած նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնութեան կը գան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։
Մենք կողմ ենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղուած բարձր մակարդակի եռակողմ պայմանաւորուածութիւնների ամբողջ համալիրի համակողմանի իրականացմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախապատրաստմանը եւ երկու երկրների հասարակական գործիչների, փորձագէտների եւ խորհրդարանականների միջեւ շփումների հաստատմանը»,- եզրափակել է Զախարովան։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։